Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

… ԵՎ ԱՅԼՆ

Դեկտեմբեր 14,2000 00:00
Buh

Մի սովորական պատմություն

Իրենց բնութագրմամբ, աշխատանքից անհիմն ազատելու բողոքով, այս անգամ խմբագրություն էր դիմել կառավարության ընդունելությունների տան արդեն ազատված 7 աշխատակից։ ՀՀ կառավարության թիվ 408 որոշմամբ՝ 2000թ. հուլիսի 20-ին «Հրազդան-1» ՓԲԸ-ն վերակազմավորվել է, որից անջատվել է ընդունելությունների տունը, սա էլ իր հերթին վերակազմավորվել է «Հրազդան-10» ՓԲԸ-ի։ Այս ամենի հետեւանքով ընդունելությունների տան որոշ աշխատակիցներ մնացել են առանց աշխատանքի։ «Մինչեւ օգոստոսի 25-ը մենք չգիտեինք, որ համակարգում տեղի ունեցած փոփոխությունների հետեւանքով դուրս ենք մնացել ընդունելությունների տնից։ Օգոստոսի 1-ից մինչեւ 25-ը մենք աշխատանքային կանոնավոր գրաֆիկով աշխատել ենք եւ ստորագրել աշխատանքային տաբելը»,- նշեցին Զարիկ Ներսիսյանը եւ տիկին Լիլյան (նա չցանկացավ իր ազգանունը հրապարակել)։

Նրանց հավաստմամբ, վերակազմավորման արդյունքում իրենց բոլորի հաստիքները «Հրազդան-1»-ից տեղափոխվել են «Հրազդան-10», ուստի իրենց անհասկանալի է, թե ինչու աշխատակիցների մի մասը «Հրազդան-1»-ից տեղափոխվել է «Հրազդան-10», իսկ իրենք՝ ոչ։ Ի դեպ, այս խնդրի առնչությամբ ընդունելությունների տան նախկին 7 աշխատակից դիմել է նաեւ ՀՀ նախագահին եւ ՀՀ վարչապետին։ Այս հարցը պարզաբանելու համար դիմեցինք ՀՀ կառավարության ընդունելությունների տան, այսինքն՝ «Հրազդան-10» ՓԲԸ տնօրեն Թամարա Ինկոյանին։ Նա նշեց. քանի որ ընդունելությունների տան բոլոր աշխատակիցները հաստիքագրված են եղել «Հրազդան-1»-ում (ընդունելությունների տունը առանձին հաստիքացուցակ եւ հաշվապահություն չի ունեցել), ուստի վերակազմավորման փոփոխությունների մասին աշխատակիցներին տեղեկացրել է «Հրազդան-1»-ի ղեկավարությունը։

Տիկին Ինկոյանի հավաստմամբ՝ ադմինիստրացիան օրենքով սահմանված ժամկետում բոլոր աշխատակիցներին տեղեկացրել է հաստիքների հնարավոր տեղափոխման եւ կրճատման մասին։ «Հրազդան-1»-ի սեփականաշնորհման եւ ղեկավարության փոփոխության պատճառով չկարողացանք այս հարցերը ճշտել նաեւ նրանց հետ։ Սակայն տիկին Ինկոյանը նշեց նաեւ, որ ինքը աշխատանքից զրկված այդ 7 աշխատակիցներից ոմանց առաջարկել է ընդունելությունների տանը անցնել այլ աշխատանքի, սակայն նրանք հրաժարվել են կնքել ժամկետային պայմանագրեր։ Թամարա Ինկոյանը տեղեկացրեց, որ ներկայումս ընդունելությունների տանը աշխատում են 24 հոգի եւ բոլորն էլ ժամկետային աշխատանքային պայմանագրերով։

Լ. Մ.

Ձկները հաշվելու ժամանակը

dzuk

Նոյեմբեր-դեկտեմբերը Սեւանա լճում սիգի ձվադրման շրջանն է, բնապահպանության նախարարությունն էլ սիգ ձկնատեսակի ձվադրումն ապահովելու նպատակով որսարգելք է հայտարարում: Այս տարի, սակայն, բնապահպանական օղակները՝ ոչ բնապահպան նախարարի գլխավորությամբ, նախապատվությունը տվել են նոր աշխատաոճին։ Տարեսկզբից մինչ այժմ ոչ արդյունագործական խորհուրդ է հրավիրվել, ոչ քննարկումներ կազմակերպվել, իսկ հիդրոէկոլոգիայի ինստիտուտին՝ գիտարշավների կազմակերպման համար ոչ մի լումա էլ չի վճարվել։ «Շուկաներում ոչ սիգ, ոչ էլ ձկնկիթ չեք կարող գտնել։ Այս տարի վիճակը լավ է։ ՆԳ աշխատակիցների հետ հնարավոր է լինում իրավիճակը լիովին հսկել»,- գրեթե համոզիչ տոնով սկսեց իր զարմանահրաշ պատմությունը ԲՆ բուսական եւ կենդանական աշխարհի պահպանության բաժնի պես Սերգեյ Շաշիկյանը։

Ս.Շաշիկյանը հավաստեց, որ ներկա դրությամբ ձկնորսներից առգրավվել էլ ոչ ավել, ոչ պակաս՝ 200 կգ սիգ, հարուցվել 13 քրեական գործ (հիմնականում խեղճ ու կրակ ձկնորսների հանդեպ- Մ.Գ.)։ «Ամեն տարի բնապահպանության նախարարությունում նույն հեքիաթներն են պատմում։ Իսկ իրականում, տասնամյակներ շարունակ մեր՝ հիդրոէկոլոգիայի ինստիտուտը ուսումնասիրություններ է կատարում ու երբեւէ նման իրավիճակ չի արձանագրվել, ինչպես վերջին ժամանակներում։ Այսօր լճում բոլոր ձկնատեսակների պաշարները կտրուկ ընկել են՝ իշխանն ու կողակը արդեն իսկ վերացման եզրին են, իսկ սիգի ու կարասի վիճակն ամենեւին էլ հրաշալի չէ։ Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե իշխանը շուտով այնքան կշատանա, որ մեծ քանակությամբ կորսանք, ինչ խոսք, բավականին լավատեսական կարծիք է, սակայն դա մեկ-երկու տարվա աշխատանք չէ, եւ միայն որսագողության վերացմամբ հնարավոր չէ շտկել»,- Ս.Շաշիկյանի կարծիքը չկիսեց ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի ինստիտուտի փոխտնօրեն Բորիս Գաբրիելյանը։

ՄԱՐԻԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ամանորի սպասումներով

amanor

Ինչո՞վ են պատրաստվում ուրախացնել հայ ժողովրդին հայկական հեռուստաընկերությունները Ամանորի գիշերը: Հայաստանյան որոշ հեռուստաընկերություններ նոր ծրագրեր են ձայնագրում, որոշ հեռուստաընկերություններ էլ՝ անցյալ տարիների ծրագրերն են եթեր հեռարձակելու: Ինչպես տեղեկացանք Ազգային հեռուստատեսությունից, նրանք Ամանորի գիշերը պատրաստվում են հեռուստակամուրջ անցկացնել Հայաստանի տարբեր մարզերի հետ: «Հ1»-ի հյուրերից են լինելու տարբեր երգիչ-երգչուհիներ, այդ թվում՝ Սյուզան Մարգարյանը, Շուշան Պետրոսյանը եւ այլք: Չար լեզուներն ասում են, որ այս տարի Ազգային հեռուստատեսությունը մի քանի անգամ ավելի գումար է նախատեսում ամանորյա գիշերային ծրագրի համար, քան անցյալ տարի: «Ա1+» հեռուստաընկերությունում ասացին, որ Ամանորի գիշերը նրանք պատրաստվում են ամեն լավ բան ցույց տալ՝ հետաքրքիր (նաեւ մանկական) ֆիլմեր, ծրագրեր եւ այլն: Սեփական ծրագիր 2001 թվականին «Ա1+» չի նախատեսում կազմակերպել: «Մայր Հայրենիք» հեռուստաընկերությունը վերազինվում է եւ եթեր դուրս կգա միայն հունվարից: Ամանորի ծրագիր պատրաստելու «ջարմայից» պրծան: «Արմենիա» հեռուստաընկերությունն ամանորյա իր ծրագրի նկարահանումները դեռ չի ավարտել: Այս ծրագրի իրադարձությունները Փարիզում են զարգանում: «ԱՐ»-ի տնօրենը չափազանց զբաղված էր եւ չկարողացավ պատմել մեզ ամանորյա իր ծրագրի մասին:

Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031