Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 14,2000 00:00

Ծրագիրս գաղտնի թող մնա Դպրոցական տարիքի երեխաների 99,3 տոկոսը հաճախում է պետական դպրոց, թեեւ 27 ոչ պետական դպրոց ունենք։ Իսկ ուսումնական տարվա ընթացքում աշակերտների 12 տոկոսը մասնավոր դասերի է մասնակցում՝ մաթեմատիկա (35,1 տոկոս), հայոց լեզու (16,8 տոկոս), օտար լեզու (12 տոկոս), երաժշտություն (15,2 տոկոս) եւ այլ առարկաների գծով։ Այդ մասնավոր դասերի ամսական վարձը տատանվում է 1000- 10000 դրամի սահմաններում, իսկ առանձին դեպքերում հասնում է 65000 դրամի։ Սրանք պաշտոնական տվյալներ են, որ պեղեցինք Կրթության եւ գիտության նախարարության օրերս հրապարակած «Կրթություն բոլորի համար» ազգային զեկույցից։ Հեղինակները համեստորեն այսպես են ներկայացրել իրենց նպատակը. «Սույն զեկույցը մի փորձ է՝ նկարագրել Հայաստանի Հանրապետությունում կրթական համակարգի վիճակը, կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումները եւ տալ գնահատական տասը տարիների ընթացքում արվածի վերաբերյալ»։ Միայն որոշ մեջբերումներ կանենք այդ տասը տարվա հարուստ վերլուծությունից, մանավանդ որ ներկայացվող տվյալներն առանձնապես չեն փայլում թարմությամբ։ Զեկույցի հեղինակների հաշվարկներով, ծնողներն իրենց դպրոցական երեխաների վրա ամսական ծախսում են 3000 դրամ՝ դասագրքերի, տրանսպորտի, հագուստի ձեռքբերման, աշակերտական ապրանքների եւ այլնի համար։ Անցյալ ուստարվա ընթացքում դպրոցականների միայն 7,3 տոկոսն է դպրոցում ստացել որեւէ օգնություն՝ հիմնականում դասագրքեր (ստացողների 68,9 տոկոսը), սնունդ (11 տոկոս), կաթ (8,9 տոկոս), հագուստ (6,2 տոկոս) եւ այլն։ Միջնակարգ մասնագիտական կրթության թվային պատկերն այսօր այսպիսին է. գործում են 17 քոլեջ, 39 տեխնիկում եւ 22 ուսումնարան, ընդհանուր առմամբ 78 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն՝ 8 մասնաճյուղով։ Դրանցում սովորում է 24 հազար 271 ուսանող, որի 53,5 տոկոսը պետպատվերով, մնացածը՝ վճարովի համակարգում։ Սա պետական, իսկ ոչ պետական միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունները 65-ն են՝ 12000 ուսանողով։ Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ներկայումս կադրեր են պատրաստվում 103 մասնագիտությունների գծով։ Բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի թվերը պակաս ճոխ չեն. 16 պետական (36 հազար ուսանող) եւ 84 ոչ պետական բուհ (23 հազար 809 ուսանող)։ Պետական բուհերում աշխատում է 4009 դասախոս, այդ թվում՝ 735 պրոֆեսոր եւ 2139 դոցենտ։ Հետաքրքիր են տարբեր հասարակական կազմակերպությունների՝ կրթական համակարգում իրականացրած կրթական ծրագրերի համար ծախսած գումարները։ Եվրասիան հատկացրել է 657.189 դոլար՝ բիզնեսի եւ կառավարման ուսուցման եւ տնտեսության հետազոտության բնագավառում ուսուցման ծրագրեր իրականացնելու նպատակով։ Սոցներդրումների հիմնադրամը դպրոցների վերանորոգման ծրագրով հատկացրել է 4.285.000 դոլար։ Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի համար կրթական ծրագրերը արժեցել են 1.199.000 դոլար։ Եվս 1.693.000 դոլար «զոհաբերել» են այլ կազմակերպություններ։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի 56 հասարակական կազմակերպություններ իրականացրել են 95 կրթական ծրագիր։ Սակայն հատկապես ցնցող ազդեցություն է թողնում «Կրթության համակարգի 2000- 2003թթ. զարգացման հիմնական ուղղությունները» գլուխը։ Այնպիսի հրաշալի միջոցառումներ են նախատեսվում իրականացնել այս երեք տարում, որ հիացմունքից բերանդ բաց կմնա։ Սակայն խնայելով հասարակության նյարդերը, դրանք չենք թվարկի։ Քանի որ, երեք տարի հետո, երբ այդ ծրագրերը իրականացված չեն լինի, գոնե չեն իմանա, թե ինչից են զրկվել։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել