Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 14,2000 00:00

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ԹԵԹԵՎԱՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՎԵԼԱՑՈՒՄ Երեկ արտահերթ նիստում Ազգային ժողովը սկսեց հարկային դաշտին վերաբերող օրենքներում փոփոխությունների քննարկումը: Նախկին գործընկերների հետ ուղղակիորեն առճակատումից խուսափեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը՝ հարկային օրենսդրության փաթեթի ներկայացումը փոխանցելով իր տեղակալ Գագիկ Արզումանյանին։ Փաթեթում ընդգրկված 7 օրենքներին վերաբերող նախագծերի քննարկումն ու առավել եւս քվեարկումը խորհրդարանը չհասցրեց մեկ օրում սպառել։ Օրենսդրական այս նախաձեռնության արդյունքում կառավարությունն ակնկալում է բյուջեի եկամուտներն ավելացնել մոտ 5 միլիարդ դրամով։ Փաստ է, որ ներկայիս խորհրդարանում բավականին թվով գործարարներ կան, եւ այս հարցերի քննարկումն առաջին հերթին առնչվում էր նրանց շահերին։ Եվ որքան էլ Գագիկ Արզումանյանը կրկնում էր, թե եկամուտների որեւէ մակարդակի համար կառավարությունը հարկային բեռի ավելացում չի նախատեսում (ավելին, պրն Արզումանյանի պնդմամբ՝ նվազեցում է ակնկալվում). միեւնույն է, առանձին օրինագծերի շուրջ առանձին պատգամավորներ չէին համաձայնվում։ Գրեթե բոլոր ելույթ ունեցող պատգամավորները, գոնե նրանց գործարար հատվածը, կարեւորում էին հարկային օրենսդրությունում փոփոխություններ անցկացնելը։ Սակայն, ասենք, ավանդներից եկամտահարկ հարկելու կառավարության առաջարկը Մարտին Հովհաննիսյանն անընդունելի է համարում։ Նա գտնում է, որ եթե այսօր ավանդատուին բանկերը վճարում են 15-17 % տոկոսադրույք, օրենքի ընդունումից հետո, որպեսզի ավանդատուի պրոբլեմ չստեղծեն, կարող են տոկոսադրույքը բարձրացնել 1,7-1,8 %-ով։ Սակայն պրն Հովհաննիսյանը խնդիրն այլ կետում է տեսնում։ «Եթե բարձրացնենք տոկոսադրույքը, ուրեմն նախ վարկավորման տոկոսն է բարձրանում»,- ասաց նա։ Այդ դեպքում այս փոփոխությունն, ըստ պրն Հովհաննիսյանի, կբարձրացնի եւ դրույքաչափը, եւ կփակի Սփյուռքի ճանապարհն այստեղ ավանդներ կատարելու համար։ Ավանդներից եկամտահարկ հարկելու առաջին նպատակը՝ Գագիկ Արզումանյանի մեկնաբանությամբ, հարկման բնագավառում խաթարված սկզբունքի վերականգնումն է։ Իսկ այն, ըստ պրն Արզումանյանի, ենթադրում է, որ եթե եկամտի որեւէ տարր վճարողի մոտ դիտվում է որպես ծախս, ապա ստացողի մոտ դիտվում է եկամուտ։ Պրն Արզումանյանի դասական օրինակով՝ աշխատավարձ վճարելիս՝ այն վճարողի մոտ նվազում է որպես ծախս եւ ստացողի մոտ հարկվում է որպես եկամուտ։ «Տոկոսավճարներն այս պահին միակն են ողջ հարկային դաշտում, որ չեն հարկվում որպես եկամուտ, ինչը խաթարում է հարկային հարաբերությունները»,- նշեց Գագիկ Արզումանյանը։ Պատգամավորների քննարկումները թեժացան նաեւ տույժ ու տուգանքներին վերաբերող կառավարության առաջարկի շուրջ։ Գործող օրենքի համաձայն, տույժ-տուգանքները 365 օրվա ընթացքում կազմում են մոտ 72 %, իսկ առաջարկվող տարբերակով կկազմեն 54 %։ Այս տոկոսը գոյանում է 9-րդ ամսվա ընթացքում, իսկ առաջարկվող տարբերակում բեռը կգոյանա 12-րդ ամսվա ընթացքում։ Պրն Արզումանյանը դեմ չէր 365-րդ օրվանից հետո տույժ-տուգանքների սահմանափակման մտքի հետ, եթե ԱԺ-ն կառավարությանը պարտադրի սնանկացման հարցով ձեռնարկություններ մտնել արդեն իսկ 182-րդ օրվանից հետո։ Պատգամավորներից շատերը չէին համաձայնվում այդ «182-րդ օրվա» հետ՝ համարելով, որ այդ կերպ ձեռնարկությունների մեծ մասը սնանկ կհամարվի՝ վնասելով տնտեսությանը։ Գագիկ Արզումանյանի պնդմամբ, սնանկ ճանաչելը առողջացման գործընթաց է եւ ոչ թե՝ տնտեսության քայքայում։ Բոլոր հարկատեսակների ընդհանուր փոփոխությունների միջոցով կառավարությունը ակնկալում է ձեռք բերել լրացուցիչ միջոցներ եւ դրանք, ինչպես Գագիկ Արզումանյանն ասաց, ուղղել սոցիալապես անապահով խավերին։ Ինչպես, ասենք, դեղամիջոցներից նախատեսվում է հարկել ավելացած արժեքի հարկ, որին կհետեւի դեղերի թանկացումը՝ փոխարենն այդ հարկից ստացված միջոցներով կառավարությունն ինքը դեղ կգնի ծեր եւ հիվանդ խավի համար։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել