Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 09,2000 00:00

Ստեղծենք արհմիություն եւ պայքարենք մինչեւ վերջ Դեկտեմբերի 5-ին ԱԺ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց եւ ՀՀ նախագահի վավերացմանն ուղարկվեց «ՀՀ օրենքը արհեստակցական միությունների մասին»։ Մինչեւ այսօր արհմիությունների գործունեությունը կարգավորվում է աշխատանքային օրենսգրքով։ Ինչպես բնորոշեց կրթության եւ գիտության աշխատողների արհմիության խորհրդի նախագահ Գագիկ Ճանճապանյանը. «10 տարվա մեր պայքարից հետո վերջապես ընդունվեց այս օրենքը, որն, իհարկե, կատարյալ չէ, բայց նրանում ամրագրված են այն բոլոր դրույթները, որոնցով մենք կկարողանանք իրականացնել մեզ նախանշված դերը՝ բարձրացնել եւ լուծել մարդկանց աշխատատեղերի, աշխատանքային պայմանների, նրանց օրինական պաշտպանվածության հարցերը»։ Այս օրենքը տարածվում է ՀՀ-ում գործող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում, բաժնետիրական ընկերություններում (անկախ սեփականության ձեւից) ստեղծված արհմիությունների վրա։ Ի դեպ, օրենքով նախատեսվում է, որ երեք եւ ավելի աշխատակիցներ կարող են հավաքվել եւ ստեղծել արհմիութենական կազմակերպություն։ Եվ եթե անգամ 1000 աշխատակցից երեքը միավորվեն՝ արհմիությունը կհամարվի կայացած։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս օրենքը տարածվում է նաեւ օրենքով սահմանված կարգով վարձու աշխատանք օգտագործող ֆիզիկական անձանց վրա։ Այսինքն, եթե որեւէ մեկը իր տունը կառուցելու համար աշխատանքային պայմանագիր է կնքում բանվորական մի խմբի հետ, վերջինիս երեք անդամ կարող են ստեղծել արհմիություն եւ գործատուից պահանջել հաշվի առնել իրենց շահերը։ Ըստ էության, եթե օրենքը գործի ինչպես կարգն է եւ չմնա թղթի վրա, այն կարող է դառնալ դանդաղ գործողության ռումբ բոլոր նրանց համար, ովքեր իրենց աշխատողներին վերաբերվում են գրեթե ստրկատիրոջ նման։ Մեքենաշինարարների եւ սարքաշինարարների ճյուղային արհմիության խորհրդի նախագահ Համլետ Դանիելյանը ընդունում էր, որ այսօր արհմիությունների վարկը եւ ուժը նախկինը չէ, սակայն համոզված էր, որ պատճառները նաեւ օբյեկտիվ են. «Նախկինում արտադրության մեջ աշխատում էր 427 հազար մարդ, հիմա գործարանների չնչին տոկոսն է աշխատում, պակասել է բանվորների թվաքանակը»։ Երբ պրն Դանիելյանին փոխանցեցինք բյուջետային հիմնարկների աշխատակիցների դժգոհությունը, թե մի ժամանակ արհմիությունները ուղարկում էին առողջարաններ՝ հանգստանալու, ֆինանսապես օգնում էին նեղն ընկած ժամանակ, հիմա նման բան չի նկատվում, նա պատճառաբանեց. «Ողջ աշխարհում արհմիությունները աշխատավորների իրավունքները, շահերը պաշտպանելու համար են, ոչ մի տեղ դրանք ֆինանսական աղբյուր չեն արհմիութենականների համար։ Այժմ, երբ մենք էլ գտնվում ենք նույն ծանր վիճակում, ինչ մեր պետությունը, դժվար է նման բան սպասելը»։ Այնուամենայնիվ, այս տարի ամռանը 3000 երեխա է մեկնել ճամբար՝ արհմիության միջոցով, տեղեկացրեց Գ. Ճանճապանյանը։ Իսկ ահա մետաղագործների եւ լեռնագործների արհմիության խորհրդի նախագահ Եվգենի Կոժեմյակինը վստահ էր, որ հիմա, երբ մասնավոր սեփականատերը կամ ձեռնարկության տնօրենը, ինչպես ուզում, այնպես էլ շահագործում է աշխատակիցներին, արհմիությունների դերն ավելի է կարեւորվում։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել