Ուժայիններին փող տալը քննարկվեց գաղտնի ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Ազգային անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի հետ փակ նիստում՝ ուժային նախարարների մասնակցությամբ, քննարկեց ուժայիններին տրվելիք բյուջետային հատկացումների հարցը։ Պարոնայք նախարարները չպատասխանեցին մեր հարցերին, իսկ հանձնաժողովի անդամներն անընդհատ շեշտում էին, թե հարցը փակ է քննարկվել եւ հրապարակման համար չէ։ Այնուամենայնիվ, որոշ բաներ փորձեցինք պեղել։ «Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանին խնդրեցինք ասել՝ զինծառայողների սոցիալական վիճակն, ըստ բյուջետային հատկացումների, ավելի՞ բարվոք է, քան ՀՀ մյուս քաղաքացիներինը. «Սոցիալական ծախսերի կրճատում կա, երկարամյա ծառայության կամ անմիջապես կենսաթոշակի անցնելու ծախսերի կրճատում կա, օրինակ։ «Զինծառայողի սոցիալական պաշտպանվածության մասին» օրենքը տարածվում է բոլոր ուժայինների վրա եւ փոփոխությունն անմիջապես տարածվում է երեք նախարարությունների վրա»։ Հանձնաժողովի անդամ Հրանտ Խաչատրյանը՝ պատասխանելով մեր որոշ հարցերի, ասաց, թե մեզանում ուժային ռեֆորմների կարիք կա։ Ըստ պարոն Խաչատրյանի՝ թիվ մեկ խնդիրը տրամադրությունների փոփոխությունն է։ Իսկ այսօր դեռ կառավարությունն իր խնդիրը տեսնում է բյուջետային կառույցները պահպանելու, ստվերային տնտեսությունից գումարներ վերցնելու եւ ոչ թե այդ ստվերայինի խանգարող դերի մեջ։ Ըստ Հրանտ Խաչատրյանի, պաշտպանության համակարգին տրվող գումարներով հնարավոր է ավելի լավ արդյունք ունենալ, քան ունենք։ Իսկ ընդհանրապես, 2001-ի բյուջեից բանակին տրվող գումարների հաշվին, բանակի վիճակը, ըստ պարոն Խաչատրյանի, չի վատանա, եւ կպաշտպանվի այն, ինչ մինչեւ օրս եղել է։ Որքա՞ն գումար է տրամադրված (եթե տրամադրված է) հայոց բանակի համար նոր զենք ու զինամթերք գնելու։ Այս հարցին պարոն Խաչատրյանը փորձեց դիվանագիտական պատասխան տալ, ասելով, որ ինքը գաղտնի թվերի հետ աշխատելու փորձ ունի եւ, որպեսզի առիթ չլինի այդ թվերի մասին խոսել, ինքը սովորաբար դրանք իմանում է, աշխատում է չհիշել կամ մոռանալ։ Մ. ԵՍԱՅԱՆ