Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

… ԵՎ ԱՅԼՆ

Դեկտեմբեր 16,2000 00:00
anglux

Պայմանական կույսեր

Չեմ ուզում երկար քննարկել Քոչարյանի գրպանային դատավոր Իսկուհի Վարդանյանին: Այս տասը տարվա ընթացքում չգտնվեց գեթ մեկ դատավոր, որ այս տիպի գործերում գոնե թեթեւակի փորձեր հակադրվել իշխանավորների կամքին: Չեմ ուզում անդրադառնալ նաեւ Քոչարյանի գրպանային դատախազ Աղվան Հովսեփյանին, որը կասկածելի հանգամանքներում (նախորդի սպանությունից հետո) գլխավոր դատախազ դառնալով, իսկույն առաջադրանք ստացավ բոլոր ընդդիմադիրների դեմ «կոմպրոմատներ» հավաքել, ինչը եւ արեց փոփոխական հաջողությամբ: Առանձնապես կարիք չկա խոսելու նաեւ Ռոբերտ Քոչարյանի մասին՝ պարտկոմի եւ դաշտային հրամանատարի մտավոր մակարդակը սա է. քինախնդիր լեռնցին միայն այդպես է կարող պայքարել իր ընդդիմախոսների դեմ: Արժե խոսել, թե ինչու են վերը հիշատակվածները իրենց անպատիժ զգում:

Այստեղ մեղավորը մենք ենք՝ հասարակությունը, քաղաքացիներս: Այդպես Ստալինի ժամանակ, երբ գիշերը հարեւանին տանում էին, իսկ հետո գալիս էին նրա կնոջ եւ երեխաների հետեւից, մարդիկ մտածում էին՝ գուցե նրանք իսկապե՞ս «ժողովրդի թշնամիներ» են: Այդպես Բրեժնեւի ժամանակ մարդիկ 3 հազար ռուբլով «կոմունիստ» էին դառնում՝ արդարանալով, թե կյանքն է այդպիսին: Այդպես վերջին տասը տարում բոլոր «վտանգավոր» դեպքերում տղամարդկային հորմոններից զուրկ գործիչները հայտարարում էին (են). «Սպասենք դատավարությանը՝ չէ՞ որ մենք իրավական երկիր պիտի դառնանք»: Ի դեպ, նույնը նրանք ասում են նաեւ «27-ի» դեպքում: Ինչի՞ն սպասեք. մի՞թե պարզ չէ, որ, բացի ինքնասիրահարված ստահակի «ազգային» բարբաջանքները համբերատար լսելուց, մեր դատարանը «27-ի գործում» էլ ոչնչի ընդունակ չի լինելու: Արժե խոսել պալատական պնակալեզների մասին, որոնք իրենց «մտավորական», «քաղաքական գործիչ» կամ «պատգամավոր» են անվանում եւ ասում, թե մեր դատարանն անկախ է, եւ Քոչարյանը Բլեյանի դատապարտման հետ որեւէ կապ չունի: Կամ, լավագույն դեպքում, լռում են՝ պայմանական կույսերի նման:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ

Koch

2000 թվականի դեկտեմբերի 15-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում կարդացվեց Աշոտ Բլեյանի դատավճիռը՝ 7 տարվա ազատազրկում: Վարչախումբը՝ արդարադատություն կոչվող խարազանի միջոցով եւս մեկ անգամ հաստատեց իրավունքի եւ օրենքի իր մտասեւեռումը՝ օրինական է այն, ինչ ձեռնտու է իրեն: Նենգությունը, ոխակալությունը եւ վրեժխնդրությունը հասցվել է պետական քաղաքականության մակարդակի: Վարչախումբը անձնական հաշվեհարդար է տեսնում իրեն չխոնարհվող ընդդիմության հետ: Այդպես են միշտ վարվել վախկոտ ու փոքրոգի ժամիշխանները:

Հայտնի քաղաքական գործիչ, 1990-95 թթ. Գերագույն խորհրդի պատգամավոր, 1994-95 թվականների կառավարության անդամ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը բանտ նետվեց 1999 թվականի մայիսին: Տեւական ժամանակի ընթացքում Երեւանի դատախազությունը (դատախազ Ա. Թամազյան, քննիչ Հ. Պետրոսյան) շինծու փաստերի հիման վրա Աշոտ Բլեյանին առաջադրեց յուրացման, կեղծիքի ու կաշառքի անհեթեթ մեղադրանք: Աշոտ Բլեյանի 11 ամիս տեւած դատաքննության ընթացքում ոչ միայն մեղադրող կողմը չկարողացավ ապացուցել մեղադրանքը, այլեւ Աշոտ Բլեյանը ինքն անձամբ դրվագ առ դրվագ ապացուցեց իր անմեղությունը: Թվում էր՝ մարդկային իրավունքները կհարգվեն, ողջախոհությունը կհաղթի ու կիրականացվի արդարադատություն: Սակայն դատավոր Ի. Վարդանյանը ավարտին հասցրեց քաղաքական պատվերը՝ վարչախմբին չհնազանդվելու համար պատժել Աշոտ Բլեյանին, դա նաեւ օգտակար դաս կլինի մյուսներին: Ճշմարիտ էին սթափ մարդիկ՝ անօրեն իշխանությունը օրենք չի ճանաչում: Վարչախումբը ոտնահարեց նաեւ Աշոտ Բլեյանի պաշտպանության հասարակական շարժման պահանջները, լրատվական միջոցների, անկախ փորձագետների կարծիքը: Վարչախմբի հանդգնությանը սնունդ են տալիս որոշակի ներքին եւ արտաքին ուժեր ու կառույցներ: Այդ նրանց հովանավորությամբ է օրվա իշխանությունը ոտնահարում քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, քայքայում Հանրապետությունը, տարագրության մատնում ժողովրդին:

Արդյո՞ք միայն սա է վարչախմբի պահպանման գինը, թե՞ նա խոստացել է հասարակությանն անհայտ ուրիշ գին՝ տարածքներ, Լեռնային Ղարաբաղ, անկախություն… Մենք սթափության ենք կոչում հասարակությանը եւ քաղաքական բոլոր ուժերին: Աշոտ Բլեյանի նկատմամբ հաշվեհարդարը ակնբախ ցույց է տալիս, որ Քոչարյանը ոչնչի առջեւ կանգ չի առնում իր անձի անսահմանափակ տիրապետությունը հաստատելու ճանապարհին:

«21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցություն,

Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն,

«Ազատություն» կուսակցություն,

Հայոց Համազգային Շարժում,

«Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպություն,

«Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031