Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 13,2000 00:00

Նախագահը կհայտնվի գարնանը ԱԺ-ի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հանձնաժողովը մինչեւ այսօր նախագահ չունի եւ չի էլ ունենա մինչեւ գարուն։ Իսկ ՀԺԿ-ն, պարզվում է, դիրքորոշում ունի եւ, մեր դիտարկմամբ, կուսակցության դիրքորոշումը հանրապետականների մեջ անհամաձայնություն սերմանելն է։ Կարծիք կա, թե այդ խիստ կարեւոր հանձնաժողովի նախագահի հարցը սրում է ՀԺԿ-ն։ Իրո՞ք, այդպես է։ Այս հարցով դիմեցինք ՀԺԿ գրասենյակ։ Մեզ պատասխանեցին հետեւյալը. «Դրանք հերթական սադրանքներ են։ ՀԺԿ-ն ոչ մի առնչություն չունի տվյալ տեղի համար ինքնաառաջադրումների հետ։ Միաժամանակ գտնում ենք, որ ՀՀԿ-ն, ցանկալի է, ունենա մեկ թեկնածու՝ անկախ նրանից, տվյալ թեկնածուն ինքնաառաջադրվե՞լ է, թե՞ ՀՀԿ խորհուրդն է որոշում կայացրել։ ՀԺԿ-ն գտնում է, որ հանձնաժողովի նախագահի հարցը պետք է լուծվի «Միասնություն» խմբակցության ներսում։ Կարծում ենք, «Միասնությունն», ի վերջո, լուծում կգտնի»։ Հետաքրքիրն այն է, որ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւս այս կարծիքին է։ Նա նույնպես գտնում է, որ հարցը կլուծվի «Միասնությունում»։ Ի դեպ, փակագծի մեջ ասեմ, որ խմբակցության ներսում հարցը չի քննարկվել ոչ մի անգամ։ Հարցը ծանրութեթեւ է արվել բացառապես ՀՀԿ խորհրդում։ Պատասխանելով «Առավոտի» հարցերին, Գալուստ Սահակյանն ասաց. «Հանձնաժողովի նախագահի հարցը կքննարկվի գարնանային նստաշրջանում։ Մեր տեսակետն այն է, որ հանձնաժողովի նախագահի համար «Միասնությունը» մեկ թեկնածուով հանդես կգա»։ Իսկ ինչպե՞ս է բացատրում պարոն Սահակյանն այն հանգամանքը, որ երեք թեկնածու կա, խոսվում է նաեւ չորրորդի մասին. «Ես դա շատ բնական եմ համարում, որովհետեւ իրոք խմբակցությունում բավականին արժանավոր թեկնածուներ կան, բայց տեղը մեկն է»։ Գալուստ Սահակյանից, արդեն՝ որպես ՀՀԿ փոխնախագահ, հետաքրքրվեցինք՝ իրո՞ք, ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ձգտում է, որ ՀԺԿ-ն հանձնաժողովի նախագահի հետ կապված կուսակցական որոշում կայացնի. «Որեւէ կուսակցություն մեկ այլ կուսակցության որոշում կայացնելու խնդրին երբեւիցե չի մասնակցել, ինչպես նաեւ հանրապետականները»։ Իսկ «իմիջիայլոց», պարոն Սահակյանն ասաց նաեւ հետեւյալը. «ՀԺԿ-ն վերապահում չունի հանրապետականների առաջարկությանը։ Պարզապես, քաղաքական կազուսի տեսք է ստացել այն, որ նույն դաշինքից կարող է լինել նաեւ ուրիշ թեկնածու։ Խնդիրն այստեղ է։ Իսկ մեր թեկնածուի նկատմամբ ՀԺԿ-ում որեւէ խնդիր արձանագրված չէ, բնականաբար, ի սկզբանե որդեգրած ստատուս-քվոյի խնդիր կա, եւս պահպանվում է մինչեւ վերջ թե՛ մեր կողմից, թե՛ ՀԺԿ-ի կողմից»։ Պատասխանելով մեր հարցին, Գագիկ Մինասյանը (ՀՀԿ խորհրդի թեկնածու) ասաց, թե նորմալ է վերաբերվում իր գործընկերների ինքնաառաջադրմանը եւ, որ հատկապես այս հանձնաժողովի նախագահի տեղի համար է աղմուկը, քանի որ սա «կարեւորագույն հանձնաժողով» է։ Գագիկ Մինասյանն իրեն արդեն հանձնաժողովի նախագա՞հ է զգում (նկատի ունենալով ՀՀԿ-ի (որ նույնն է, թե Անդրանիկ Մարգարյանի) որոշումը)՝ «Ոչ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել