Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 15,2000 00:00

Սպասվում է նոր աղմկալից դատավարություն Հիմա էլ՝ «17-ի գործը» Նոր Նորք եւ Ավան համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ սկսվեց «17-ի գործը»։ Ամբաստանյալները թվով 17-ն են. Արթուր Մելիքյան, Բաղդասար Եղիազարյան, Պավլիկ Կյուրեղյան, Մերուժան Գեւորգյան, Կարապետ Դավթյան, Անժելա Մելիքյան, Զոհրաբ Կոստանյան, Արտակ Դանիելյան, Սերգեյ Սոկոլովսկի (ազգությամբ լեհ), Գագիկ Կիրակոսյան, Քերոբ Նահապետյան, Սամվել Աթաբեկյան, Գրիգոր Ասրյան, Հայկազ Սարգսյան, Թաթուլ Հովհաննիսյան, Խաչիկ Մարկոսյան եւ Արմեն Ահմադյան (ազգությամբ եզդի), որոնք միաժամանակ զբաղեցնում էին մեկ վանդակ։ Անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին ՀՀ Բագրատաշենի մաքսային կետում «վառվել» էր հանրապետությունից ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի հակաօդային զենիթային հրթիռների մարտագլխիկներ դուրս փոխադրող ավտոմեքենան։ Մարտագլխիկների հետքերը տարել էին դեպի հրթիռներ, որոնք՝ թվով 19-ը, նույնպես փորձ էր արվել վերոնշյալ անձանց կողմից դուրս հանել հանրապետությունից։ Հրթիռները ձեռք էին բերվել ՊՆ չորս զորամասերի (հասկանալի պատճառներով զորամասերի անունները չենք հրապարակում) պահեստներից։ Տեղի էր ունեցել նաեւ պաշտոնական դիրքի չարաշահում։ Քրեական սույն գործը բաղկացած է 23 հատորից եւ մեղադրանքը պաշտպանում էին երկու զինդատախազներ՝ Տիգրան Հարությունյանն ու Վահե Մելիքսեթյանը։ Նախագահող դատավորն էր Գագիկ Պողոսյանը, որին «Արմեն Տեր-Սահակյան եւ մյուսներ» քրգործի այս տարվա դատավարությունից հետո ծանր դատաքննություն է սպասվում։ Ամբաստանյալների գերակշիռ մեծամասնությունն ուներ բարձրագույն կրթություն։ Սերգեյ Սոկոլովսկին էր միայն 2-րդ կարգի հաշմանդամ (կոնտուզիա ուներ)։ Ամենաբարձր զինվորական՝ մայորի կոչում ունեին ամբաստանյալներից 2-ը՝ Խ. Մարկոսյանն ու Գ. Ասրյանը։ Տեղեկացնեմ նաեւ, որ ամբաստանյալները զբաղեցրել են տարբեր զորամասերում գլխավոր ինժեների, վերգետնյա զինամթերքի պահպանման ծառայությունում՝ պահեստապետի, շտաբի պետի, հրամանատարի տեղակալի (օր. սպառազինությունների գծով), հրթիռանետային սպառազինությունների բաժանմունքի պետի… պաշտոններ։ Կալանքը փոխված էր Ա. Մելիքյանի, Զ. Կոստանյանի («Հայագրոբանկի» տնտեսագետ) եւ Ս. Աթաբեկյանի նկատմամբ (որն ասաց, որ վիրավորված է եղել)։ Դատարանը երեկ հասցրեց նրանց ինքնությունը միայն ճշտել, իրավունքներն ու պարտականությունները բացատրել (օրինակ, դատավորն ասաց. «Առանց իմ թույլտվության չեք կարող դուրս գալ դահլիճից»), ինչպես նաեւ՝ լսել ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունները։ Ամբաստանյալ Ա. Ահմադյանի մասով նրա պաշտպանը միջնորդեց քրգործի վարույթը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել (ի դեպ, ողջ նիստի ժամանակ մեր եզդի եղբայրը՝ Ահմադյանը, նստած էր գլխարկով)։ Միջնորդության քննարկումը հետաձգվեց եւ բավարարվեց Գ. Ասրյանի պաշտպանի միջնորդությունը. ամբաստանյալին տրվեց հնարավորություն քրգործի նյութերին ծանոթանալու համար (ինչը չէր արվել նախաքննության փուլում)։ Շտապօգնություն եկավ Զ. Կոստանյանի համար, որի սիրտը տեղի էր տալիս… ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել