Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 13,2000 00:00

ԿԱՍԿԱԾՅԱԼԸ՝ ԹԵՅԻ ԲԻԶՆԵՍՄԵՆ Մութ կենսագրություն ունեցող Ղրիմի գործարար Վլադիմիր Շեւյովը ապաստան է գտել Հայաստանում եւ գործ է բռնել ԼՂՀ վարչապետի հետ։ Հոկտեմբերի 27-ից հետո առժամանակ անց հայաստանյան մամուլում հրապարակումներ եղան, որոնք, վկայակոչելով ուկրաինական մամուլն ու իրավապահ մարմինները, մտահոգություն էին հայտնում, թե 27-ի համատեքստում անհրաժեշտ է նկատի ունենալ որոշ ժամանակ Ղրիմում բնակվող Նաիրի Հունանյանի, ԼՂՀ ներկայիս վարչապետ Անուշավան Դանիելյանի, ինչպես նաեւ, Ուկրաինայի քաղաքացի Վլադիմիր Շեւյովի կապերը։ «Առավոտն» արդեն հայտնել է, որ «27»-ի գործին առնչվող «Ղրիմի դրվագի» վերաբերյալ ցուցմունքներն ընդամենը 7 էջ են կազմում։ Հարցաքննվել են ինչպես Հունանյանը, այնպես էլ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանն ու Վլադիմիր Շեւյովը։ Ըստ այդմ, Նաիրի Հունանյանը չի թաքցրել, թե ինքը մինչեւ 27-ը ճանաչել է ոչ միայն Անուշավան Դանիելյանին, այլեւ Վլադիմիր Շեւյովին։ Ավելին, որոշակի աղբյուրներից հայտնի դարձավ, թե Ն.Հունանյանը Ղրիմում լինելու ընթացքում եղել է Վլ.Շեւյովի ղեկավարած՝ «Տնտեսական վերածննդի կուսակցության» համակիրը, ինչը Հունանյանն իր ցուցմունքում հաստատել է։ Ըստ նույն աղբյուրների, վերջինս Ղրիմի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իբրեւ խորհրդական կամ իմիջմեյքեր օժանդակել է Վլ.Շեւյովին։ Իհարկե, «27»-ի նախաքննական մարմինը հարցաքննել է նաեւ Շեւյով-Գասպարյանին, որը, բնականաբար, հերքել է Հունանյանի՝ իրեն վերաբերող ցուցմունքները եւ նշել, թե ինքն անձնական կապեր չի ունեցել վերջինիս հետ։ Շեւյովը, որի նկատմամբ Ուկրաինայում հետախուզում էր հայտարարված, կապ է ունեցել Ղրիմի սկաուտական շարժման հետ։ Տեղեկություններ կան նաեւ, թե հենց Ղրիմում ռազմականացված ճամբարներ կան, որոնք Ուկրաինայի իրավապահների շրջանում անգամ հայտնի են իբրեւ վարձկանների ու քիլլերների որջեր։ Ցավոք, «27»-ի գործը վարող նախաքննչական խումբը ոճրագործությանը վերաբերող եւ տակավին վատ ուսումնասիրված այս մասն ավարտած է համարել, առավել եւս, որ Ղրիմ մեկնած հայ քննիչներին թույլ չեն տվել տեղում օպերատիվ գործողություններ ծավալել։ Փաստ է միայն, որ Ուկրաինայի եւ մասնավորապես Ղրիմի իրավապահներին քաջ հայտնի Վլադիմիր Շեւյովն արդեն 1-2 տարի Հայաստանում է հաստատվել՝ Վլադիմիր Գասպարյան նոր անունով։ Մենք փորձեցինք հնարավոր բոլոր աղբյուրներից ճշտել, թե ինչպե՞ս է Վլադիմիր Շեւյովին (նույն ինքը, Վլադիմիր Գասպարյան) հաջողվել Ուկրաինայում խույս տալ իրավապահներից։ Սիմֆերոպոլի քրեական հետախուզության պաշտոնյաներից մեկը՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Դամբրովսկին տեղեկացրեց, թե Վլ.Շեւյովը կասկածվում էր պետական օբյեկտների մասնավորեցման, հասարակական սննդի օբյեկտների եւ այլնի հետ կապված ֆինանսական մեքենայությունների մեջ։ Ու թեեւ նա հանդես էր գալիս առայժմ իբրեւ վկա, բայց կային լուրջ փաստեր նրան կոնկրետ մեղադրանք առաջադրելու համար։ Մեր այն հարցին, թե որքանով են հավաստի այն տեղեկությունները, թե Շեւյովը կասկածվում է նաեւ Ղրիմում կատարված մի քանի, այդ թվում նաեւ՝ պաշտոնատար անձանց, սպանության մեջ, պարոն Դամբրովսկին ասաց, թե շատ տեղեկություններ են եղել, բայց… Ըստ նրա, վկա Շեւյովին հաջողվել էր թաքնվել իրավապահներից եւ ապաստան գտնել Հայաստանում։ Ալեքսանդր Ալեքսանդրովիչը նաեւ ասաց, թե Ուկրաինայի համապատասխան մարմինները ժամանակին դիմել էին իրենց հայ գործընկերներին՝ Վլ.Շեւյովին գտնելու եւ Ուկրաինայի իրավապահներին հանձնելու համար։ Բայց ինչ-ինչ հանգամանքներ դրան խոչընդոտել էին, եւ «կողմերը չէին կարողացել այս հարցի շուրջ պայմանավորվել»։ Սա՝ այն դեպքում, երբ ԱՊՀ շրջանակներում Հայաստանն ու Ուկրաինան համապատասխան համաձայնագիր են ստորագրել իրավապահ ոլորտում համագործակցության մասին։ Մի խոսքով, Շեւյովի նկատմամբ հետախուզումը դադարել է այն պատճառով, որ ուկրաինացի իրավապահները չեն կարողացել նրան հայտնաբերել եւ բերման ենթարկել, իսկ, ինչպես պարոն Դամբրովսկին շեշտեց՝ «գործի նախաքննության ժամկետը սպառվել էր եւ Շեւյովի նկատմամբ հետախուզումը դադարեցվեց հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»։ Կասկած է հարուցում, թե Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ իրավապահներից խուսափած Վլադիմիր Շեւյով-Գասպարյանին ոչ միայն չեն հանձնել Ուկրաինայի իրավապահներին, այլեւ այնքան բարյացակամ են գտնվել նրա նկատմամբ, որ ապաստան են տվել Հայաստանում, ավելին՝ կարճ ժամանակ անց ՀՀ քաղաքացիություն շնորհել։ Ավելին, այս մարդն այսօր Հայաստանում սեփական բիզնեսն ունի։ Ըստ որոշ տեղեկությունների, նա «Չիկագո» բար-ռեստորանի փայատերերից մեկն է, ըստ էության, նրան է պատկանում նաեւ Բայրոնի փողոցում գտնվող «ՎԻԳԻՍ» բժշկական կենտրոնը, որի դիմաց հաճախ կարելի է տեսնել Շեւյովի «00-17 HKP» պետհամարանիշով «Ջիպը»: Նա նաեւ ԼՂՀ վարչապետ Ա.Դանիելյանի հետ համատեղ «բուժիչ թեյի» բիզնես ունի ԼՂՀ-ում։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել