«ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈԳՈՒ ՈՒԺ Է ՊԵՏՔ» Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում տեղի ունեցավ «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության խորհրդի հերթական նիստը։ Քննարկվեցին Հայաստանի ու հայության ներկա վիճակին առնչվող մի շարք խնդիրներ։ Այս առթիվ «Առավոտի» թղթակիցը մի քանի հարցով դիմեց ՌՀՄ խորհրդի անդամ, Նովոսիբիրսկի հայկական համայնքի ղեկավար Ֆրունզիկ Խաչատրյանին։ – Ինչո՞վ էր պայմանավորված ՌՀՄ հերթական միջոցառումը, ովքե՞ր էին մասնակցում եւ ի՞նչ անդրադարձումներ եղան։ – ՌՀՄ խորհրդի նիստը քննարկեց մի շարք հրատապ հարցեր, այդ թվում՝ միության առաջին համագումարի հրավիրումը, գործունեության ծրագիրը, Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700- ամյակին առնչվող մեր անելիքները։ – Ռուսաստանի հայերն ինչպե՞ս են գնահատում Հայաստանի ներկա տնտեսական ու քաղաքական իրավիճակը։ – Հայաստանի տնտեսական ու քաղաքական իրավիճակը. պարզ է՝ ծայրահեղ վատ։ Ողջ քաղաքակիրթ աշխարհը գիտե, որ Հայաստանը հնագույն երկիր է, հայերը՝ վաղնջական ազգ, եւ պատմության ամբողջ ընթացքում չեն ունեցել մշակույթի ու գիտության պակաս։ Բայց, ահա, պարադոքս. մեր ժողովուրդը կարգին չգիտե՝ ի՞նչ բան է պետություն, պետական կառուցվածք, ովքե՞ր կարող են լինել նրա առաջնորդները եւ ի՞նչ պարտավորություններ ու իրավունքներ պիտի կրեն։ Առավել ցավալի է, որ այս հարցադրումներին կարգին չեն տիրապետում անգամ իրենք՝ երկրի առաջնորդները։ Ահա թե ինչ է պատասխանում Ռոբերտ Քոչարյանը HTB հեռուստածրագրի այն հարցին, թե ե՞րբ է նախագահը պարտավոր հրաժարական տալ. «Երբ ես զգամ, որ չեմ վերահսկում իրավիճակը»։ Խնդրեմ։ Քոչարյանը մոռանում է, որ նախագահ դառնալիս երդումը ոչ թե ինչ-որ իրավիճակներ հսկելու խոստում է, այլ նախ՝ երկրի քաղաքացիների շահերն արտահայտելու եւ պաշտպանելու։ Իսկ իրավիճակները վերահսկվում են պատժիչ հիմնարկներում։ Կամ ինչպե՞ս էր հարգելի նախագահը «վերահսկում իրավիճակը», երբ երկրի բնակչությունը մի կտոր հաց վաստակելու պարտադրանքով՝ զանգվածաբար լքում էր հայրենիքը։ Կամ մի՞թե հոկտեմբերի 27-ի ահավոր փաստն է վկայում, թե մեծարգո նախագահն, ըստ ամենայնի, «վերահսկում է իրավիճակը»։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանից հեռացել է շուրջ երկու միլիոն հայ։ Նման «վերահսկվող իրավիճակներ» պատմության ընթացքում երկիրը շատ է տեսել, ժողովրդի եւ առաջնորդների միջեւ շատ անգամ են եղել ատելությամբ առլեցուն հակասություններ։ 20-րդ դարի վերջ՝ տնտեսական ծանր վիճակ, խարդավանքներ, ագահություն, կոռուպցիա, հուսախաբ ժողովուրդ։ Մի քանի հայ երիտասարդներ սպանում են մի խումբ առաջնորդների։ Չգիտեմ, ճի՞շտ է, արդյոք, այն կարծիքը, թե դա ինչ-որ օտար ծառայությունների գործ է։ Եթե նույնիսկ ճիշտ է, ապա անժխտելիորեն ամեն ինչ արվել է առկա ատելության բերրի հողի վրա։ – Ռուսաստանի տարածքում կան բազում անվանի հայ անհատներ։ Հետաքրքիր է նրանց վերաբերմունքը ՌՀՄ-ի եւ ընդհանրապես աշխարհասփյուռ հայության նկատմամբ։ – Այո, Ռուսաստանում շատ կան նշանավոր հայեր՝ քաղաքական գործիչներ, արվեստագետներ, բիզնեսմեններ, այլք։ Միանշանակ կարող եմ ասել, որ նրանք բոլորն էլ իրենց ժողովրդի արժանավոր զավակներն են, ապրում են Հայաստանով, ու եթե առանձին դեպքերում քիչ է շփումը հայրենիքի հետ, ապա պատճառը ոչ թե նրանց «սառնությունն» է, այլ նրանց հանդեպ երկրի իշխանության վերաբերմունքը։ Ո՞վ կարող է վիճարկել Արմեն Ջիգարխանյանի, Արթուր Չիլինգարովի կամ մյուսների հայրենասիրությունը։ Ոչ ոք։ Իսկ եթե ինչ-որ մարդիկ, այնուամենայնիվ, կասկածներ ունեն, ապա դրանք անպայման կփարատվեն ՌՀՄ-ի հետագա գործունեության ընթացքում։ Միայն թե պետք է հետեւել այդ գործունեությանը եւ ոգու ուժ ունենալ ազգային գործը ճշմարտորեն գնահատելու։