Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 13,2000 00:00

ԴԵՂԱԳՈՐԾՆԵՐԸ ԼՈԲԲԻՆԳ ԵՆ ԱՆՈՒՄ Երեկ ԱԺ-ում քննարկվում էր «ՀՀ-ում հարկային եւ մաքսային բարեփոխումների ծրագիրը», որտեղ, ըստ էության, փաթեթային տարբերակով տրվում է ավելացված արժեքի հարկի առանձին արտոնությունների վերացման նախագիծ։ Ծրագրում անդրադարձ կա նաեւ դեղամիջոցների շուկային, նշվում է, որ «անհրաժեշտ է անուղղակի տրանսֆերանտներից անցնել ուղղակի տրանսֆերանտների, իրականացնել առավել հասցեագրված սոցիալական քաղաքականություն եւ հարկային բեռի հավասարաչափ բաշխում»։ Սա նշանակում է, որ ծրագրով նախատեսված է դեղերի նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառում։ Ահա այս խնդիրը ստիպել էր, որ հանրապետությունում դեղամիջոցների շուկային այս կամ այն կերպ առնչվող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք ոտքի կանգնեն եւ իրենց հակափաստարկներով ներկայանան կառավարությանն ու պատգամավորներին։ «Հայկական դեղագործական ասոցիացիան» (որի նախագահն ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի առողջապահական ենթահանձնաժողովի փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանն է) սկսել է իր բուռն լոբբիստական աշխատանքը պատգամավորների շրջանում։ Այդ նպատակով երեկ կայացավ ասոցիացիայի նիստը, որի ավարտին մոտ 25 դեղանյութեր ներկրող, արտադրող կազմակերպությունների եւ արտասահմանյան դեղագործական ֆիրմաների ներկայացուցչությունների ղեկավարները ստորագրեցին ԱԺ-ին ուղղված տեղեկանք։ Սույն փաստաթղթում ներկայացված էին բոլոր հիմնավորումները, որոնցով ապացուցվում էր դեղերի նկատմամբ ԱԱՀ կիրառելու աննպատակահարմարությունը։ Հիմնական բացատրությունն այն էր, որ այդ հարկատեսակը դեղագործական սեփական արտադրության չնչին տոկոս (3-4%) ունեցող մեր երկրում շատ ծանր հարված կլինի ոլորտի բոլոր ճյուղերի համար։ ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում այդ հարկատեսակը մտցվել է, սակայն 1-2 տարի հետո այն հանվել է՝ ելնելով աննպատակահարմարությունից։ Դեղագործները պատճառաբանում էին նաեւ, որ դեղորայքի գները առանց այդ էլ Հայաստանում շատ բարձր են՝ ի հաշիվ տեղափոխման ծախսերի. «Ներկրվում են ինքնաթիռով, եւ ինքնարժեքը բարձրանում է 7-12%-ով»։ Տեղեկանքի մեջ նշվում է նաեւ, որ դեղերի շուկան Հայաստանում գնալով փոքրացել է (եթե 98թ. ներմուծվել է 12 մլն դոլարի դեղորայք, ապա 2000 թ. ընդամենը՝ 6,5 մլն դոլարի)։ Զգուշացվում էր նաեւ, որ այս հարկատեսակը դեղորայքի վրա տարածելու դեպքում սպասվում է «սոցիալական պայթյուն», քանի որ, բնականաբար, դեղորայքի գների բարձրացմանը (իսկ դա անխուսափելի կլինի) կզուգորդի նաեւ ողջ առողջապահության թանկացումը։ Տեղեկանքում կար եւս մի նախազգուշացում. «Կիրառել 20% ԱԱՀ, նշանակում է դեղերի արժեքը թանկացնել ոչ թե 20%-ով, այլ շատ ավելի, որովհետեւ դեղերի 1 շրջափուլը 6 եւ ավելի ամիս է, եւ 20%-ին ավելացվում է նաեւ բանկի վարկի միջին ամսական 3% տոկոսադրույքը (6 ամսվա համար 18%)։ Հետեւաբար, ներկրողները ստիպված կթանկացնեն գները մոտ 40%-ով»։ Դեղագործները վստահ էին, որ այս օրենքի ընդունումը կհանգեցնի շուկայի մոնոպոլիզացիայի եւ կբերի ստվերային ճանապարհով աշխատող ֆիրմաների հզորացում։ Այս ամենը հասկանալով եւ պատգամավորների հասկացողությանը ապավինելով հանդերձ, դեղագործները որոշեցին ոչ միայն փաստաթղթերով գրոհել ԱԺ-ն, այլեւ անհատական լոբբինգ անել յուրաքանչյուր ծանոթ պատգամավորի հետ։ Ի դեպ, նրանց մոտ էլ Արշակ Սադոյանի կշիռը բարձր էր եւ մարդ էին փնտրում՝ նրա մոտ լոբբինգ անելու համար։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել