Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 09,2000 00:00

ՄԱՀԱՑԱԾԻ ՄԱՍԻՆ ԿԱՄ ՄԻԱՅՆ ԼԱՎԸ, ԿԱՄ՝ ՈՉԻՆՉ Ով է պղտորում ջուրը եւ փորձում այնտեղ ձուկ բռնել Հռոմեացիք ասում էին՝ մահացածի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ։ Հազարամյա այս ճշմարտությունը, ցավոք, մեզանում այսօր մոռացված է, ուրեմն ինչ-որ բան ճիշտ չէ։ Այս տասնամյակների ընթացքում, անձամբ ես, հաճախ եմ առիթ ունեցել հանդես գալ մամուլում, սակայն երբեք չէի մտածել, որ նման ողբերգական առիթ կամ պատճառ կունենամ այսպիսի հրապարակման։ Ցավոք, փաստ է, ողբերգական մահով կյանքից հեռացել է հարազատ մարդ՝ Արտաշես Տեր-Օսիպյանը եւ դրան զուգահեռ՝ ստեղծվել է մի ստոր, ստահոդ մթնոլորտ այդ փաստի շուրջ։ Պատմությունը ունի մի քանի կարեւոր դերակատարներ՝ զոհ, պատվիրատու, անարգված, տուժած կողմ, որը ձգտում է ճշմարտության բացահայտմանը՝ վերջիններիս թվին եմ պատկանում նաեւ ես։ Ենթադրությունը, որի պատճառով վրդովված եմ, հետեւյալն է՝ կոնկրետ մարդիկ ի սկզբանե փորձում են պղտոր ջրում ձուկ բռնել եւ խեղաթյուրել ճշմարտությունը։ Ոմն Պուշկին Սերոբյան, որը, ըստ մեզ, ինքը պատվիրատուն է, որին մենք դեռ կանդրադառնանք, հապճեպ, շինծու ինֆորմացիա է զետեղում Արտաշես Տեր-Օսիպյանի մասին ինտերնետում։ Հենց այս տեղեկություններից են օգտվում մեր եւ ռուսաստանյան թերթերը։ «Գոլոս Արմենիի» թերթը կարճ մի հաղորդագրություն է հրապարակել նոյեմբերի 18-ին Բուլղարիայում «մահացած հայ քաղաքացու մասին», որտեղ թույլ է տրված մտածված անճշտություն, այն է՝ մահացած Արտաշես Հովսեփյանը ժամանակին դատվել է հայրենիքում։ Այս ամենը կարող ենք համարել զուտ պատահականություն կամ լրագրողների մասնագիտական ոչ բարձր պատրաստվածության հետեւանք, բայց Պուշկին Սերոբյանի ի հայտ գալու հանգամանքն ամենաէականն է եւ հիմքն այս պատվիրված հոդվածների շղթայի։ Որոնք են այդ նպատակային, շինծու փաստերը։ ա) Իբր Արտաշես Հովսեփյանը մի քանի տարի առաջ փախել է Մոսկվայից, որովհետեւ պրոբլեմներ ուներ ռուսական մաֆիոզ կառույցների հետ։ բ) Իբր Արտաշես Հովսեփյանը ժամանակին դատված է եղել Հայաստանում։ Այս եւ մյուս բացահայտ կեղծ լուրերը մանրամասն, փաստաթղթային հերքման կարիք ունեն։ Արտաշես Տեր-Օսիպյանը 1992 թվականից բնակվել է Մոսկվայում, նրա կինն ապրում եւ աշխատում է Մոսկվայում, նրա երեխան սովորում է Մոսկվայի դպրոցներից մեկում։ Տարվա մեծ մասը Արտաշես Տեր-Օսիպյանն անցկացրել է Մոսկվայում, Բուլղարիա է մեկնել հանգստանալու եւ գործնական հարցերով։ Ինչ վերաբերում է դատված լինելուն, նախ, նրան դատել են ոչ թե Հայաստանում, այլ Կիեւում, իրերի ծիծաղելի բերումով դատավորի ազգանունը Սկամառոխ էր։ Խորհրդային Միության գլխավոր դատախազության վերաքննման արդյունքում շատ կարճ ժամանակ անց դատը տեղափոխվել է Թբիլիսի, որտեղ 1991թ. կրկնական դատից հետո ապացուցվել է Արտաշես Հովսեփյանի անմեղությունը եւ նրա վրայից մեղադրանքը հանվել է, նա ազատ է արձակվել, ասել է թե՝ Արտաշես Հովսեփյանը դատված չէ։ Հաստատապես պարզ է, որ Պուշկին Սերոբյանի կամ նրա նմանների միակ նպատակը զրպարտությունն է. օրինակ, որ Արտաշես Տեր-Օսիպյանը 1995-ին է ազատվել բանտից ու մեկնել Բուլղարիա՝ բնակության։ Ստիպված ենք կրկնել, որ մինչեւ վերջին օրը Արտաշեսը աշխատել, ապրել ու գործել է Մոսկվայում, ու ոչ մեկի՝ հատկապես հանցագործ խմբավորումների եւ իրավապահ մարմինների հետ պրոբլեմներ չի ունեցել։ Հավանաբար ժամանակի սակավությունն է պատճառ դարձել, որ հրապարակումից առաջ չեն ստուգվել այս եւ այլ մանր փաստեր, այն է՝ Արտաշեսի ազգանունը ոչ թե Հովսեփյան է, այլ՝ Տեր-Օսիպյան, նա 35 տարեկան չէ, այլ՝ 34, հյուրանոցի համարը, որը տասնյակ անգամ շեշտվում է հոդվածում, ոչ թե 101-ն է, այլ՝ 103-ը եւ, վերջապես, Սոֆիա քաղաքի մոտ ծով չկա եւ հյուրանոցի ապրողներն այդ ժամանակ չէին կարող գտնվել ծովափում։ Այն պնդումը, որ Արտաշես Տեր-Օսիպյանը ռուսական կրիմինալի հետ կապված պատմության զոհ է, զարմացնում է իր միամտությամբ։ Մարդը, ունենալով բարձրագույն կրթություն, զբաղվում է առեւտրային գործարարությամբ եւ բիզնեսով ու պարտավոր չէ անպայման կապված լինել կրիմինալ տարրերի հետ։ Հետաքրքրական է նաեւ այն, որ չնշելով աղբյուրը, պնդվում է, որ բուլղարական մամուլը Արտաշեսին համարում է հայկական մաֆիայի ղեկավարը Բուլղարիայում։ Մեր ձեռքի տակ ունեցած բուլղարական պաշտոնական լրատվությունը բոլորովին այլ բան է վկայում, ինչին մենք դեռ կանդրադառնանք։ Մյուս սուտն այն մասին է, թե իբր հաջորդ օրը սպանվել է Արտաշես Տեր-Օսիպյանի գործընկերը՝ Բուլղարիայի հյուրանոցների եւ զբոսաշրջության բիզնեսով զբաղվող Մինչո Բենիեւը։ Իրականում Մինչո Բենիեւը ողջ եւ առողջ է։ Ուղղակի այդպես է հարմար խմբագրին։ Իրականում հաջորդ օրը սպանվել է այդ հյուրանոցի հարեւան համարում բնակվող ոմն իտալացի, որի մասին բուլղարական ներքին գործերը ի պաշտոնե հայտարարել են, որ նա հայտնի է որպես զենքի առեւտրական եւ դա ենթադրել է տալիս, որ առաջին օրը հյուրանոցում տեղի ունեցած պայթյունը նախատեսված է եղել հենց այդ իտալացի մաֆիոզի համար։ Տեղի է ունեցել անհեթեթ վրիպում, որից հետո, հաջորդ օրը պատվեր կատարողները ուղղել են իրենց սխալը, սպանել իրական զոհին։ Նշենք նաեւ, որ Արտաշես Տեր-Օսիպյանը ոչ մեկից չի թաքնվել, երբեք իրեն չի շրջապատել թիկնապահներով, ինչը ցանկացած կրիմինալ հեղինակության համար պարտադիր էր։ Մեկ հոդվածում այսքան ակնհայտ սուտ տեղեկությունները թույլ են տալիս եզրակացնել, որ դրա նպատակը այլ է՝ վարկաբեկել, սեւացնել Արտաշես Տեր-Օսիպյանի անունը։ Հետաքրքիր է նաեւ, որ Բուլղարիայի ներքին գործերը առայսօր հայտարարում են, որ ռումբի կազմը պարզված չէ, գնում է հետաքննություն, իսկ լրագրող Կրիվոշեեւի ուղեղում ուղղակիորեն գրված է պայթուցիկի կազմը՝ գրամներով։ Հարկ է նշել նաեւ, որ Կրիվոշեեւը խոստովանել է, որ հոդվածը վճարովի պատվեր է Մոսկվայի ոմն հայ գործարարի կողմից եւ որ «տվյալները» տրամադրվել են նրան Երեւանից, ինչ-որ իրավա-հասարակական կազմակերպության միջոցով։ Ստորեւ թարգմանաբար ուզում ենք մեջբերումներ անել բուլղարական մի քանի թերթերից։ «Ժամ 24», 18 նոյեմբերի, Իվան Լապչեւ՝ բիզնեսմեն, նախկինում դիվանագետ. – Անակնկալի եկա կատարվածից։ Արտաշեսը շատ քաղաքավարի, կոռեկտ գործընկեր էր, երբեւէ պրոբլեմներ չեմ ունեցել նրա հետ։ Անհիմն են այն պնդումները, թե Արտաշեսը տասնյակ հիմնարկների եւ սրճարանների փայատեր է։ Հիշատակվող «Այ եմ Դե ՕԴ» ֆիրման, որի մասին շատ են գրում տարբեր թերթերում, իսկապես պատկանում է ութ անձի, որոնց ցանկում, սակայն, բացակայում է Արտաշես Տեր-Օսիպյանի անունը։ «Տրուդ» շաբաթաթերթ, 18 նոյեմբերի. «Ով է Արտաշեսը».- «Արտաշեսը՝ Տյաշան, Բուրգաս քաղաքում հաճախ էր հանգստանում ու զբաղվում գործարարությամբ։ Նա մեծ սրտի տեր, բարեկիրթ անձնավորություն էր, գործարար մարդ, երբեւէ ահաբեկչությամբ չի զբաղվել»։ Ճշտենք, որ Տյաշը ոչ թե կրիմինալ մականուն է, այլ այդպես են կոչել նրան դեռ մանկուց՝ հարազատները, ծնողները, ընկերները։ Սոֆիայի հետաքննչական խմբի ղեկավար Վալենտին Վռանովը հայտարարում է, որ Արտաշես Տեր-Օսիպյանը հինգ տարվա ընթացքում ոչ մի անգամ չի եղել ներքին գործերի եւ պետական անվտանգության մարմինների հսկողության տակ, քանի որ ոչ մի օրինախախտ գործունեության մեջ նրան երբեւէ չեն նկատել։ Եվ, վերջապես, մեջբերում եւս մեկ հոդվածից՝ բուլղարական «Պաշտիկա», 21 նոյեմբերի. «Արթուրը երկուշաբթի, ամսի 13-ին պետք է մեկներ Մոսկվա, ինչ-որ գործերի պատճառով ստիպված է եղել հետաձգել ճանապարհորդությունը եւ, ըստ մոտիկ աղբյուրների, այն պետք է կայանար նոյեմբերի 16-ին։ Մոսկվա խոսելուց հետո նա չէր կարող ենթադրել եւ պատկերացնել, որ իր դեմ մահափորձ կարող էր պատրաստվել եւ չափազանց հանգիստ էր, բարձր տրամադրությամբ՝ մինչեւ վերջին օրը։ Նա երբեք չէր թաքնվում եւ շրջագայում էր առանց թիկնապահների, մարդկանց հոծ խմբերի մեջ՝ գիշերային Սոֆիայով։ Նա անհանգստանալու կամ վախենալու որեւէ հիմք չի ունեցել»։ Կարծում եմ, որ այսքանը բավական է եւ պերճախոս։ Հարց է ծագում՝ ի՞նչն է պատճառը, որ տխրահռչակ Պուշկին Սերոբյանը շահագրգռված է նման սուտ եւ կեղտոտ պատմություններ հորինելու։ Պատճառը մեկն է՝ նրա անփառունակ զրպարտչի անցյալը, որը նրան հանգիստ չի տալիս։ Ժամանակին, երբ Արտաշես Տեր-Օսիպյանի հայրը զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, Պուշկին Սերոբյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման՝ հատուկ ռեժիմի գաղութում։ 1979-80թթ. նա ձերբակալվել է հինգ մեղադրանքներով՝ 1. մահափորձ հանրապետության գլխավոր դատախազի դեմ, 2. տեռորիստական ակտի պատրաստում անձի դեմ, 3. կաշառակերություն՝ հատուկ խոշոր չափերի, 4. զրպարտություն, 5. անօրինական զենքի կրում։ 1988-ին Պուշկինը, ութ տարի նստելուց հետո, գորբաչովյան համաներման շնորհիվ դուրս է եկել բանտից։ Սակայն այդ օրվանից առայսօր Պուշկին Սերոբյանը տասնյակ անգամ ապարդյուն փորձել է թե՛ ԽՍՀՄ, թե՛ Հայաստանի դատարաններում արդարացնել իրեն։ Ամեն անգամ նրա փորձերը եղել են անարդյունք։ Պուշկին Սերոբյանն առայսօր բոլոր հինգ մեղադրանքներով համարվում է մեղավոր եւ նրա վրայից ոչ մի մեղադրանք հանված չէ։ Տեղին է նշել, որ Պուշկինի «անոնիմ» զրպարտության արդյունքում ՍՍՀՄ ՊԱԿ-ը (Խթը) ուսումնասիրել էր 800 գործ, բայց եւ ոչ մի դրվագով դատախազ Սուրեն Տեր-Օսիպյանի կողմից ոչ մի խախտում կամ օրինազանցություն չէր արձանագրվել։ Հետագայում էլ Պուշկինը բազմիցս զրպարտիչ հոդվածներ է հրապարակել, այժմ Ռուսաստանի Դաշնության Իրավունքի ինստիտուտի գիտաշխատող, ԱՊՀ-ում Հայաստանի դատախազության ներկայացուցիչ Սուրեն Տեր-Օսիպյանի դեմ։ Պարզ է, որ նման մարդը չէր կարող բաց թողնել «առիթը»՝ իր փոքրոգի մղումը բավարարելու, իր քենն ու ոխը ստահոդությամբ մեկ անգամ եւս թափելու։ Պարզ է նաեւ, որ նման գործողությամբ նա փորձում է իր անձի վրա ուշադրություն գրավել եւ ճանաչում ձեռք բերել հասարակության մեջ։ Ունայն ու ապարդյուն են Ձեր փորձերը, պարոն Սերոբյան։ Բոլորը լավ գիտեն իրականում Ձեր ով լինելը, ինչպես նաեւ ակնհայտ է այն մեծ սերն ու հարգանքը, որ վայելում է Սուրեն Տեր-Օսիպյանը Հայաստանում, ինչը վաստակել է իր ապրած կյանքով ու գործով։ Մեզ մնում է միայն մի վերջին անգամ արտահայտել մեր վրդովմունքն ու զայրույթը, մեկ անգամ եւս հիշեցնել հռոմեական ասացվածքը, հորդորել լրատվական միջոցներին՝ այս եւ նմանատիպ հարցերում չշտապել եւ ցուցաբերել մաքսիմալ կոռեկտություն եւ ազնվություն։ Մենք՝ հարազատներս, կրել ենք անդառնալի կորուստ եւ ոչ ոք իրավունք չունի պղտորել մեր ցավը։ Մենք վստահ ենք, որ բոլոր նրանք, ովքեր երբեւէ ճանաչել կամ շփվել են Արտաշեսի, նույն ինքը՝ Տյաշի հետ, հիշելու են նրան որպես ազնիվ, բարի, մեծահոգի մարդ, որն իր ամբողջ կյանքը անմնացորդ նվիրեց ընտանիքին եւ հարազատներին՝ լինելով ազնիվ քաղաքացի, գործարար ու բարեգործ։ Հարազատների եւ ընկերների անունից ՝ ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆ Հ. Գ. Երբ պատրաստվում էր նյութը՝ Բուլղարիայի հետաքննչական մարմիններն արդեն իսկ փաստեցին այն վարկածը, որ ռումբը նախատեսված է եղել բոլորովին այլ անձնավորության համար եւ Արտաշես Տեր- Օսիպյանն ու նրա ընկերը ուղղակի պատահական զոհեր էին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել