Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 09,2000 00:00

Կամերային երգչախումբը՝ Սպիտակում Դեկտեմբերի 7-ին Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու նորաստեղծ կամերային երգչախումբը իրենց անդրանիկ համատեղ ելույթն ունեցան Սպիտակի «Սուրբ Հարություն» նորակառույց եկեղեցում։ Համերգը նվիրված էր դեկտեմբերի 7-ի աղետի զոհերի հիշատակին։ Երգչախումբն ու նվագախումբը հարգանքի տուրք մատուցեցին նաեւ ճանապարհին. դեռ Սպիտակ չհասած, ավտոբուսները կանգնեցին ու ժամը 11։41-ին լռության րոպե հայտարարվեց։ Եկեղեցում համերգը սկսվեց համայնքի հովիվ Ավետիք աբեղա Սողոմոնյանի օրհնությամբ ու բարեմաղթանքով։ Նա օրհնեց երգչախմբի ու նվագախմբի գործունեությունն՝ ասելով, որ աստվածահաճո գործ են անում, եւ շատ խորհրդանշական է, որ նորաստեղծ երգչախումբն իր առաջին ելույթն ունենում է հատկապես նորակառույց եկեղեցում՝ երկրաշարժի 12-ամյա տարելիցին։ Կամերային երգչախմբից հետո ելույթ ունեցավ նաեւ Պետական կամերային նվագախումբը, իսկ վերջում եկեղեցու խնկաբույր կամարների ներքո երգչախումբն ու նվագախումբը միասին կատարեցին Մոցարտի «Ավե Վերում Կորպուս»-ը։ Կամերային նվագախմբի ու երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանի հավաստմամբ, Սպիտակ գնալու համար նախօրոք դիմում է հղվել Գարեգին Երկրորդ կաթողիկոսին, եկեղեցում համերգ ունենալու համար, եւ նամակով ստացել են Վեհափառի հատուկ թույլտվությունը։ Կամերային երգչախմբի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն ասաց, որ երգչախմբի ու նվագախմբի հովանավորը Վաչե եւ Թամար Մանուկյան բարեգործական միությունն է։ Կամերային նվագախմբի դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը հավաստիացրեց, որ ե՛ւ նվագախումբը, ե՛ւ երգչախումբն ապագայում շատ մեծ ծրագրեր ունեն։ «Հույս ունեմ, որ բոլորն էլ կիրականացնենք։ Առաջիկա մարտ ամսին կմեկնենք Անգլիա։ Այնտեղ «Սուրբ Եղիշե» եկեղեցու բացումը կլինի, եւ Օծման արարողության պատարագը մեր Կամերային երգչախումբը պիտի կատարի։ Դրանից բացի, Անգլիայում Կամերային երգչախումբն ու նվագախումբը ելույթ կունենան նաեւ առանձին համերգներով»,- ասաց Ա.Ղարաբեկյանը։ Տա Աստված, որ Կամերային նվագախումբն ու երգչախումբն ապագայում էլ շարունակեն նույն եռանդով ու խանդավառությամբ իրենց նպաստը բերել մեր մշակույթի զարգացմանը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել