Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 14,2000 00:00

Երաժշտական թատրոնը թանկ հաճույք է Երկու տարի առաջ սկսել է գործել մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարարության՝ Երեւանի պետական երաժշտական կամերային թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը։ Նա ավարտել է Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիան եւ մասնագիտությամբ երաժշտական, օպերային թատրոնի ռեժիսոր է։ «Ուսումնառության տարիներին հանդիպեցի Հրաչյա Ղափլանյանին։ Վերջինս ուշադիր զննելով ինձ՝ ասաց. «Լսիր, լավ էլ դեֆիցիտ մասնագիտություն ես սովորում»,- վերհիշեց Ա. Մելիքսեթյանը։ – Թատերասերներից բոլո՞րն արդյոք գիտեն Ձեր թատրոնի գոյության մասին։ – Թատրոնի առաջին ներկայացումը խաղացինք 1998-ի նոյեմբերի 6-ին, Կ. Օրֆի «Բերնաուերի դուստրը» երաժշտական դրաման։ Խաղացանկում ունենք եւս երկու ներկայացում՝ Բ. Բրիտտենի «Ոսկե ունայնություն» վոդեւիլը եւ Լլոյդ Վեբերի «Կատուներ» մյուզիքլը։ – Ովքե՞ր են գալիս այսօր Ձեր ներկայացումներին։ – Նոր սերունդը, 91-ից այս կողմ, թատրոնը պատկերացնում եւ ուզում է տեսնել, որպես ԽԹծ։ Ցավում եմ, որ այս սերունդը դաստիարակվում է մեր ցածրաճաշակ շոուներով։ Չգիտես ինչու, մեզանում ձգտում կա դեպի Արեւելք։ Բարձրաձայն կարող եմ ասել. մենք կողմնակից ենք եվրոպական երաժշտության։ – Գրեթե բոլոր թատրոններն այսօր ֆինանսական ծանր պայմաններում են։ Ինչպե՞ս է գոյատեւում Ձեր թատրոնը։ -Երաժշտական թատրոնը շատ թանկ հաճույք է ոչ միայն Հայաստանում, այլեւ ընդհանրապես՝ աշխարհում։ Օրինակ՝ մյուզիքլները պետք է շատ շքեղ լինեն, բայց մեր բեմադրություններն այդպիսին չեն եւ ես այս իմաստով այնքան էլ դրանցից գոհ չեմ։ Այնուամենայնիվ, թատրոնի նշանաբանն է՝ «Քիչ ֆինանսով՝ մեծ արդյունքի հասնել»։ Իսկ մշակույթի նախարարությունը հնարավորին չափով ֆինանսավորում է թատրոնը, բայց… Կարճ ասած՝ գտել ենք օազիս, ստեղծել միկրոկլիմա եւ ապրում ենք։ Շատ կուզեի, որ լիներ օրենք, որ արվեստագետն իրեն պաշտպանված զգար։ – Ովքե՞ր են Ձեր թատրոնի դերասանները։ – Թատրոնում աշխատում են թատերական ինստիտուտում իմ ղեկավարած երաժշտական կուրսի առաջին շրջանավարտները։ Ցավով պետք է ասեմ, որ երաժշտական կուրս պատրաստված դիմորդներ չեն դիմում, բայց 5 տարիների ընթացքում գիտելիքներ են ձեռք բերում, իսկ թատրոնում՝ հղկվում։ – Ի՞նչ նոր բեմադրություն եք պատրաստում։ – Թատրոնի երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյանի հետ սկսել ենք եւ, կարծում եմ, գարնանը կներկայացնենք Ջորջ Գերշվինի «Պորգին եւ Բեսսը» օպերան։ Ակնկալում ենք աջակցություն՝ մեր հարազատ նախարարությունից։ Իսկ հաջորդ տարի՝ մարտ ամսին, հանդես կգանք Գյումրիում, Վանաձորում, Ղարաբաղում։ Մայիսին կմասնակցենք Մոսկվայում կայանալիք միջազգային փառատոնին։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել