Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 14,2000 00:00

ՍՈՂԱՆՔ՝ ԱՌԱՆՑ ՍՈՂԱԼՈՒ Դեկտեմբերի 12-ին «Նորք» գրատանը տեղի ունեցավ Վահրամ Մարտիրոսյանի «Սողանք» վեպի շնորհանդեսը։ Վեպը վերջին 10 տարիների հայ իրականության մասին է։ Եվ Մերուժան Տեր-Գուլանյանի գնահատմամբ. «Այդ հերոսին ստեղծել է մեր հասարակությունն՝ այս տարիների ընթացքում»։ Պարոն Տեր-Գուլանյանը, չմոռանալով շնորհավորանքից առաջ ձեռքը բաժակ վերցնել (այլապես ինքը՝ ինքը չէր լինի), պատմեց, թե ինչպես «Վահրամը 2000թ. սկզբներին գնաց վեպ գրելու եւ ես ներքին գեղեցիկ խանդով ուզում էի իմանալ՝ այդ ի՞նչ է գրում։ Երբ տվեց առաջին 26 էջը կարդալու՝ ուղղակի հիացա։ Վահրամ Մարտիրոսյանը չէր վախեցել մտնել գրականության չհետազոտված տարածք»։ Նա նկատի ուներ, որ դեռ ոչ ոք նման մեծածավալ կտավով չէր ներկայացրել հետխորհրդային մեր պատմությունը. «Սխրանք է մտնել չհետազոտված տարածք եւ ներկայացնել այն, ուր բոլորս՝ հեղինակը, ես, դուք հանդիպում ենք անհոգիության, անպտղության միջավայրում»։ Իսկ ահա Աղասի Այվազյանի կարծիքով, այս գիրքը «Վահրամի ու մեր բոլորի հոգու տվայտանքն է։ Մեր ազգը չի փոխվում, մենք դիմակայել ենք Եղեռնին, երկրաշարժին, ցրտին ու խավարին։ Այդ ամենից հետո մենք չենք փոխվել, մնացել ենք այնպիսին, ինչպիսին էինք 1000 տարի առաջ»։ Եվ վերջապես շնորհավորանքներն ընդունելու եւ «հոգու տվայտանքները» ներկաներին փոխանցելու համար՝ ձայնը տրվեց իրեն՝ Վահրամ Մարտիրոսյանին, որի հագին, ինչպես միշտ, նախանձ արթնացնելու չափ գեղեցիկ ժիլետ կար. «Օրումս այսքան հուզված չեմ եղել, թեեւ այդքան եթեր եմ դուրս եկել։ Ինձ համար այսօր ավարտվեց Հայաստանի անցումային շրջանը։ Ովքեր գնում են՝ թող գնան։ Չեմ ասում՝ բարի ճանապարհ, ասում եմ՝ բարի վերադարձ։ Ովքեր մնում են, թող ապրեն մարդավայել, արարեն, ստեղծեն։ Եթե պետք է անընդհատ մեր ապրելը տառապենք, ոչինչ չի ստացվի»։ Պարոն Մարտիրոսյանը ի գիտություն հայտնեց նաեւ, որ մտադիր չէ վերադառնալ հեռուստատեսություն. «Երբ տեսա ինչ քաղցր բան է գիրք գրելը, որոշեցի էլ չվերադառնալ։ Ես ինձ ուզում եմ ծանր պահել, գրականությունը ծանր բան է։ Ես չեմ ուզում, որ գրողների աստվածը մի օր որոշի գալ ինձ այցելության եւ տեսնի, որ ես իմ ջորու «մատոռով» համակարգչի առաջ չեմ, այլ՝ ստուդիայում։ Այդ դեպքում կգնա մի ուրիշ գրողի, մի արտասահմանցու կհովանավորի»։ Ապա, բնականաբար, հնչեց շնորհակալությունների անվերջ ցանկը։ Նախ՝ Նազարեթ Կարոյանին, որը նկարազարդել է «Սողանքը», ապա Հրանտ Վարդանյանին, ով հովանավորել է գրքի լույս ընծայումը («Հրանտ Վարդանյանն իմ ավագ բարեկամն է, որի հետ ինձ կապում է ցանկացած հայրենական արտադրանքի հանդեպ սերը եւ Հայաստանից չգնալու մոլուցքը»), լրատվամիջոցներին, որ գովազդում էին, եւ վերջապես՝ «բոլոր նրանց, ովքեր զանգում-հարցնում էին՝ վեպդ ո՞նց ա, եւ նրանց, ովքեր չէին զանգում՝ խանգարում»։ Հրանտ Մաթեւոսյանն էլ փորձեց չիմացողներին բացատրել, թե ինչ է սողանքը՝ «երբ որ հողը ոտքերիդ տակից փախչում է», ըստ երեւույթին, կարծելով, թե կգտնվեն մարդիկ, ովքեր կմտածեն, թե այդ «սողանքը» Վահրամ Մարտիրոսյանի առաջարկն է՝ «եկեք սողանք»։ Նազարեթ Կարոյանն էլ, մի քիչ խորանալով քաղաքաշինական հրապարակափողոցային խնդիրների մեջ, նկատեց, որ «այս գրքում Վահրամը փորձում է պայքարել սողանքի դեմ։ Սա մի ծառ է, որ տնկված է սողանքի դեմն առնելու համար»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ Հ. Գ. Միանում ենք Մ. Տեր- Գուլանյանի անվճար խորհրդին. «Կարդացեք այս վեպը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել