Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 09,2000 00:00

«Էն խեղճ Քենեդո՞ւն խի սպանեցին» «Առավոտի» ընթերցողների նամակները մեր խմբագրության հասցեով այնքան շատ են, որ ստիպված ենք դրանց անդրադառնալու պարբերականությունն արագացնել։ Եթե մայրաքաղաքում հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը մի տեսակ սպասողական-ձանձրալի ընթացք է ստացել, ապա հեռավոր գյուղերում, մասնավորապես Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում, կրքերն այնքան էլ խաղաղ չեն։ Այդ գյուղի բնակիչ Արմեն Սիմոնյանը հուզախռով նամակ է ուղարկել Ռոբերտ Քոչարյանին՝ «Նզո՞վք, թե՞ օրհնանք կվաստակեք» սպառնալից վերնագրով։ Պրն Սիմոնյանը հեռավոր Կողբից մանրամասն պատմում է, թե ինչ կատարվեց հոկտեմբերի 27-ին մեր խորհրդարանում։ Տպավորությունն այնպիսին էր, թե Արմեն Սիմոնյանը առնվազն դեպքերի ականատեսն էր. «Այդ օրը աշխատանքային նորմալ գործընթացի ժամանակ, մութ ուժերի դրդմամբ, պարագլուխ Նաիրի Հունանյանի ղեկավարած բանդան՝ բաղկացած հինգ հոգուց, ժամը 17։10-ին անարգել ներս է խուժում ԱԺ դահլիճ եւ ավտոմատային կրակահերթով գնդակահարում…» (այստեղ նամակագիրը թվարկում է բոլոր զոհերին՝ իրենց պաշտոններով։ Լոռեցու միամտությամբ պրն Սիմոնյանը շարունակում է. «Պարո՛ն նախագահ, լավ, անցնում եմ իմ հարցադրումներին՝ ակնկալելով հիմնավոր ու համոզիչ պատասխաններ»։ Ի՛նչ խոսք, չի բացառվում, որ ՀՀ նախագահը ՀԱՀ-ին բացառիկ հարցազրույց տալու փոխարեն Կողբի կաբելային հեռուստատեսությանը հարցազրույց տա՝ պատասխանելով Արմեն Սիմոնյանին։ Նամակագիր Հակոբ Հակոբյանը ՀՀ նախագահից այլ ակնկալիքներ ունի։ Մասնավորապես՝ առաջարկում է հայաստանյան բանտերի, գաղութների ու մեկուսարանների մանր կենցաղային հանցագործներին համաներումով ազատ արձակել։ Դա անելու համար ամենալավ առիթը Հայաստանի Եվրախորհրդին անդամակցելն է։ Եթե սա էլ լուրջ եւ հիմնավոր առիթ չէ՝ համաներում շնորհելու, պրն Հակոբյանն առաջարկում է այլ առիթ՝ Հայաստանում քրիստոնեությունն իբրեւ պետական կրոն հռչակելու 1700-ամյակը. «Ի՞նչն է խանգարում Ամենայն Հայոց կաթողիկոսությանը 1700-ամյակի շեմին միջնորդությամբ հանդես գալու Հայոց պետության առջեւ ի շահ իր հազարավոր մոլորյալ հպատակների, որոնք սխալվել են, բայց հայցում են պետության, եկեղեցու եւ Աստծո ներողամտությունը»։ Կլինի համաներում, թե ոչ, դա նախագահի իրավասության շրջանակներում է, իսկ այն, որ խորհրդարանում «Ընտրական օրենսգրքում» փոփոխություն է կատարվել համամասնական-մեծամասնական հարաբերակցության շուրջ, մեր մյուս նամակագրի՝ Ֆելիքս Խաչատրյանի սրտով է։ Նրա համար, սակայն, անհասկանալի է՝ ինչո՞ւ են այսքան շուտափույթ քննարկումներ ծավալել, չէ՞ որ հաջորդ ընտրություններն այնքան էլ շուտ չեն լինելու. «Ակնհայտ է, որ լոկ այդ մի հատիկ փոփոխությունը չի կարող բարելավել խորհրդարանի կազմը. բարձրացնել պատգամավորների պատասխանատվությունն ընտրողների առջեւ, նպաստել Ազգային ժողովի աշխատանքների արդյունավետության մեծացմանը»։ «Առավոտի» նամակների բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել