Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 13,2000 00:00

«Ընտրվածների մասին վատ խոսելն անբարոյականություն է» Այսպես է կարծում ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը, մանավանդ, որ համոզված է՝ ԳԱԱ թղթակից-անդամների ընտրություններն անցել են շատ արդար եւ ընտրվել են արժանավորները։ Ֆադեյ Տաճատիչն ափսոսում է, որ շատ արժանավորներ էլ դուրս են մնացել, սակայն հատկացված տեղերը 24-ն էին, իսկ հավակնորդները՝ 179։ Թղթակից-անդամների ինստիտուտը վերացվել էր 1993-ին եւ վերականգնվել է երկու տարի առաջ։ Ըստ ԳԱԱ նախագահի՝ «թղթակից-անդամներ պետք է լինեն, Ակադեմիան չի կարող լինել առանց թղթակից-անդամների»։ Թղթակից-անդամներին ներկայացվող պահանջները «ավելի մեղմ են», քան ակադեմիկոսներինը։ Ու քանի որ միանգամից ակադեմիկոս դառնալը շատ դժվար է, թեեւ այդպես էլ է պատահում, նախ դառնում են թղթակից-անդամ, հետո, երբ գիտական դպրոց կստեղծեն, կարժանանան նաեւ ակադեմիկոս դառնալու պատվին։ Ընտրված թղթակից-անդամների մասին Ֆադեյ Տաճատիչը բարձր կարծիքի է, այդ թվում՝ Լեոնիդ Հակոբյանի, որին համարում է շատ լավ տնտեսագետ եւ նույնիսկ առաջարկել է վերադառնալ ԳԱԱ։ Պրն Հակոբյանի թեկնածությունը հետաքրքիր էր այնքանով, որ հենց գիտական շրջանակներից մամուլում կարծիք էին հայտնել, թե նա չի համապատասխանում թղթակից-անդամներին ներկայացվող պահանջներին։ Ի պատասխան մեր հարցի՝ թեկնածուներից քանի՞սն էին գիտական աշխատանքով զբաղվող գիտնականներ, Ֆադեյ Սարգսյանն ասաց՝ բոլորը, այլապես գրանցվելու իրավունք չէին ունենա։ Բայց դժվարացավ ասել, թե գիտական ինչ աշխատանքով է հիմա զբաղվում Լեոնիդ Հակոբյանը, թեպետ վստահ է, որ հնարավոր է եւ պետական պաշտոն զբաղեցնել, եւ գիտությամբ զբաղվել։ Ի դեպ, առաջադրվել էին նաեւ ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ, որոնցից 5-ն արժանացել է թղթակից-անդամի կոչման, իսկ 7-ը՝ ոչ։ Ֆադեյ Տաճատիչը մանրամասն ներկայացրեց թղթակից-անդամների ընտրության բազմափուլ մեխանիզմը։ Թեկնածուներին առաջադրում են գիտական հիմնարկների գիտական խորհուրդները՝ արժանավորներին որոշելով փակ գաղտնի քվեարկությամբ։ ԳԱԱ հանձնաժողովը ստուգում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենսդրությանը եւ ներկայացնում բաժանմունքների գիտական խորհուրդների քննարկմանը։ Մոտ մեկ ամսվա ուսումնասիրությունից հետո այդ խորհուրդների ղեկավարները դեկտեմբերի 6-ին բաժանմունքների ընդհանուր ժողովի ժամանակ զեկուցել են, թե փակ գաղտնի քվեարկությամբ ով ինչքան միավոր է հավաքել եւ նաեւ ներկայացրել են դրսից ստացած կարծիքները։ Այս փուլի հաղթողները ներկայացվել են ԳԱԱ ընդհանուր ժողովին եւ Հայաստանի 84 (93-ից այդքանն է մասնակցել) ակադեմիկոսները որոշել են թղթակից-անդամների անունները։ Ըստ Ֆադեյ Տաճատիչի, ամեն ինչ արվել է հրապարակային։ Թերթում տրվել էր հայտարարություն եւ ցանկացած ոք կարող էր իր կարծիքը հայտնել այս կամ այն թեկնածուի եւ նրա աշխատանքի մասին։ Ի դեպ, մեր զրույցին մասնակցող ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը հենց այս հանգամանքը շեշտեց։ Ըստ նրա, այսօր ոչ ոք իրավունք չունի կասկածել, որ ինչ-որ մեկը, այդ թվում Լեոնիդ Հակոբյանը, արժանի չէ թղթակից-անդամի կոչումին, քանի որ կասկածողները մոտ մեկ ամիս հնարավորություն ունեին իրենց տեսակետը գրավոր հայտնել, սակայն ոչ ոք պրն Հակոբյանի հասցեին բացասական կարծիք չի ուղարկել։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել