Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 16,2000 00:00

«ԱրմենՏելը» գրոհում է Հրանտ Բագրատյանից սկսած բոլոր վարչապետներն անդրադարձել են կառավարական հեռախոսակապի գոյությանն ու դրա օգտագործման նպատակահարմարությանը եւ նշել, որ միջգերատեսչական հեռախոսակապն, ըստ էության, չի ծառայում իր նպատակին, դրա գոյությունն արդարացված չէ։ Եւ ահա վերջերս կառավարությունը որոշում կայացրեց, որով, բյուջեում միջոցներ չլինելու պատճառաբանությամբ, կառավարական հեռախոսակապից օգտվելն աննպատակահարմար համարվեց եւ գերատեսչություններին պարզապես առաջարկվեց հրաժարվել կապի այդ տեսակից։ Որոշումն ուժի մեջ պետք է մտներ 2001 թ. հունվարի 1-ից։ Որոշման շարժառիթը «ԱրմենՏելի» սահմանած բարձր սակագներն են ու արմատական քաղաքականությունը. գոյացած պարտքերը կմարվեն՝ կապ կլինի: Արդեն մի քանի օր է, ինչ միջգերատեսչական հեռախոսակապի ծառայություններ մատուցող «Էլինետ» ընկերությունը (որտեղ, ըստ լուրերի, «փայ ունի» իր նախարարական կարիերան ավարտող Էդուարդ Մադաթյանը), առանց որեւէ զգուշացման անջատել է բոլոր կառավարական հեռախոսները: Բայց «Էլինետն» էլ իր հերթին պարտավորություններ ունի «ԱրմենՏելի» հանդեպ։ Վերջինս էլ որոշել է, որ եկել է քարերը հավաքելու ժամանակն ու անջատել է անպարտաճանաչ աբոնենտների ոչ միայն կառավարական, այլեւ քաղաքային հեռախոսները։ «ԱրմենՏելից» ստացված տեղեկության համաձայն, քաղաքային եւ կառավարական հեռախոսակապից օգտվող բաժանորդները այս ընկերությանը պարտք են շուրջ 2.5 մլրդ դրամ։ Քաղաքային եւ կառավարական հեռախոսակապից մոտ 80 տոկոսով զրկվել է ոչ միայն խորհրդարանը, որն «ԱրմենՏելին» պարտք է շուրջ 70 մլն դրամ, այլեւ Երեւանի քաղաքապետարանը՝ 99 տոկոսով։ Վերջինիս դեպքում գործում են միայն քաղաքապետի եւ նրա երկու տեղակալների քաղաքային հեռախոսները։ Խորհրդարանի եւ քաղաքապետարանի գործունեությունն այս պատճառով, ըստ էության, պարալիզացված է։ Քաղաքապետարանից ստացված տեղեկությունների համաձայն, վերջինիս պարտքն «ԱրմենՏելին» կազմում է 22 միլիոն դրամ։ Այն ներառում է նաեւ՝ դեռ 91թ. քաղխորհրդի կուտակած պարտքերը։ «Էլինետին»՝ կառավարական կապի ծառայության դիմաց պարտքը կազմում է ավելի քան 4 միլիոն դրամ։ Քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը մեր հարցին ի պատասխան նշեց, թե իրենք ցանկության դեպքում անգամ ի վիճակի չեն կուտակած պարտքերը մարել, քանի որ 2000 թվականին քաղաքապետարանին կապի ծախսերի հոդվածում նախատեսված ընդամենը 3 միլիոն 896 հազար դրամից, փաստացի ստացվել է միայն 1 միլիոն 300 հազարը։ «Բայց եթե անգամ ֆինանսավորումը 100 տոկոսով էլ լիներ, միեւնույն է դա չէր բավարարի անգամ աբոնենտային 3000 դրամը վճարելուն»,- ասաց նույն պաշտոնյան։ Ըստ հավաստի տեղեկությունների, «ԱրմենՏելի» սկսած տոտալ գրոհի եւ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից մեկն այն է, որ հայրենի իշխանությունները «Հայկապ» բանկում «ԱրմենՏելի» ունեցած 4-5 մլն դոլար դեպոզիտը, որով մասամբ մարվելու էր ձեռնարկության աշխատողների աշխատավարձերը, ուղղել են Հայաստան ներկրվող գազի դիմաց կուտակված պարտքերի մասնակի մարմանը։ Դե «ԱրմենՏելն» էլ արդարացիորեն զայրացել ու … Մեր այս տեղեկությունները «ԱրմենՏելում» ոչ հերքեցին, ոչ հաստատեցին։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել