Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 15,2000 00:00

Ո՞ւմ տոնն է 1700-ամյակը Մտավախությունները, թե Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարություններն այնքան էլ աստվածահաճո չեն, քանի որ միտված են ավելի շատ բիզնեսի ծաղկմանը, քան հոգեւոր արժեքների պահպանմանը (տես նաեւ Պարույր Հայրիկյանի վերջին ասուլիսը), որոշ առումով տեղին են։ «Առավոտը» փոքրիկ հարցախույզ անցկացրեց շարքային քաղաքացիների շրջանում. տպավորությունն այնպիսին էր, որ ժողովուրդը պարզապես կողմնակի դիտորդ է լինելու եւ մի տեսակ այնքան էլ ներգրավված չէ միջոցառումներում, եթե ներգրավված էլ է՝ թերեւս, «մասովկայի» դերում միայն։ Իսկ միջոցառումները սպասվելիք 1,5 մլն զբոսաշրջիկների համար են լինելու, որոնցից ակնկալում ենք խոշոր շահույթներ։ Այն, որ հարցախույզից ստացված մեր տպավորությունները սուբյեկտիվ չեն, վկայում է նաեւ մեր զրույցը Կրոնի պետական կոմիտեի կրոնական համայնքների հետ կապերի բաժնի աշխատակից Վարդան Աստծատրյանի հետ։ Մեր հարցին՝ որքանո՞վ է նա կիսում մեր վերոնշյալ մտավախությունը, պրն Աստծատրյանը պատասխանեց. «Այս միջոցառումները տեղին եւ նպատակահարմար կլինեին, եթե 1700 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունն այսօր էլ դարձյալ կյանքի կոչեր այն նույն փոխհարաբերությունները պետության եւ եկեղեցու միջեւ, որոնք կային Տրդատի եւ Գրիգոր Լուսավորչի միջեւ։ Իսկ Հայաստանի՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված միջոցառումները միայն արտաքին, մակերեսային կողմն են եւ մեր ժողովրդի համար չեն կարող եւ ոչ մի էական նշանակություն ունենալ»։ Բնականաբար, նման կարծիքի չեն մեր եկեղեցու սպասավորները։ Մասնավորապես, Էջմիածնի ճեմարանի տեսուչ, բավականին պատկառելի Տեր Եղիշն այն կարծիքին է, որ 1700-ամյակի տոնակատարությունը եկեղեցուն եւ Գրիգոր Լուսավորչին փառաբանելու նպատակ ունի եւ խթան է՝ վերստին վերականգնելու հավատքը։ Իսկ քրիստոնեությունը փող վաստակելու միջոց դիտելը Տեր Եղիշն այնքան էլ տեղին չհամարեց՝ ճշտելով, որ Մայր Աթոռն ամենեւին կապ չունի բիզնեսի եւ տուրիզմի հետ. «Մենք բարձրացրել ենք ուխտագնացության հարցը։ Եթե ասում ենք, որ ամեն հայ հայրենիքում լինի եւ մեկ հատ մոմ վառի, դա բիզնե՞ս է»։ Մոտավորապես նման կարծիքի էր Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Կարապետը. «Քրիստոնեության ընդունման 1700-ամյակը կրոնական մեր ամբողջ անցյալի գնահատականն է, ժողովուրդ-մշակույթ-եկեղեցի կապի վերագնահատումը։ Իսկ այդ առիթով դրամ հավաքելու մեջ ի՞նչ կա որ։ Ամեն առիթ պետք է օգտագործվի դրամ հավաքելու համար. մեր երկիրը կարիք ունի ամեն եկողի աջակցությանը։ Սակայն նպատակը միայն դրամ հավաքելը չէ»։ Մինչեւ ուշ գիշեր սպասում էինք նաեւ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կառավարական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի պատասխանին, սակայն նրա ղեկավարած հանձնաժողովի մամլո ծառայությունն այդպես էլ ժամանակ չգտավ մեզ փոխանցել նրա պատասխանը։ Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել