Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 13,2000 00:00

… ԵՎ ԱՅԼՆ ՕԳՆԵ՛Ք ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ Բաց նամակ տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Էդվարդ Միլիտոնյանին Հարգելի պարոն Միլիտոնյան. Արդեն երրորդ տարին է, որ պետությունն իր սուղ միջոցներից տարին մեկ անգամ գումարներ է հատկացնում ազատ մամուլի զարգացման համար: Ինքնին այդ փաստը ողջունելի է, բայց իմ մեջ որոշ կասկածներ են առաջանում՝ այդ մի քանի միլիոն դրամի բաշխման արդյունավետության վերաբերյալ: Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունը միտում ունի այդ գումարները բաժանել երկու տասնյակից ավելի պարբերականների միջեւ, որքան հասկանում եմ՝ ոչ մեկին «չնեղացնելու» նկատառումով: Դա, իմ կարծիքով, նշանակում է պետական գումարների փոշիացում: 600 հազար դրամը, որն այս տարի Ձեր ղեկավարած վարչությունը սիրահոժար տրամադրում է մեր թերթին (նաեւ մնացած օրաթերթերին), ցավոք, չի կարող նպաստել «Առավոտի» հզորացմանն ու բարգավաճմանը: Համեմատության համար Ձեզ հայտնեմ, որ միայն «Տիգրան Մեծ» տպարանին «Առավոտը» մուծում է ամիսը մոտ 3 միլիոն դրամ: Բայց 600 հազար դրամով հնարավոր է ձեռք բերել, ասենք, մեկ համակարգիչ եւ մեկ միջին կարգի տպիչ, որոնք այնքան անհրաժեշտ են դրանցից զրկված շատուշատ թերթերի: Ուստի դիմում եմ Ձեզ, հրաժարվելով պետության կողմից տրամադրվելիք այս գումարից, խնդրում եմ մեզ հասանելիք 600 հազար դրամն օգտագործել ավելի արդյունավետ՝ փոխանցելով այն պարբերականներին, որոնք չունեն բարձր տպաքանակներ եւ հովանավորներին դիմելու հնարավորություն, բայց որոնց լույս ընծայումը, ըստ Ձեզ, անհրաժեշտ է մեր պետությանն ու հասարակությանը: Հուսով եմ, որ առաջատար օրաթերթերի իմ հարգարժան գործընկերները նույնպես կխորհեն այդ ուղղությամբ: Հարգանքներով՝ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ամանորյա նվեր՝ թանկացում Ամանորից առաջ թանկացավ տեղական երկու արտադրողների՝ «Աշտարակկաթի» եւ «Գրանդ Քենդիի» արտադրանքը։ Կաթնամթերքը, մասնավորապես՝ կաթը, 250 դրամից աճեց 300-320 դրամի։ Նույնը՝ նաեւ մյուս տեսականին։ «Գրանդ Քենդիի» մարքեթինգի բաժնից «Առավոտը» ճշտեց, որ այս ընկերության արտադրանքի թանկացումը ոչ թե սեզոնի (Նոր տարուց առաջ) հետ է կապված, այլ հումքի թանկացման. «Հասկանում եք, դոլարի գինը բարձրացավ, բարձրացան նաեւ շաքարավազի, կարագի եւ այլ կոմպոնենտների գները»։ Նմանատիպ պատասխան տվեց նաեւ «Աշտարակկաթի» տնօրեններից մեկը՝ Սուրեն Ավետիսյանը, նշելով, որ կաթնամթերքի թանկացման պատճառը դարձյալ հումքի թանկացումն է, բնական կաթ համարյա չեն օգտագործում, քանի որ անասունների մորթ է գնում եւ, որ իրենք աշխատում են նվազագույն շահույթով։ Այն, որ այս տարի մսի գինը, ամեն դեպքում, շատ բարձր չի լինի, ակնհայտ է, քանի որ պրն Ավետիսյանի նշած անասունների մորթը ահռելի չափերի է հասել։ Սրա պատճառն էլ անասնակերի թանկացումն է. խոտի մեկ տուկը 400-ից դարձել է 700 դրամ։ Ի տարբերություն «Աշտարակկաթի» եւ «Գրանդ Քենդիի» արտադրանքի՝ չի թանկանալու «Թամարա» եւ «Շանթ» ընկերությունների արտադրանքը։ Հասկանալի է՝ պաղպաղակն այս շրջանում մեծ պահանջարկ չի վայելում եւ, ինչպես «Շանթի» մասնագետներից Վալերի Սարինյանն ասաց, իրենց արտադրությունը սեպտեմբերից կանգ է առել, եւ այժմ վաճառվում է պահեստավորված արտադրանքը, այն էլ՝ 20% զեղչով։ Ինչ վերաբերում է Լուսակերտի թռչնաբուծական ձեռնարկության արտադրանքին՝ հավ, ձու, ապա, ըստ տնօրենի օգնական պրն Խաչատրյանի, այսօրվա դրությամբ իրենց օրակարգում թանկացման կամ էժանացման հարց չկա, սակայն առաջիկայում ամեն ինչ հնարավոր է՝ «շուկա է, հասկանում եք»։ Մինչեւ Նոր տարի չի թանկանա նաեւ «Գեղարդ» ընկերության մսամթերքը։ Ըստ «Էտալոն Գամմայի» մարքեթինգի մենեջեր տիկին Խաչատրյանի՝ իրենց մոտ եւս թանկացման միտում չի նկատվում։ Ավելին, իրենք պատրաստվում են իրենց ֆիրմային խանութում 5% նախատոնական զեղչեր սահմանել։ Լ. Ա. ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԱՅՍՕՐՎԱ ՀՅԴ-Ն Է Մեր նախորդ հայտարարության մեջ («Առավոտ», 28.10.2000թ.) հանգամանորեն հիմնավորված էր ներկա իշխանությունների անկարողությունը՝ երկիրը դուրս բերելու տնտեսական եւ քաղաքական խոր ճգնաժամից, քանզի առաջին անհրաժեշտ քայլերը պետք է հանդիսանան կլանային համակարգի վերացումը եւ ազատ մրցակցության հավասար պայմանների ապահովումը։ Գնալով ներքին կոնյունկտուրայի հետեւից եւ ընդդեմ ողջ ժողովրդի շահերին՝ Հայաստանի իշխանությունները մերժեցին հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելը, որը կարող էր սկիզբ հանդիսանալ երկրի տնտեսության վերականգնման։ 1998թ. իշխանափոխությունից հետո կարելի էր մի դրական նախադրյալ նշել՝ դադարեցին քաղաքական դատավարությունները եւ ազատ արձակվեցին քաղաքական բանտարկյալները։ Սակայն Արկադի Վարդանյանի բանտարկվելուց հետո այս նախադրյալն էլ անհետացավ. ինչպես դա արվեց 94-95թթ. Դաշնակցության հանդեպ։ Այսօր էլ ոտնահարվեցին ժողովրդավարության տարրական նորմերը եւ մարդու հիմնական իրավունքները։ Բոլորին էլ ակնհայտ է, որ Արկադի Վարդանյանը իշխանությունը ուժով տապալելու նպատակ ամենեւին էլ չուներ, այլ առաջարկում էր ներկա իշխանավորներին փոխելու միանգամայն սահմանադրական ճանապարհ եւ, որ նրա դեմ հարուցված քրեական գործը արհեստական, պատվիրված բնույթ ունի։ Թվում է՝ իշխանությունները դեռ կարող են ուղղել թույլ տված սխալը եւ անհապաղ ազատ արձակեն անվանի քաղաքական գործչին, կարճեն նրա հանդեպ քրեական գործը եւ վերադարձնեն երկրի քաղաքական կյանքը ժողովրդավարական հունի մեջ՝ լուծելով բոլոր վիճահարույց հարցերը քաղաքական երկխոսության միջոցով։ Միաժամանակ ԳիԱրՔՄի-ի խորհուրդը նորից կոչ է անում համախմբվել երկրի ապագայով մտահոգ առողջ ուժերին՝ Հայաստանի առաջ ծառացած հիմնախնդիրների լուծման համար։ Ա. ԱՂԱՄԱԼՅԱՆ ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ Երեկ «Արեւելք-Արեւմուտք» ֆոտոլրագրության կենտրոնը կազմակերպել էր «Զատիկ» մանկատան սաների լուսանկարների ցուցահանդես։ «Ֆոտոլրագրությունը մասնագիտություն է թե՛ հարուստների, թե՛ աղքատների համար» այսպես է վերնագրված մանկական լուսանկարների նախագիծը, որը, ինչպես նշեց ֆոտոլրագրող եւ կենտրոնի տնօրեն Զավեն Խաչիկյանը, նպատակ ունի հավաքել եւ աջակցել ֆոտոլրագրությամբ հետաքրքրվողներին։ Ներկայացված լուսանկարներն ազատ թեմայով էին, երեխաները լուսանկարել էին իրենց աշխարհը, ամենօրյա կյանքը։ Տեղեկացանք, որ կենտրոնը 4 ամիս շարունակ անցկացրել է լուսանկարչության եւ լրագրության ինտենսիվ ուսուցում «Զատիկ» կենտրոնում։ Սկզբնական շրջանում ծրագրին մասնակցել են 12-16 տարեկան շուրջ 40 երեխա։ «Մենք ուզում էինք տեսնել, թե ովքեր են ամենայն լրջությամբ շահագրգռված նման աշխատանք կատարելու հարցում, որը հետագայում կդառնա իրենց մասնագիտությունը։ Ինչպես եւ սպասվում էր ֆոտոլրագրության հանդեպ լուրջ հետաքրքրություն ցուցաբերեց ընդամենը 13 երեխա»,- պատմում է պրն Խաչիկյանը։ Նշենք նաեւ, որ ներկայացված 80 լուսանկարներից միայն 35-ն էր ընտրվել ցուցահանդեսի համար եւ «բոլոր այդ ընտրյալները կենտրոնի հետ կապերը չկորցնելու դեպքում հետագայում կապահովվեն նաեւ աշխատանքով»։ Ա. ԴԱԲԱՂՅԱՆ ՏԱՏԻ «ՄՇՏԱԿԱՆԻՑ» ՏՈՒԺԵՑ ԹՈՌԸ Չորս տարի առաջ 65-ամյա 2-րդ կարգի հաշմանդամ Սեդա Մկրտչյանին նույնպես անվճար երթեւեկելու իրավունք տրվեց։ Այդ «մշտական» տոմսով էլ նա հաճախ Քաղցրաշեն-Երեւան ավտոբուսով իր Ջեյրան կովի կաթն ու մածունն էր տանում Երեւան վաճառելու։ Ինչպես բոլոր վարորդներին, այնպես էլ Վրեժին, զայրացրեց տարեց կնոջ «մշտականը», ու վարորդը կոպիտ վարվեց։ Տանը թոռը տատին տեսավ արյունոտ շրթունքով, քերծված ծնկով։ Իմացավ եղելությունն ու մորեղբոր՝ Արայի հետ գնացին Այգեձոր գյուղի կանգառ՝ վարորդ Վրեժից հաշիվ պահանջելու։ Հաշիվն ավարտվեց վարորդի մարմնական վնասվածքով։ Թե վարորդի, թե թոռ Արթուրի նկատմամբ քրեական գործ հարուցվեց։ Արան կրեց իր պատիժը, իսկ Արթուրը խուսափեց պատասխանատվությունից եւ ընտանիքով հեռացավ գյուղից։ Ամեն անգամ որոշում էր գալ Արարատի մարզ ու հանձնվել ՆԳ բաժին, բայց… Այդ անգամ էլ հիվանդությունը խանգարեց՝ տառապում էր թոքախտով։ Հիվանդանոց չգնաց, որովհետեւ հետախուզման մեջ էր՝ կկալանավորեին։ Բուժվեց տանը։ Այսպես անցան նրա կյանքի 4 տարիները, մինչեւ նստեց մեղադրական աթոռին։ Նրան դատում էր Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Գ. Սարգսյանը։ Դատախազը՝ Վ. Հովսեփյանը, հարցեր գրեթե չէր տալիս ամբաստանյալին, քանի որ վերջինս ընդունում էր կատարած հանցանքը ու ներում, մեղմ պատիժ խնդրում։ Ամենամեղմը 2 տարի 6 ամիսն էր, հաշվի առնելով նաեւ 10 ամսվա կրած ժամկետը։ Հիմա Արթուրը Արթիկի գաղութում կրում է իր պատիժը։ Սահմանված պատժի 1/3 մասն է կրել արդեն, մնում է ղեկավարության վերաբերմունքը՝ Արթուր Մակարյանին ազատ արձակելու հարցում։ ԺԵՆՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԸ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ՞ Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված տոնը համահայկական է, համաքրիստոնեական, բայց ի՞նչ է շահում Էջմիածին քաղաքը, շարքային էջմիածինցին, որն ապրում է Մայր տաճարի հարեւանությամբ։ Ինչպե՞ս է նա պատկերացնում այս տոնը, ի՞նչ սպասելիքներ ունի։ Այս հարցով մենք դիմեցինք էջմիածինցիներին։ Մանկավարժ, 50 տարեկան.- Մենք՝ էջմիածինցիներս, չենք կարդացել, բայց թերթերը գրում են, որ 1700-ամյակի տոնակատարության ծրագրում անգամ չկա Էջմիածին քաղաքի անունը։ Ճարտարապետ, 50 տարեկան.- Ասում են՝ ծախսվելու է 700 մլն դրամ, իսկ մեր քաղաքում ոչինչ նախատեսված չէ, կարծես Մայր տաճարը Էջմիածնում չլինի։ Թոշակառու.- Հանրապետության ղեկավարների համար Էջմիածինը միայն Մայր տաճար է ու կաթողիկոս, նրանք մոռացել են, որ այստեղ ապրում է 60-65.000 մարդ՝ սոցիալական բեռի տակ կքած։ Կրպակավար, 35 տարեկան.- Մենք երեւի 1700-ամյակի տոնակատարությունը տեսնենք միայն հեռուստացույցով ու մեկ էլ ղեկավարների գնացող-եկող ճոխ մեքենաներից։ Այնքան էլ արագ են քշում, ոնց որ ժողովրդից վախենան։ Նկարիչ, 35 տարեկան.- Թվում է սա միայն եկեղեցու եւ իշխանավորների տոնն է։ Ժողովրդական տոնը պիտի այնպես կազմակերպել, որ ժողովուրդը լինի տոնակատարության կենտրոնում։ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ Էջմիածին Հենց այնպես՝ «րասկրուտկա» ART 13-ով 1999թ. հունվարի 1-ից Ազգային հեռուստատեսությամբ պարբերաբար եթեր է հեռարձակվում ART 13 հեռուստաընկերության «Հիթ-շքերթ» հաղորդաշարը։ Հեռուստաընկերությունում հանդիպեցի հաղորդաշարի հեղինակ-հաղորդավար Գագիկ Հովսեփյանին։ – Վտանգ չկա՞, որ մի օր պարզապես կսպառվի ձեր նյութը կամ հյուրերը հաճախ կկրկնվեն… – Քանի որ մեզ մոտ հիմա բոլորը երգում են, կարծում եմ, ոչ նյութի պակաս կլինի, ոչ էլ հյուրը կկրկնվի։ – «Հիթ-շքերթում» ինչպե՞ս է կատարվում երգիչների ընտրությունը։ – Անկեղծ ասած, եթե երգիչներին «մաղով մաղենք», ապա անիմաստ կլինի հաղորդաշարի գոյությունը։ Ինչ է պատահել՝ թող լինեն սկսնակ երգիչներ, ինչու չէ՝ նույնիսկ վատ կատարող։ Միայն այսպես կտարբերենք չորը թացից եւ արդյունքում կմնան իրենց բարձրարվեստ կատարումներով բարձրակարգ երգիչներ։ – Ձեր «արտադրանքը» գնում է Ազգային հեռուստատեսությունը։ Ինչո՞ւ միայն վաճառել վերջինիս եւ գո՞հ եք արդյոք։ – Գիտեք, աշխատանքում եւ ոչ միայն, մեզ մոտ ամեն ինչ հիմնված է մարդկային բարի ու ջերմ հարաբերությունների վրա։ Այսօր արբանյակային կապով մեր հաղորդումները դիտում են աշխարհի տարբեր անկյուններում, իսկ Լոս Անջելեսում ամեն օր 1 ժամ տեւողությամբ եթեր ունենք, որն ապահովում է «Պարադիզ» գործակալությունը։ – Այնուամենայնիվ, 25 րոպեն երգչի համար նորմալ տեւողություն է եթերում երեւալու, արդյո՞ք վերջիններս չեն վճարում ձեզ։ – Ոչ մի կոպեկ։ – Ո՞վ կամ ո՞ր հաղորդաշարն է ձեր մրցակիցը Ազգային հեռուստատեսությունում։ – Եթե դուք ակնարկում եք «Ռուբիկոն+»-ին, ապա ասեմ՝ նրանց տեխնիկական հնարավորությունները, ուղիղ եթերը մենք չունենք, որը մեծ պլյուս է։ Եթե հաղորդաշարը կա, ուրեմն կա ասելիք եւ ունկնդիր… – Այսօր դուք գո՞հ եք այն ազատությունից, որ կա եթերում։ – Գիտեք, եթերում հաստատ կա հայոց լեզվի պրոբլեմ, կաղում է ռեժիսուրան։ «Ազատություն» ասվածը բերեց լեզվի կուլտուրայի անկում, որի համար ցավում եմ։ – Հեռուստադիտողը գո՞հ է ձեզնից, ի՞նչ եք կարծում։ – Խնդրեմ, կարդացեք այս ամբողջ պարկ նամակները։ – Ամենօրյա ձեր շփումը տարբեր երգիչ-երգչուհիների հետ՝ ձեր նշանած Նարինեի մեջ չի՞ առաջացնում խանդ։ – Ճիշտն ասած՝ կա այդպիսի պրոբլեմ, բայց զրույցների եւ այլնի միջոցով աշխատում եմ հարթել… ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել