Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 15,2000 00:00

«ՎԱԽԿՈՏԸ ՄԱԿԴԻՐ Է» Հարցազրույց էքսվարչապետ Արամ Սարգսյանի հետ Նախ, պարոն Սարգսյանին խնդրեցինք անդրադառնալ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի դեռեւս հոկտեմբերին ասված այն մտքին, թե Արամ Սարգսյանը նեղ շրջանում ասել է. «Թող Ջհանգիրյանը չփնտրի 27-ի կազմակերպիչներին հնգյակից դուրս»։ Նաեւ այն լուրին, որում խոսվում էր, թե ինչպես Կարեն Հունանյանին հարցաքննելիս իբրեւ թե զանգահարվել է վարչապետին եւ ասվել. «Պարոն վարչապետ, ավարտում ենք» եւ իբրեւ թե ճնշումներ են գործադրվել մեղադրյալի նկատմամբ։ Արամ Սարգսյանն ասաց, թե ինքը չի ուզում անդրադառնալ ասվածին. «որովհետեւ ինձ համար մի նորություն պարզվեց, դա այն էր, որ Գագիկ Ջհանգիրյանը եղբորս ընկերն է։ Բայց, Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցում երկու ակնհայտ ճշմարտություն կար, մնացած ոչնչի հետ համաձայն չեմ։ Առաջին ճշմարտությունը այն է, որ վախկոտը մակդիր է։ Երկրորդ ճշմարտությունը՝ որ Նազարյան Բորիսը իմ ընկերն է, այո։ Իսկ ինչ վերաբերում է հինգի մասին իր ասածին, ինքը հենց իրեն հակասում է։ Ինքը (Գագիկ Ջհանգիրյանը- Մ. Ե.) մեղադրում է ինձ, որ ես էի ուղղորդում, որ լրացուցիչ մարդիկ ձերբակալվեին։ Ասեմ ձեզ, ուղղակիորեն ձերբակալվածներից որեւէ մեկին չեմ ճանաչել։ Ալիկ Հարությունյանին ճանաչել եմ հեռակա եւ ունեցել եմ դրական լիցքեր Ալիկի հանդեպ, ոչ բացասական։ Որովհետեւ ելնելով շփումներից եղբորս հետ (Սեւանում տեսել եմ), որեւէ վատ բան չէի կարող մտածել Ալիկ Հարությունյանի նկատմամբ։ Մնացածին ընդհանրապես չեմ ճանաչել։ Գագիկ Ջհանգիրյանը մեղադրեց, որ ինքը լավն էր, երբ նրանց մեղադրում էր, հետո էլ մեղադրեց, որ ես էն կարծիքին էի, թե էդ հինգն են։ Ես երբեք կարծիքներ չեմ փաթաթել նախաքննության վզին։ Ասում եմ ուղղակիորեն։ Ես չեմ փաթաթել կարծիքներ։ Ինձ առավել եւս, քան որեւէ մեկին, անհրաժեշտ չի եղել ունենալ նոր թշնամիներ, հնարովի թշնամիներ։ Բացարձակ էդ ինձ պետք չէր։ Այդ մարդկանց ինքն է ճանաչել, ինքն է ծանոթացել, ինքը նույն անկեղծությամբ ապացուցել է, որ նրանք մեղավորներ են։ Կա ահռելի գործ այդ ուղղությամբ կատարված»։ Արամ Սարգսյանն ասաց, որ Ջհանգիրյանի նկատմամբ կասկածները սկսվեցին այն ժամանակ, երբ Գագիկ Ջհանգիրյանը սկսեց հիմնավորել, թե բռնվածներին հարկավոր է բաց թողնել. «Որովհետեւ նույն ջանասիրությամբ եւ ավելի ջանասիրաբար ինքը համոզում էր, որ նրանք մեղավոր են»։ Նախաքննությունն ավարտված է եւ արդեն ակնհայտ է, որ դատավարության ընթացքում անընդհատ գործից ինչ-որ մասեր են բաժանվելու առանձին քննության համար. «Այո, գիտեի, քանի որ նախաքննությունը հենց ինքնին բազմաթիվ հարցերի չի պատասխանում, չի պատասխանում թե իրավական դաշտում, թե տրամաբանական դաշտում, թե փիլիսոփայության մեջ։ Բազմաթիվ անհեթեթություններ կան, որոնց հիմնավորումը ուղղակիորեն ոչ մի սահմանում չի տեղավորվում։ Եվ նման կերպ դատարան մտնելով դատը կամ պիտի անընդհատ հետաձգվի, կամ պիտի հետ ուղարկվի նոր նախաքննության։ Այս պահին ստացվում է, որ 27-ից հետո ոչինչ չի փոխվել։ Այն մարդիկ, որ կատարեցին, իրենց տեսանք եւ ուչաստկովիի տարբերակով հենց հաջորդ օրն էլ կարելի էր դրանց դատ անել եւ գնդակահարել։ Այսինքն՝ հիմիկվա դատը այդ է լինելու՝ ուչաստկովիի տարբերակով որոշվելու է նրանց գնդակահարությունը, մնացած մասով թող զբաղվեն, երբ կգտնեն, երբ կզբաղվեն»։ Պատասխանելով «Առավոտի» նաեւ այս հարցին. «Դուք ունե՞ք որոշակի ինֆորմացիա, որ մտադիր եք հրապարակել ոչ թե այս պահին, այլ՝ ասենք, իշխանության գալուց հետո», Արամ Սարգսյանն ասաց. «Ահռելի ինֆորմացիա ունեմ»։ Հարցին պատասխանելիս Արամ Սարգսյանը Վազգեն Սարգսյանին մի քիչ նման ձայնով ծիծաղեց։ Իսկ ե՞րբ կվերադառնա Արամ Սարգսյանը քաղաքականություն. «Նայած քաղաքականություն վերադառնալ ասելով ինչ նկատի ունեք»։ «Առավոտի» հաջորդ հարցին. «Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ հոկտեմբերի 27-ի դատավարությունը կվերածվի Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի դատավարության, ի՞նչ կարծիքի է այդ մասին Արամ Սարգսյանը», պարոն Սարգսյանը պատասխանեց. «Հնարավոր է նման տարբերակ բազմաթիվ պատճառներով, որովհետեւ նախ, ստահակները, որոնք կատարել են, չեն ուզում ընդունել, որ իրենք ազգի դավաճաններ են։ Եվ կան բազմաթիվ մարդիկ, որոնք այդ ստահակներին ռոբինհուդներ են անվանում, չհասկանալով, թե ինչ հունանյանիզմ են ծնում այս երկրում, թե այդ սերմը ինչ արագ է աճում, այդ սերմը կլինի այս երկրի ընդհանրապես ջախջախումը, կործանումը»։ Գրի առավ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել