Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 09,2000 00:00

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԱՀԱՑՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԴԱԳԱՂԻ ԲԻԶՆԵՍ Արդեն շուրջ 30 տարի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ Նար-Դոսի փողոցը դագաղագործների «բիզնես-կենտրոն» է հիշեցնում։ Այստեղ օր ու գիշեր շարան-շարան ի ցույց դրված դագաղները փողոցին սգավորի շունչ են հաղորդում, աղավաղում տեսքը։ Էլ չենք խոսում այն մասին, որ պարզապես հակահիգիենիկ ու տհաճ է սննդամթերքի կրպակների հարեւանությամբ դագաղ վաճառել։ Քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկն էլ նկատեց, թե ամոթի զգացումն ու զավեշտը միախառնվում են, երբ այս փողոցով անցնում են մայրաքաղաք ժամանած արտասահմանցի հյուրերը։ Նրանք ակամա կնճռոտում են դեմքերն ու ցավակցական տոնով հարցնում, թե այդ ի՞նչ աղետ, ավիավթար կամ համաճարակ է եղել, որ այդքան շատ մարդիկ են զոհվել։ «Ի՞նչ ասես, ստիպված ես չլսելու տալ ու հարցը շրջանցել»,- վստահեցրեց պաշտոնյան։ Քաղաքակիրթ որեւէ երկրի կենտրոնական փողոցներում երբեք դագաղներ չեն վաճառվում։ Դրա համար կան հատուկ մասնագիտացված խանութներ։ Դրանք Երեւանում էլ կան, մասնավորապես՝ Զեյթունի, Թոխմախի, Շահումյանի ու Կարմիր Բլուրի գերեզմանատների հարեւանությամբ։ Բայց երեւանցիներն ու մարզերից եկողները շատ լավ գիտեն Նար-Դոս փողոցի տեղը, ուստի հիշյալ հատուկ խանութների գոյությունն իրեն չի արդարացնում։ Երեւանի գործադիր մարմնի առջեւ ծառացած բազմաթիվ հիմնահարցերից մեկն էլ հիշյալ խնդրի կարգավորումն է։ Առավել եւս, որ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարություններն առջեւում են, եւ մայրաքաղաքը պետք է տեսքի բերել ոչ միայն արտասահմանցի հյուրերի, այլեւ՝ մեր համերկրացիների ճաշակը չփչացնելու համար։ Թերեւս, հենց այս կապակցությամբ նոյեմբերի 27-ին Երեւանի քաղաքապետարանը որոշում է կայացրել «Երեւան քաղաքում առեւտրի, հանրային սննդի եւ սպասարկումների ոլորտի տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը կարգավորելու մասին» եւ ավելի քան տասը օր առաջ ներկայացրել կառավարությանը։ Հիշյալ որոշման համաձայն, դագաղների վաճառքը կարող է իրականացվել միայն քաղաքապետի որոշմամբ՝ գերեզմանատներին կից առանձնացված հատուկ տեղերում կամ քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ-ի կոմիսիոն գործարքի միջոցով։ Որոշումն ամրագրում է նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանի կամ թաղապետարանների նախաձեռնությամբ այս գործընթացը կարգավորելու ընթացքին կարող են օժանդակել նաեւ Երեւանի ՆԳՆ ստորաբաժանումները։ Այս խնդրի կանոնակարգման հսկողությունն իրականացնելու է քաղաքապետի տեղակալ Վարդան Վարդեւանյանը։ Քաղաքապետարանն ակներեւաբար գիտի նաեւ, որ այս միջոցառումը կարող է դագաղագործների եւ դրանց վաճառքն իրականացնող օբյեկտների տերերի դժգոհության առիթ դառնալ։ Ուստի, քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ տնօրեն Արամ Առաքելյանը հարկ համարեց տեղեկացնել, որ դագաղագործների «բիզնեսն» այս միջոցառման արդյունքում վնասներ չի կրի։ Ըստ նրա, դագաղների վաճառքը նախատեսվում է իրականացնել կտրոններով եւ ճիշտ այն գներով, որով դագաղագործները մինչ օրս իրենց արտադրանքը հանձնում էին առեւտրի օբյեկտներին։ Ա.Առաքելյանը հավաստիացրեց նաեւ, որ դրա արդյունքում ոչ միայն դագաղագործը չի տուժի, այլեւ սպառողը կշահի, քանի որ մասնագիտացված խանութներում այդ «ապրանքն» անհամեմատ էժան կլինի, քան Նար-Դոսում է։ «Փոխարենը որոշակի մուտքեր կլինեն նաեւ պետբյուջե։ Օրական 13-15 մահ է արձանագրվում եւ, եթե դագաղի վաճառքից գոնե 1000 դրամ մնա ձեռնարկությանը, օրական միջինը 15 հազար դրամ կմտնի պետբյուջե»,- հավաստիացրեց Ա.Առաքելյանը։ Կառավարությունը դեռ չի արձագանքել քաղաքապետարանի հիշյալ որոշմանը եւ եթե հավանություն տա այս նախաձեռնությանը, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից եւս մեկը տեսքի կբերվի։ ՍԻՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել