Թշվառ-անտեր հա՜յ եմ ես Այն բանից հետո, ինչ ՌԴ տարածքում, ավելի կոնկրետ՝ Մոսկվայում, է՛լ ավելի կոնկրետ՝ Կրեմլում եւ նրա մատույցներում, վերջին տասնօրյակում ՌԴ հիմնը դարձավ «ռուսական հարց», «Առավոտը» որոշեց հետաքրքրվել մեր հիմնի ընդունելի-անընդունելի լինելով… Չէ՞ որ հայկական օրհներգն էլ ժամանակին «հալած յուղի» տեղ չընդունվեց ողջ հասարակության կողմից։Չցանկանալով ստանձնել «մեղվի բույնը քանդողի» դերը, բայց եւ չզսպելով գայթակղությունը՝ իմանալ մասնագետների ու սովորական մահկանացուների կարծիքը իրե՛նց պետության հիմնի մասին, վերցրինք ընկալուչը… Ռուսլան Գալստյան (կոմպոզիտոր)- Չգիտեմ, ի՞նչ ասեմ։ Նորմալ երաժշտություն է։ Խոսքերը՝ դե, խոսքեր են, էլի։ Սովորել ենք արդեն՝ ինչ արած։ (Ի դեպ, պրն Գալստյանը խոստացավ մոտ ապագայում ավելի մանրամասն արտահայտել իր կարծիքը)։ Վահրամ Թաթիկյան (հեղինակային երգերի կատարող)- Իմ կարծիքով, մեր հիմնը դեռ նոր պետք է կայանա։ Սա առայժմ պայմանականորեն, ժամանակավոր կարելի է օգտագործել՝ բավարար է։ Նոր հիմն պետք է ունենա իրո՛ք հաղթանակած ազգը՝ պետական զարթոնքի պայմաններում։ Իսկ առայժմ… վերջապես ինչ-որ մի բան պետք է հնչի, չէ՞։ Սա իմ երկրի հիմնն է ու պետք է հարգել։ Ու շատ կցանկանայի, որ այնպիսի առիթները, երբ հիմնը պետք է հնչի, շատ լինեին։ Իսկ այժմ մենք այս հիմնին էլ արժանի չենք։ Ռուբեն Մաթեւոսյան (երգիչ)- Ինչու մենք հիմն ունե՞նք որ։ Մեր ունեցածը օրհներգ է, հիմն չի։ Ու ես շատ կուզենայի, որ հիմն ունենայինք։ Այս օրհներգի խոսքերը Մ. Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունն է։ Մեղեդին էլ հայկական չի։ Հայկական մեղեդին իր կառուցվածքով դեպի վեր ձգտող է, իսկ այս երգի մեջ զգալի է դեպի վար ձգտումը։ Դա ոչ հայկական կառուցվածք է։ Այդ տարիներին՝ դարասկզբին, երգեր էին ստեղծվում ծանոթ մեղեդիների հիման վրա, այնպես որ, հնարավոր է, որ դրա հիմքում եղել է մի որեւէ ռուսական կամ այլ՝ ոչ հայկական մեղեդի։ Խոսքերի մասին արդեն ասացի։ Համենայնդեպս հիմն չի։ Այդ երգը ես շատ վաղուց գիտեի, մինչեւ Երրորդ Հանրապետության ստեղծումը։ Այնպես որ, հիմա էլ այդ երգը ես իմ մեջ երգում եմ «Իմ հայրենիք թշվառ, անտեր» եւ մինչեւ հիմա չեմ կարող ինձ ստիպել «ազատ, անկախ» երգել։ Հովհաննես Չեքիջյան (խմբավար)- Իմ կարծիքը պետք չի։ Ավելի հեղինակավոր մարդիկ կան, նրանց հարցրեք։ Ես չեմ ուզում նորից թշնամիներ վաստակել, ինձ իմ թշնամիները հերիք են։ Մի փորձեք իմ ձեռքերով կրակից շագանակներ հանել։ Համենայնդեպս, դա հայկական երգ չէ։ Վարդուհի Մարտիրոսյան (ուսուցչուհի)- Նորմալ հիմն է, ի՞նչ է պատահել։ Հա՜, հասկացա. հենց տեսաք Ռուսաստանում հիմնի կռիվ է ընկել, ուզում եք էստեղ էլ ձեր խառնակչությունն անեք։ Չի՛ ստացվի։ Հիմա մեր երկիրը շատ ավելի կարեւոր խնդիրների առջեւ է կանգնած, քան հիմն է։ Եվ ընդհանրապես, մարդկանց տեսակ կա՝ ամեն ինչի մեջ միայն վատն է տեսնում։ Ինչո՞ւ չեք ուզում զգալ մեր հիմնի մեջ մի որեւէ լավ բան։ Գեղեցիկ Սահակյան (տնային տնտեսուհի, իր խոսքերով՝ «ուղղակի մայր»)- Ես փորձում եմ իմ երեխաների մեջ ամեն ազգայինի ու պետականի նկատմամբ հարգանք սերմանել։ Լինի դա դրոշը, նախագահը, հիմնը, զինանշանը, պատմությունը, երաժշտությունը… Բայց, անկեղծ ասած, այս հիմնը հիմնի նման չէ, պատկառանք չեմ զգում այն լսելիս։ Հիմնը պետք է տպավորիչ, զգաստացնող, պատկառելի լինի։ Չէ որ, նրանով ենք ներկայանում դրսում։ Չնայած այս տարի, օրինակ, ոչ մի առիթ չստեղծվեց, որ ներկայանանք մեր հիմնով՝ օլիմպիադային խայտառակվեցինք, շախմատի աշխարհի առաջնությանը տապալվեցինք։ Հազա՛ր ամոթ։ Այդ մասին է պետք մտածել, ոչ թե հիմնը փոխելու։ Գեւորիկ (ուսանող՝ «պոլիտեխնիկի»)- Հիմնը ո՞րն ա։ Հա՜, էն թշվառ-քյասիբը… Արա, այ ախպեր, տո լավ է՜։ Հի՜մն-մի՜մն, չէ մի չէ՝ տինտիրիտի բուն։ Ասե՞մ՝ սաղից դզող երգը ո՞րն ա էս ազգի համար՝ «Հայ եմ ես, հայ ես դու»-ն: Ջոկի՞ր։ Էդ երգը միացնում ես, սաղ սկսում են տժժալը ու իրենց նատուռի ազգային են պատկերացնըմ։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ