Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 14,2000 00:00

ԱՇՈՑՔԻՑ ՄԱՐԴԻԿ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ Ղուկասյանի շրջանը գտնվում է հանրապետության հյուսիսում։ Սահմանակից է Ջավախքին, բարձր լեռնային է ու սարսափելի ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում։ Փոքր Սեպասար գյուղից Հարություն Մինասյանը իրենց կյանքի մասին հետեւյալն ասաց. «Ժողովրդի վիճակն այսօր իրոք շատ վատ է։ Ես խնդրած կլինեի մեր համայնքի անունից մեր կառավարությանը, որպեսզի միջոցներ ձեռք առնի։ Ժողովուրդը հույսը կտրել է, երեւի լքենք Հայաստանը։ Երեխաների վիճակը եւս շատ վատ է։ Ընդհանրապես տունը որ հաց չկա, հեչ բան չկա, ստիպված գնում ենք»։ Սարգիս Մինասյանը եւս Փոքր Սեպասարից է. «64 տարի է էստեղ եմ ապրում։ Շինեցինք, ընկեր Դեմիրճյանն ամեն ինչը սարքեց, համալիրներ, բնակելի շենքեր սարքեց։ Երբ որ եղավ այս փլուզումը՝ մեր սովետի, իրանք դրին ու քանդեցին։ Ժողովուրդը սովի մեջ է, հիմա էլ ոչ հույս ունենք, ոչ էլ բան։ Մենք էլ մեր փողերը դրեցինք, էլ ոչ մի հույս չունենք»։ Անդրանիկ Կարապետյանն իր խոսքն ուղղեց գյուղնախարարին. «Էս մեր հողերի վիճակը ի՞նչ է լինելու։ Եկավ սուտ խոստումներ տվավ ու գնաց։ Անցել է երեք-չորս ամիս, ոչ մի խոստում չի կատարվել»։ Երվանդ Ալեքսանյանը երեք երեխա ունի. «Բոլորս էլ վատ վիճակում ենք, ի՞նչ պահել, զոռով ենք երեխեքին պահում։ Ոչ նորմալ դպրոց ենք ուղարկում, ոչ հաց ենք տալիս։ Անասունների մեջ էլ դաբաղ ընկավ, երաշտը՝ մյուս կողմից։ Կարող է մի ամիս հետո մեր ալյուրն էլ վերջանա։ Երկու-երեք հատ անասուն ունեինք, կորցրեցինք, ալյուր գնեցինք։ Էն էլ որ վերջանա, թողնելու ենք- գնանք։ Ոչ գարնանացան ենք արել, ոչ էլ բան։ Տեխնիկան չենք կարող աշխատեցնել, ոչ պահեստամաս կա, ոչ վառելիք»։ 65-ամյա Սահակ Պետրոսյանին էլ խիստ զայրացրել էր Եվրախորհրդի անդամ դառնալը. «Մենք հայ ազգ ենք, մենք մեր սովորությունն ունինք։ Ինչի՞ են մեր ազգին արատավորում։ Մեր աղջիկներն ավելի լավ աղջիկ են, մենք Եվոպա (հասկանալ Եվրոպա- Մ.Ե.) ենք էթում։ Նախ, մենք սապոն (օճառ- Մ.Ե.) չունինք լվացվելու, Եվոպա ենք էթում։ Մեզի պե՞տք է էդ պետությունը։ Մենք հըլը էդ աստիճանի զարգացած մարդիկ չենք։ Նախ, զարգացած ենք ավելի շատ, Եվոպա չենք ուզում։ Կարող է, էթում են ուրիշ պայմանով են էթում։ Ո՞ւմ զակազն է (պատվեր- Մ.Ե.)։ Մեզի պետք չի, որ մեր սիրուն, լավ աղջիկները չպլախ (մերկ- Մ.Ե.) պարել տան։ Մեր երեխեքը տեսնում են, սովորում են։ Ըդիգ լավ չէ։ Եթե էսպես գնաց, մեր ազգը կործանվի գը։ Եվոպային 50 հազար ինչո՞ւ համար ես մուծում, մենք անոթի ենք, դուք 50 հազար Եվոպային եք մուծում»։ Ղուկասյան ոչ մի պաշտոնյա վերջին տարիներին ոտք չի դրել։ Մի քանի ամիս առաջ գյուղնախարարն է գնացել, բայց գնացել է, լսել, ու ոչ մի հարց նրա այցելությունից հետո եւս չի լուծվել։ Գյուղացիների ասելով, եթե որեւէ «մեծ» պաշտոն զբաղեցնող համարձակվի մտնել Աշոցք՝ «հում-հում կուտենք»։ Հեռավոր շրջաններում մարդիկ իրենց լքված են զգում։ Նրանց վկայությամբ իրենց հիշում են հարկերը հավաքելիս եւ տղաներին բանակ կանչելիս միայն։ Չմոռանանք, որ Աշոցքը սահմանակից է Վրաստանին եւ, եթե հանկարծ այստեղ իրադրությունը սրվի, շատ հնարավոր է, որ շրջանը դառնա երկրորդ Լաչին։ Պարզապես զարմանալի է, թե մի փոքրիկ պետություն, հզոր հարեւաններով շրջապատված, ինչպե՞ս կարող է այդքան անտարբեր լինել սեփական սահմանների (առայժմ) եւ փաստորեն՝ սահմանապահ ժողովրդի հանդեպ։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել