Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 14,2000 00:00

Վարդան Խաչատրյանը պրպտում է «Առավոտի» երեկվա համարում հրապարակված էր Երիտասարդ բժիշկների միության հայտարարությունը, որտեղ նրանք «արդարացի զայրույթ ու վրդովմունք» էին հայտնել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի այն հայտարարության առնչությամբ, թե բուժաշխատողների աշխատավարձի կուտակված պարտքը 2001 թվականին եւս չի մարվելու։ Երիտասարդ բժիշկները սա որակել էին ՀՀ Սահմանադրության եւ Մարդու իրավունքների միջազգային հռչակագրի ոտնահարում։ «Ես գիտեմ, որ շատ բան եմ ոտնահարել, բայց այս մեկը չէի իմանում,- «Առավոտին» այս առնչությամբ ասաց Վարդան Խաչատրյանը։- Ինձ հարցրել են, թե 2001 թվականի բյուջեում այդ նպատակով նախատեսվա՞ծ են գումարներ։ Ես չեմ ստել եւ պատասխանել եմ, որ նախատեսված չէ։ Բայց չեմ ասել, թե այդ պարտքը չենք մարելու»։ Բուժաշխատողների աշխատավարձերի կուտակված պարտքը նախատեսում են մարել այլ միջոցներով. «Առողջապահության նախարարությունն այդ համակարգի օպտիմիզացիայի մեծ ծրագիր է կազմում։ Բացի այդ, այդ մե՜ծ պարտքերի մի մասը ֆինանսների նախարարությունը չի ընդունում, պետք է ճշտել։ Պետության գումարները ցանկություններով չենք բաշխում։ Դրանք պիտի հիմնավորվեն փաստաթղթերով եւ արդյունքում կմշակվեն միջոցառումներ, որոնց շնորհիվ, հույս ունեմ, նույնիսկ մինչեւ 2001-ի կեսերը կփակվեն բոլոր պարտքերը։ Հույս ունեմ, որ հաջորդ տարի առողջապահության համակարգում պարտքեր չեն կուտակվի»։ Նախարարն անդրադարձավ նաեւ մեր հրապարակած այն լուրին, թե գիտնականները պատրաստվում են դեկտեմբերի 15-ին ցույցի դուրս գալ՝ ի նշան բողոքի 5 ամիս աշխատավարձ չստանալու դեմ. «Նրանց աշխատավարձն այլ ծախսերով է եւ պաշտպանված չէ։ ԱԺ-ի որոշմամբ, միայն պաշտպանված աշխատավարձերը պիտի վճարեինք, բայց երբ տեսանք, որ գիտնականներն առաջին եռամսյակում չվարձատրվեցին՝ հնարավորություն գտանք նրանց էլ 1-2 ամսվա աշխատավարձ տալու։ Ուրեմն, ընդհակառակն, Խաչատրյանը պրպտում է, տեսնի՝ որտեղի՞ց գտնի լրացուցիչ միջոցներ, որոնք ԱԺ-ում հաստատված ու պաշտպանված չեն, որ գոնե մինչեւ Նոր տարի մարդկանց կարողանանք մեկ ամսվա աշխատավարձ եւս տալ»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել