Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 09,2000 00:00

«ԴՈՒՔ ՄԵԶԱՆԻՑ ԲԱՐՁՐ ՉԵՔ» Պնդում են մարմնավաճառները Հնագույն արհեստով զբաղվողների հետ անմիջական կապ ստեղծելու համար սկսեցի հաճախակի գնալ փողոցի այն մասերը, որտեղ նրանք կանգնում են։ Բավականին երկար փնտրելուց հետո վերջապես հաջողվեց կրկեսի մոտակայքում զրույցի բռնվել։ Պարզվեց, որ պոռնիկներից ոմանք չեն խուսափում պատմել իրենց արհեստի մասին, նույնիսկ տպավորիչ մանրամասնություններ են հաղորդում, իսկ ոմանք կտրականապես հրաժարվում են խոսելուց։ «Ինչ կարեւոր է, թե իմ անունն ինչ է՝ Կառա, Մառա, Նառա թե Նանա, դա կապ չունի»,- ասաց ինձ մի կին։ «Մեզնից ոչ ոք, երեւի թե, իր իսկական անվամբ չի ներկայանում։ Ես ավարտել եմ մանկավարժական ինստիտուտը, աշխատել եմ դպրոցում, բայց մեր այս անկախություն կոչվածից հետո իմ աշխատավարձը ինձ չէր բավականացնում։ Երբեք մտքովս անգամ չէր անցնի, թե ե՛ս (նա շեշտեց այս «եսը» եւ ցուցամատով իրեն ցույց տվեց- Հ.Խ.) մարմնավաճառությամբ կզբաղվեմ։ Արդեն պարզ էր ինձ համար, որ դպրոցում մնալ չեմ կարող՝ ամիսներով աշխատավարձ չէին տալիս, եւ ես սկսեցի փնտրել այլ աշխատանք։ Սկզբնական շրջանում թվում էր, թե աշխատանք շատ կա։ Առաջարկում էին վաճառողի, մատուցողի, հավաքարարի աշխատանքներ, իսկ ես մտածում էի. «Դպրոցից հետո այս աշխատանքները, չէ՜, ինձ չեն սազում»։ Բայց հետո ինձ համար պարզ դարձավ, որ միայն դա կարող է փոխարինել ուսուցչությանը։ Ընդունվեցի որպես մատուցող եւ այստեղից էլ ամեն ինչ սկսվեց։ Հաճախորդները մատուցողներին մեկ-մեկ այլ «աչքով» էին նայում։ Մեկի հետ պայմանավորվեցի հանդիպել միայն նրա համար, որ նա էլ ինձ էր դուր եկել, բայց ես չմտածեցի, իսկ ես արդյո՞ք նրան դուր եկել եմ, թե ոչ։ Հետո պարզվեց, որ ոչ, ես նրան պետք էի միայն այդ օրվա իր հաճույքը ստանալու համար։ Ինձ համար դա մեծ ողբերգություն էր եւ ես այն տարա բավականին ծանր, առավել եւս, որ հիշում էի, թե ինչպես նա ինձ վերջում գումար տվեց, բայց ես հրաժարվեցի այն վերցնել (չնայած որ խոշոր գումար էր), որովհետեւ առանց այն էլ ինձ արդեն նվաստացած էի զգում, իսկ գումարը վերցնելով, վաճառված կզգայի։ Որոշ ժամանակ հետո, երբ վերքս մի փոքր սպիացավ, ես այս դեպքին նայեցի այլ հայացքով եւ գտա, որ այդ անձնավորության առաջարկած գումարը (մեկ օրվա ընթացքում) կազմում է իմ ամբողջ ամսվա եկամուտը։ Հիմա լավ հագնվում եմ, լավ ուտում եմ, միակ բանը, որ ինձ մտահոգում է, այն է, որ չունեմ ընտանիք, երեխա»,- ասաց եւ շտապ-շտապ քայլերով հեռացավ։ Մի փոքր հեռանալուց հետո ետ դառավ եւ գոռաց. «Եվ չկարծեք, որ դուք ինձնից բարձր եք, մտքներովդ անգամ թող չանցնի»։ Այդ պահին մի մեքենա կանգ առավ մայթի մոտ։ Աղջիկները, որ հինգն էին, արագ մոտեցան մեքենային։ Ներսից մատներով ինչ-որ բան էին բացատրում խուլ ու համրերի լեզվով, որը ինձ համար անհասկանալի էր, բայց կանայք հասկանում էին։ Վերջապես կանանցից մեկը բանակցություններին վերջ տվեց, նստեց մեքենան, եւ գնացին։ Այդ կանանց հարցրի, թե ինչպես նրանք համաձայնության եկան, նրանք ասացին, որ վարորդը մատներով գումարն էր ցույց տալիս։ «Երկու մատը դա 2000 դրամ է, մեզ համար դա քիչ է, մենք ցույց տվինք 5 մատ, բայց դե այդ կինը տարիքով կին է, նրա համար 3000-ն էլ լավ է»։ Պարզվեց, որ կրկեսի մոտ կանգնածների ամենամեծ գումարը $30 է։ Հավաքված կանայք քիչ-քիչ ցրվում էին։ Նրանց մեջ կար մի կին՝ հաստ ձայնով, որը մի դեպք պատմեց. «Կանգնած էի իմ տեղը, կլիենտի էի սպասում, մեկ էլ միլիցիայի մեքենան կանգնեց, մենթը դուրս եկավ միջից ու ասաց, թե՝ արի, գնում ենք քաղմաս։ Ասի՝ ախպեր ջան, ի՞նչ եմ արել, որ, արի խոսենք, իրար հասկանանք։ Մոտեցավ, թե՝ ինչքա՞ն կտաս, ասի՝ գնանք հյուրանոց, ախպեր ջան, մի հատ կտամ: Համաձայնեց, այդ մենթի հետ եկա հյուրանոց, ինչ որ պետք էր պատվիրեցի, մի հատ էլ տվեցի, եւ նա մրափեց։ Ես էլ արդեն կատաղած եմ. քիչ ա, ինձ գործից կտրեց, հլա այս հյուրանոցի ծախսն էլ վրես, իսկ ես գործունյա կին եմ, իմ մի գործը $30 է՝ առանց «մինետի», ես էլ ժամանակս կորցրի սրա վրա։ Լավ է, հյուրանոցի աշխատողները (ես նրանց ցավը տանեմ) կարգին մարդիկ էին, հավատացին, որ գողը ես չեմ, այլ համարում շնթռած մենթը, թողեցին, ես գնացի»։ Պատահում է, որ տղամարդիկ լույսի տակ տեսնելով իրենց «սիրո» էակին, սարսափում են։ Այդպես էր պատահել մի շատ հաճելի արտաքինով տղամարդու հետ, որը համարից դուրս էր նետվել մատուցողի ետեւից եւ խնդրել։ «Աղաչում եմ, դու արի ինձ հետ մի ժամ անցկացրու, իսկ «սրան» ես ուղարկեմ ետ»։ Մատուցողը, բնականաբար, հրաժարվել էր, իսկ տղամարդը, համարյա լացակումած, ասել է, թե իր հետի պոռնիկը նույնիսկ ատամ չունի։ Եվ, չնայած այդ ամենին, գիշերը մնացել էր այդ կնոջ հետ, իսկ առավոտյան բարձր տրամադրությամբ հրաժեշտ տվել բոլորին, իսկ մատուցողի ականջին գաղտնի փսփսացել. «Պարզվում է, որ դիմացի ատամները նա հանել է տվել, որ իր աշխատանքին չխանգարեն»։ Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել