Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 16,2000 00:00

ՊԱՏԺՎԵՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՉԳՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ Աշոտ Բլեյանի դատավճիռը երեկ լսելուց հետո անգամ իշխանամետ մամուլի ներկայացուցիչներն էին զարմանում, որ նրան էլ, ինչպես եւ սպանությունների կազմակերպման մեջ մեղադրվող Վահան Հարությունյանին, 7 տարվա ազատազրկման դատապարտեցին, որը երկուսն էլ պիտի կրեն ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում։ Միակ նմանությունը, սակայն, պատժաչափն է։ Ի տարբերություն Վահան Հարությունյանի, որն իր մեղմ պատիժը վաստակեց գործարքի գնալով իշխանությունների հետ՝ Աշոտ Բլեյանն իր պահվածքով մերժում էր ենթադրությունն իսկ, թե գործարքը հնարավոր է։ Ինչպե՞ս կարելի է լեզու գտնել մեկի հետ, որը չնայած պիտի հասկանար, թե դատավորին ու պետական մեղադրողներին անվանարկելով՝ իր վիճակն է միայն ծանրացնելու՝ էլի այդ կերպ էր արտահայտում իր արհամարհանքը պատվեր կատարողների նկատմամբ, երբ վերջնականապես ակնհայտ դարձավ, որ նրանց համար անիմաստ են իր անմեղությունն ապացուցող բոլոր հիմնավորումներն ու հակափաստարկները։ Աշոտ Բլեյանի կողքին նստած երկու կանանց դատավճիռն էլ էր գործարքի ազդեցության ցայտուն օրինակ։ Երկուսին էլ նույն մեղադրանքն էր առաջադրված, որը դատարանը համարեց հիմնավոր։ Բայց նրանցից մեկը՝ գանձապահ Աիդա Ավագովան, սուսուփուս անցկացրեց դատաքննության 10 ամիսները, ոչ մի ցուցմունք չտվեց եւ միայն հաստատեց նախաքննության ժամանակ ասածները։ Եվ նրան օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակեցին՝ 2 տարվա ազատազրկում, առանց անձնական գույքի բռնագրավման։ Նա 1-2 ամսից ազատ կարձակվի։ Իսկ Ռիմա Պողոսյանը, որին նույն՝ ՔՕ 90 հոդվածի 4-րդ մասով մեղավոր ճանաչեցին, դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, անձնական գույքի 25%-ի բռնագրավմամբ։ Կին դատավորը հաշվի չառավ անգամ այս կնոջ առողջական վատ վիճակը։ Ընդ որում, Ռիմա Պողոսյանն արդեն իսկ 500 հազար դրամի վնաս էր փոխհատուցել։ Թե ինչ հիմնավորումներով դատավոր Իսկուհի Վարդանյանը փորձեց ապացուցել իր այս պատժաչափերը՝ հայտնի չդարձավ։ Նա շուտասելուկի պես կարդաց միայն, թե ում, որ հոդվածով եւ քանի տարի է «բաշխում» եւ թիկնապահների ուղեկցությամբ հեռացավ դատական նիստի դահլիճից։ Մնացին քաղաքացիական հագուստով մի շարք ամրակազմ երիտասարդներ, որ շարք էին կազմել լրագրողների առջեւ, եւ ոստիկանները։ Դեռ առավոտյան էինք տեսել, որ բազմաթիվ էին ոստիկաններն ու կարմիր բերետավորները Մալաթիա-Սեբաստիա համայնքների դատարանի շենքի առջեւ ու հարակից գոմում։ «Ամեն մեկին՝ իրենը»,- նետեց Դավիթ Շահնազարյանը, տեսնելով գոմում պատսպարված իշխանության պահապաններին։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչներից նման հուժկու պաշտպանության ներքո միայն իր վճիռը կարդալ հանդգնող դատավորի նկատմամբ հարգանք դրսեւորեցին միայն պետական մեղադրողներն ու դատական նիստի քարտուղարը։ Քանզի միայն նրանք կանգնեցին, երբ հնչեց «Ոտքի՛, դատարանն է գալիս» արտահայտությունը։ Բացառիկ դեպք էր՝ մնացածը դատավճիռն ունկնդրեցին նստած։ Եվ իր նկատմամբ հարգանք պարտադրելու մի քանի թույլ փորձերից հետո, Իսկուհի Վարդանյանն իր վճիռը կարդաց նստածների առջեւ, վիրավորանքներին անհաղորդ, աղմուկ-աղաղակի մեջ։ Ժխորի միջից լսվեց, որ ինչ-որ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է։ Նաեւ պարզ դարձավ, որ որոշում է կայացվել կաշառակերության եւ կեղծ վկայականների վերաբերյալ մեղադրանքները վերադարձնել Երեւանի դատախազին՝ «լրացուցիչ քննություն կատարելու համար»։ Աշոտ Բլեյանին առաջադրված մի քանի հոդվածներ էլ վերաորակվեցին։ Ի վերջո, նա մեղավոր ճանաչվեց իշխանությունը կամ պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելու, գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակման, պաշտոնեական կեղծիքի եւ անփութության մեջ։ Այս ամենի համար 7 տարվա ազատազրկմանը հավելվեց նվազագույն աշխատավարձի 90-ապատիկի տուգանքը եւ անձնական գույքի 50%-ի բռնագրավումը։ Առավել տպավորիչ էր, որ որոշվեց Բլեյանից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 3 մլն 717 հազար դրամ՝ «պատճառված վնասի դիմաց»։ … «Մի՛ մտեք դահլիճ,- մինչ կհնչեր այս վճիռը, հավաքվածներին հրահանգելու պես խնդրել էր Աշոտ Բլեյանը։- Թող այս ծախու դատավորը մենակ անի իր դատը, կարդա իր անբարոյական վճիռը»։ Անտեսելով նրա այս խնդրանքը՝ շատերը դատարանի դահլիճ մտան, այսուհանդերձ, միամիտ հույս փայփայելով, թե անցած 10 ամիսների դատաքննությունն իզուր չէր ու դատավորը պատվերն անտեսելով՝ արդարացման վճիռ կկայացնի։ Սակայն հերթական անգամ ապացուցվեց, որ մեր դատական համակարգի կախյալությունը կանոն է, որը բացառություններ չի ճանաչում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել