Մի բռնաբարության պատմություն
«Ինձ բռնաբարել է Վարդգես Արզումանյանը, Արցախի բանակի սպա»։ Այսպես է սկսում իր նամակը ամերիկահայ Անուշ Տեր-Թայլյանը։ Այս մասին «Առավոտն» արդեն գրել էր եւ ստացել Արցախի գեներալներից մեկի՝ Վիտալի Բալասանյանի պատասխանը, որ Անուշ Տեր-Թայլյանը թեթեւ վարքի տեր կին է։ Ամեն դեպքում, տիկինը ցանկություն է հայտնել դիմել «Առավոտին»։ «98-ին իմ ընկերներն ինձ ասում էին, որ այս փաստը (իրեն բռնաբարելու- խմբ.) չհրապարակեմ, քանի որ օգնելու եւ կարեկցանքի փոխարեն անունդ կարատավորես։ Սկզբում ես լռեցի (…), Արցախի գեներալ Վիտալի Բալասանյանն ինձ ասաց, որ ցանկացած բանակում էլ կան սպաներ, որոնք երբեմն սխալներ են գործում, եւ հրամանատարները պետք է օգնեն նրանց՝ ավելի խելացի վարվել այն կանանց հետ, որոնք միշտ եւ ամեն ինչում օգնություն են ցույց տվել զինվորներին եւ բանակին»։
Անուշ Տեր-Թայլյանը դատի է տալիս իրեն բռնաբարող սպային. «Գորիսի դատարանում Վարդգես Արզումանյանը ճանաչվեց մեղավոր եւ դատապարտվեց 3 տարի ազատազրկման։ Վճիռը բողոքարկվեց, եւ դատը շարունակվեց Երեւանում։ Դատապաշտպան Գրիշա Սարգսյանը հարց բարձրացրեց, որ վերանայեն որոշումը, քանի որ, ըստ նրա, Վ. Արզումանյանն անմեղ է։ Ես դիմեցի Գերագույն դատարան՝ բացատրելով, որ իմ առողջական վիճակը դրա հետեւանքով վատացել է եւ չեմ կարողանում նորմալ աշխատել։ Վ. Արզումանյանը 3 տարի պայմանական կալանքի արժանացավ»։ Տիկին Անուշը այնուհետեւ սկսում է պայքարել կանանց իրավունքների համար. «Ես հիմա ջղագրգիռ եմ դարձել եւ մինչեւ օրս սարսափելի երազներ եմ տեսնում։ Այս խնդիրն այն ժամանակ կդառնա հասարակությանը հուզող, եթե բռնաբարվի մեկի մայրը, կինը, քույրը, աղջիկը։ Սակայն եթե որեւէ ընտանիք նման պրոբլեմ չունի, չի ուզում հասկանալ, առավել եւս՝ օգնել ինձ»։
Սեփ. լր.
Կարդացեք նաև
Հ. Գ. Քանի որ մյուս կողմը պնդում է հակառակը. «Առավոտը» չի կարող դատավորի դեր ստանձնել՝ ճշտելու՝ ո՞վ է մեղավոր։ Մանավանդ որ, հարցն էլ մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկելու համար միայն լրագրողի մասնագիտությունը բավարար չէ։
ՊԵՏԲՅՈՒՋԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
«Արմենպրեսի» մամուլի սրահում երեկ Վարդան Խաչատրյանն առաջին անգամ ասուլիս տվեց որպես ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար։ Բնականաբար, ասուլիսի թեման 2001-ի պետական բյուջեի նախագիծն էր։ Այդ նախագծի համաձայն, կանխատեսված է 195 մլրդ դրամի չափով եկամուտ, 245 մլրդ դրամի չափով ծախսեր եւ 50 մլրդ դրամի դեֆիցիտ։
Հիշեցնենք, որ դեռեւս Լեւոն Բարխուդարյանը իր պաշտոնավարության ժամանակ կանխատեսել էր 95 մլրդ դրամի դեֆիցիտ։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի ներկայիս նախարարը դեֆիցիտի իջեցման մասին խոսելիս մի շարք քայլերի կողքին նշեց նաեւ, որ փոխվել է դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների կառուցվածքը. ավելացել է նոր տող՝ պետական ձեռնարկություններից եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման միջոցներ։ Ըստ նախարարի, բյուջեով աշխատավարձի որեւէ բարձրացում չի նախատեսված, բացառությամբ մեկ-երկու գործակալությունների, որոնք ստեղծվել են օրենքով եւ իրավունք ունեն վարձատրվելու։ 2001 թ. բյուջեով նախատեսված է նախկինում եղած դրամ-դոլար փոխարժեքը 547 դրամի դիմաց ընդունել 550 դրամ։ Վարդան Խաչատրյանը, բնականաբար, չէր կարող չխոսել նաեւ կուտակված պարտքերի մասին. «Մենք պարտքերից չենք հրաժարվի եւ դուրս չեն գրի, դա ժամանակի հարց է, եւ կփորձենք անպայման լուծում գտնել»։ Նա տեղեկացրեց, որ պարտքերի մարումը հիմնականում կիրականացվի առողջապահության բնագավառում (9 մլրդ դրամ)։ Նա հնարավոր համարեց 13 մլրդ պարտքի մարումը եկող տարվա ընթացքում։ Կառավարության 2001 թ. հիմնական խնդիրը ֆինանսների նախարարը համարեց պարտքերից խուսափելը։
Վարդան Խաչատրյանը խոսեց նաեւ հարկային դաշտի մասին. նա, այլ երկրների հետ համեմատած, Հայաստանի հարկային բեռը բարձր չհամարեց եւ նշեց, որ այն լիարժեք կարող է բնութագրվել միայն հարկատեսակների քանակը եւ դրույքաչափերը հաշվի առնելու դեպքում։
ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ԵՐԵՔ ԶԻՆԳԵՐԻ ԵՎ ՄԵԿ ԴԻԱԿ
«Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս՝ նվիրված պատանդ-զինգերիների եւ անհայտ կորածների պրոբլեմներին։ Նա տեղեկացրեց, որ 2000թ. Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել այդ հանրապետության 10 զինգերի, իսկ նրանք մեզ՝ 3 զինգերի եւ 1 դիակ։ Իրավապաշտպանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ դեռ շարունակվում է զինծառայողների հափշտակումը եւ, որ նրանց մի մասը պահվում է մասնավոր անձանց մոտ։
«Առավոտի» այն հարցին, թե կա՞ն տեղեկություններ, մասնավորապես «Արաբո» ջոկատից 1992-ին կորածների մասին (ինչին բազմիցս թերթն անդրադարձել է), Լ. Ալավերդյանն ասաց, որ իրենց մոտ են եղել մի խումբ կորածների ծնողներ։ Կազմակերպության ստացած միակ լուրը, որ Աղստեւում պահվում է 17 հոգի, եղել է 92-ին, իսկ 1998թ. Վրաստանի միջոցով եկած «մի ինչ-որ փոքր թուղթը», ըստ որի, «ինչ-որ մեկը, ադրբեջանցի, վրացի վարորդներից մեկին փոխանցել էր տարօրինակ թուղթ, որ ունի ինֆորմացիա «Արաբոյի» տղաներից մեկի մասին»։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
ԼՂՀ-ՈՒՄ ԱՆՏԱՌՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ ԵՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվել են հրապարակումներ, որտեղ «մտահոգություն» է հայտնվում, թե Ղարաբաղում մի շարք անտառամշակման ձեռնարկությունների շահագործման եւ որսորդության ակտիվացման արդյունքում մարզի կենդանական եւ բուսական աշխարհին, իբր, ոչնչացման վտանգ է սպառնում։
Սրան ի պատասխան, ԼՂՀ բնության պահպանության պետական վարչության պետ Գ.Գրիգորյանը նշեց, որ 1992-1996 թթ. համեմատ՝ օրինախախտումներն այս ոլորտում 2 անգամ նվազել են։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ԼՂՀ-ն ունի ջեռուցման այլ աղբյուրներ։ Սրան զուգահեռ, ԼՂՀ կառավարությունը 160 մլն դրամ է հատկացրել անտառների պահպանության, պաշտպանության եւ վերարտադրության աշխատանքների իրականացման համար։ Անդրադառնալով վայրի կենդանիների առանձին տեսակների որսին, Գ.Գրիգորյանն ասաց, որ այս տարի արձանագրվել է որսագողության 4 դեպք։ ԼՂՀ ՆԳՆ շտաբի պետ Գ.Հարությունյանի տվյալներով, վերջին 2 տարվա ընթացքում ԼՂՀ ՔՕ 168 հոդվածի՝ «անօրինական որս», հատկանիշներով Հադրութի շրջանում քրեական պատասխանատվության է ենթարկվել մեկ մարդ։
«ԴԵ ՖԱԿՏՈ» 21-ՐԴ ԴԱՐ՝ ԱԹԱՐՈՎ
Սպիտակի երկրաշար ժից 12 տարի անց քաղաքը դեռ «վերականգնման» փուլում է։ «Քաղաքի բնակմակերեսը վերականգնվել է միայն 30 տոկոսով։ Հոկտեմբեր ամսին այստեղ կառուցվել է 4 բնակելի շենք՝ 48 բնակարաններով։ Կարմիր խաչի հովանավորությամբ եւս 215 բնակարանի կառուցման ծրագիրը կիրականացվի 2001-ի առաջին կիսամյակին»,- հույս հայտնեց Սպիտակի թաղային կոմիտեի նախագահ Հայկ Սիսակյանը։ Բայց ավելի կարեւոր ու առաջնահերթ է աշխատատեղերի ստեղծումը՝ գործարանների, ձեռնարկությունների վերականգնումն ու շահագործումը։
Մինչեւ երկրաշարժը Սպիտակն ունեցել է կոշիկի, վերելակների, ռետինատեխնիկական իրերի, շաքարի գործարաններ, հացամթերքի կոմբինատ, ուր աշխատել են տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ այսօր նրանց զգալի մասը գործազուրկ է։ Անցած 12 տարիների ընթացքում արտադրական ձեռնարկությունները հիմնականում այդպես էլ չեն վերականգնվել։ Աշխատող ձեռնարկություններն էլ մասամբ են շահագործվում։ Սպիտակցիների ապրելու հիմնական միջոցը հողի մշակումն ու անասնապահությունն է։
Սեպտեմբեր ամսին երկրաշարժից հետո Սպիտակում անցկացվել է առաջին փորձնական մարդահամարը, որի տվյալներով գրանցվել է 12 տոկոս արտագաղթ։ Միջին տարիքի սպիտակցի մի կին, մեր հարցին՝ վերջին անգամ ի՞նչ մշակութային միջոցառման եք մասնակցել, պատասխանեց. «Ի՜նչ մշակույթ, ի՜նչ միջոցառում։ Հարցրու՝ հացի փող ունե՞ս, վառելիք ունե՞ս։ Հիմա գնում եմ աթար առնելու։ Հատը 30-50 դրամ է՝ կախված չափերից։ Հույս ունեմ, որ չափերով ավելի փոքրերը 25 դրամով էլ կտան»։ Ահա այսպես է սպիտակցին մտնում 21-րդ՝ բարձր տեխնոլոգիաների դար։
Ս. Մ.
ԱՄԱՆՈՐԻՆ ԽԱՌՆԱՇՓՈ՞Թ ԿԼԻՆԻ
Երեկ Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների կազմակերպման պետական հանձնաժողովի փոխնախագահ Խոսրով Հարությունյանը խորհրդակցություն էր հրավիրել։ Ներկա էին Երեւանի փոխքաղաքապետներ Վ. Վարդապետյանը եւ Կ. Արեյանը, ՆԳ փոխնախարար Հ. Վարյանը, «Ազգային հեռուստատեսության» գործադիր տնօրեն Տ. Նաղդալյանը, «Ար» հեռուստաընկերության նախագահ Մ. Տեր-Գուլանյանը, Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի գրասենյակի ծրագրերի պատասխանատու Լ. Իվանյանը, եկեղեցականներ, ՆԳ աշխատակիցներ եւ այլք։
Քննարկվեց դեկտեմբերի 31-ին Էջմիածնում, Խոր Վիրապում եւ հատկապես Երեւանում իրականացվելիք միջոցառումների ցանկը, հերթականությունը, կազմակերպչական այլ հարցեր։ Օրերը մոտենում են, բայց դեռեւս միակ անփոփոխ մասն այդ միջոցառումների շարքից դեկտեմբերի 18-31-ը հատվածին էր վերաբերում։ «Մայր Աթոռ սբ. Էջմիածնի 12 միաբաններ դեկտեմբերի 18-ին հատուկ արարողությամբ Խոր Վիրապում՝ սբ. Գրիգոր Լուսավորչի չարչարանաց վիհում կվառեն սբ. Լույսի Կանթեղը եւ ամեն օր երեկոյան Խաղաղական ժամերգությամբ ու պահպանիչ աղոթքներով կյանքի կկոչեն Գրիգոր Լուսավորչի սբ. Կանթեղը։ Այն կխորհրդանշի Չարչարանաց 13 տարիները, որոնք զարմանալի զուգադիպությամբ համապատասխանում են 1988-ից 2001 թվականը ձգվող մեր նորանկախ պետականության 13 տարիներին…»։ Երեւանում դեկտեմբերի 31-ին կայացվելիք միջոցառումների պատասխանատուն եւ ռեժիսորը Արմեն Մազմանյանն է։ Նա լուսանկարներով եւ գծագրերով համառոտ ներկայացրեց 16 մասից բաղկացած ծրագիրը։
Հիմնական միջոցառումները կենտրոնացած կլինեն Հանրապետության հրապարակում, ուր կտեղադրվեն մեծ էկրաններ եւ ուղիղ եթերով կցուցադրվեն միջոցառումները, արարողակարգը։ Նախատեսված է նաեւ ՀՀ նախագահի եւ Վեհափառի ուղեկցությամբ երթ դեպի Մեծ մոմ։ Խորհրդակցությունից այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչը՝ երբ է լինելու, ինչպես, եւ արդյո՞ք այդ գիշեր խառնաշփոթ չի ստեղծվի։ Ամենակարեւորը՝ որն է այդ արարողությունների գեղարվեստական եւ հոգեւոր իմաստը։
Ս. Ս.