Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 14,2000 00:00

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՇԱՀԵ՞Լ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԲԱՐԵՀԱՃՈՒԹՅՈՒՆԸ Իսկ գուցե նրան մեկուսարանում այցելած ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ պատգամավորների նախաձեռնությո՞ւնն է միայն Սամվել Բաբայանի տրամադրվածությունն այդպես ներկայացնելը։ Եթե մտաբերենք, որ տարեսկզբին Սամվել Բաբայանն Արկադի Ղուկասյանին հրապարակավ անգամ հոգեկան հիվանդ էր անվանում, տարօրինակ, բայց մարդկայնորեն բացատրելի կթվա այժմ շեշտադրումների փոփոխությունը։ Դեկտեմբերի 11-12-ին ԼՂՀ այցելած 5 պատգամավորները երեկ ասուլիսում եւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Գրիգոր Հարությունյանն «Առավոտի» հետ առանձնազրույցում բավական գունեղ նկարագրեցին, թե ինչ մեղմությամբ է Սամվել Բաբայանն այժմ արտահայտվում ԼՂՀ նախագահի մասին։ Թերեւս, այս միջոցով նա փորձում է (բավական ուշացած) հայցել նրա ներողամտությունը։ «Շուրջ 40 րոպեանոց մեր հանդիպման ամբողջ ընթացքում նա Արկադի Ղուկասյանի նկատմամբ թշնամական վերաբերմունք չի դրսեւորել, անվստահություն կամ որեւէ կասկած չի արտահայտել, թե նա կարող էր կազմակերպել իր նկատմամբ այս հաշվեհարդարը,- ասաց Գրիգոր Հարությունյանը։- Նա անգամ մեզ խնդրեց՝ փոխանցենք նախագահին, որ ընդունի իր դատապաշտպանին»։ Սամվել Բաբայանը գտնում է, որ Արկադի Ղուկասյանն անաչառ տեղեկատվություն չի ստանում Մավրիկ Ղուկասյանից եւ դատավոր Սուրեն Ալեքսանյանից։ Հայաստանցի խորհրդարանականներն, ի դեպ, ԼՂՀ նախագահին փոխանցել էին այդ խնդրանքը. «Միանշանակ չասաց՝ կընդունի՞, թե՞ չի ընդունի»։ Չնայած ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահը կասկած չուներ, որ այդ հանդիպումը կկայանա։ Հայկ Բաբուխանյանը Սամվել Բաբայանի անունից ասուլիսում նշեց, թե նա ոչ մի խնդիր չունի Արկադի Ղուկասյանի հետ. «Բաբայանի կարծիքով, եւ ես այդ կարծիքը կիսում եմ, շատ մարդիկ կան, ում համար Բաբայանի գործունեությունը քաղաքականապես խանգարող է։ Եվ այդ մարդկանց ցուցակում չէր ԼՂՀ նախագահը»։ Բանակի նախկին հրամանատարը չէր տվել խանգարողների անունները. «Սակայն հասկացվեց, որ առաջին հերթին այն մարդիկ են, ովքեր մասնակցել են երկրի թալանին եւ ապօրինություններին, որոնց մասին շատ մանրամասն տեղյակ է Բաբայանը»։ Մեր պատգամավորները նաեւ Արկադի Ղուկասյանի ինքնասիրությունը փորձեցին շոյել՝ նշելով, թե նրա հետ շուրջ 2 ժամանոց հանդիպման ընթացքում զգացել են, որ նախագահի՛ հետ են խոսում եւ ոչ թե այս գործով տուժողի, որին առաջնորդում է վրեժխնդրությունը։ Հայկ Բաբուխանյանը, որի գլխավորած թերթը Արկադի Ղուկասյանին սովորաբար ոչ թե ԼՂՀ նախագահ, այլ Արցախի մարզպետ է անվանում՝ այս անգամ շեշտում էր, որ «ԼՂՀ նախագահի մոտ տրամադրվածություն կա՝ ավելի զարգացնել իր ջանքերը ժողովրդավարության համակարգին անցնելու համար»։ Ինչո՞վ է պայմանավորված սուր քննադատությունից այս անցումը, արդյոք ՍԻՄ-ը վերանայե՞լ է իր վերաբերմունքն Արկադի Ղուկասյանի նկատմամբ։ «Ղարաբաղում ներքին հակամարտությունը տարբեր փուլերից էր բաղկացած,- մեր առանձնազրույցի ընթացքում ասաց Հայկ Բաբուխանյանը։- Շեշտադրումների փոփոխություն եղել է՝ պայմանավորված հենց այդ փուլերով։ Առաջ հարցերին շատ հուզական, ինչ-որ տեղ՝ անձնավորված մոտեցում է դրսեւորվել։ Պահի տակ որոշումներ են ընդունվել, որոշ դեպքերում՝ խախտվել են օրենքները։ Այժմ հույզերը կարծես թե անցել են հետին պլան եւ հիմա մարդիկ ավելի սառը, հանգիստ են փորձում վերլուծել իրավիճակը։ Եվ դա ես նկատել եմ ԼՂՀ նախագահի մոտ էլ։ Ինքն էլ հանդիպման ժամանակ ասաց, թե այժմ նախագահի աչքերով է փորձում դիտարկել քաղաքական լարումները, զարգացումները։ Սա՛ է փոխվել։ Բնականաբար, երբ փոխվում է ընդհանուր մթնոլորտը՝ մենք անցնում ենք նոր փուլ։ Ու փոխվում են նաեւ գնահատականները»։ Մեզ հետաքրքրում էր, թե արդյոք այժմ էլ, երբ դատավարության ընթացքում 4 հոգի ուղղակիորեն Սամվել Բաբայանին են մատնանշել որպես ԼՂՀ նախագահի դեմ ահաբեկչության կազմակերպչի, նա շարունակո՞ւմ է պնդել, թե ինքը ոչ մի առնչություն չունի կատարվածին։ «Նա այժմ էլ միանշանակ ժխտում է իր մասնակցությունը,- պատասխանեց Գրիգոր Հարությունյանը։- Իհարկե, չի ասում, թե մյուսներն այդպիսի բան չեն արել»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել