Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 09,2000 00:00

«ՄԻ ՔԻՉ ԷԼ ՀԱՄԲԵՐԵՔ» ՀՀ նախագահինը դարձած այս կարգախոսը հանրապետության աղետի գոտու բնակիչներին պարզապես հունից հանել էր։ «Էլ ինչքա՞ն համբերենք, տասը տարի է էդ ենք անում»,- զայրացած բողոքում էին Աշոցքի բնակիչները։ Երկրաշարժի 12-րդ տարելիցի օրը հակասություններով լի էր։ Մի կողմից՝ նախագահ Քոչարյանն այցելեց Գյումրի, մի քանի ժապավեն կտրեց։ Հեռուստաէկրանից ամբողջ հայ ժողովուրդը տեսավ «երջանիկ» գյումրեցիների, նորակառույց դպրոցներ ու շենքեր։ Մյուս կողմից՝ թարսի պես նույն օրը աղետի գոտում էի եւ տեղի բնակիչների դժգոհությունն ու բողոքը, հիասթափությունն ու հավատի կորուստը աչքի էր զարնում առանց գունավորումների։ Սպիտակի, Վանաձորի, հարակից գյուղերի եւ Աշոցքի բնակիչներին այլեւս քիչ է հետաքրքրում, թե ի՞նչ են ասում «վերականգնվող» աղետի գոտու մասին։ Նրանք հենց ներսում են եւ իրենց վիճակի մասին լավագույնս ինֆորմացված են։ Մի գյումրեցու վկայությամբ, մարդիկ «կոպեկներով ծախում են ունեցած տունը, նստում ավտոբուսներն ու գնում՝ ուր աչքները կտրի»։ Աղետի գոտու բնակիչներին այսօր աշխատանք է հարկավոր եւ ոչ թե հորինված հեքիաթ։ Մի առիթով, Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանին հարցրել էի՝ արդյո՞ք մարզպետն իր մարզպետության մեկ տարվա ընթացքում հասցրել է ճանաչել մարզը, լինել բոլոր բնակավայրերում։ Պարոն Փիրումյանը պատասխանել էր, թե, ցավոք, ոչ բոլոր բնակավայրերում է հասցրել լինել, բայց կլինի։ Իմ տպավորությամբ, մինչ մարզպետը կհասցնի լինել տեղերում, այլեւս բնակիչներն այնտեղ չեն լինի։ Թերեւս, նաեւ սա էր պատճառը, որ Աշոցքի (նախկին Ղուկասյան շրջան) բնակիչները դեկտեմբերի 7-ին հանդիպելով ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանին, միայն բողոքում էին եւ դժգոհում, իրենց ասելով. «հազիվ լսող ենք գտել»։ Ղուկասյանցիք պարզապես զարմացած էին, որ իրենց «մարդու տեղ էին դրել» եւ եկել էին այցելության։ Ինչպես ամենուրեք, այստեղ եւս իրենց հուզող հարցերի շարքում կարեւորում էին հոկտեմբերի 27-ը. «Կբացահայտվի՞ Կարեն Դեմիրճյանի եւ մյուսների սպանությունը կազմակերպողը»։ ՀԺԿ Աշոցքի տարածքային կազմակերպության հետ հանդիպման ժամանակ եւս կուսակցության անդամներից մեկը հարցրեց. «Խնդրում եմ ասեք, ՀԺԿ-ն հետեւո՞ւմ է 27-ի գործին»։ ՀԺԿ անդամներ, ԱԺ պատգամավորներ Գագիկ Ոսկանյանը, Աշոտ Գալոյանը եւ Արամայիս Բարսեղյանը հավատացրին, որ կուսակցությունը հետեւում է գործին։ Գյուղացիների սոցիալական խնդիրներն այնքան շատ էին, որ մարդիկ պարզապես հուսահատության էին մատնվել։ ՀԺԿ անդամ ուսուցչուհին (Ա. Մանուկյան) պարզապես պնդում էր, որ իշխանությունը ՀԺԿ-ն վերցնի եւ ժողովրդին այս վիճակից հանի։ Հետաքրքիր է, որ գրեթե բոլոր շրջաններում, ուր այցելում է Ստեփան Դեմիրճյանը, նման պահանջով բացառապես ուսուցչուհիներն են հանդես գալիս։ Կուսակցության ղեկավարն այս անգամ եւս շեշտեց, թե ՀԺԿ-ն հեղափոխությունների կողմնակից չէ։ Ասաց, թե ինքը հրաշքներ չի խոստանում, բայց ձեռքից եկածը կանի, որ ժողովրդի վիճակը քայլ առ քայլ լավանա։ Այստեղ եւս, ինչպես հանրապետության այլ շրջաններում, մարդիկ պնդում էին, որ վերանայվի տարածքային խնդիրը։ Չէ, խոսքը ղարաբաղյան հակամարտության մասին չէր։ Աշոցքցիների կարծիքով, «Ղարաբաղը գտել ենք, բայց ամբողջ հանրապետությունն ենք կորցնում»։ Այս դեպքում, խոսքը մարզերի եւ մարզկենտրոնների մասին էր։ Մարդիկ պնդում էին, որ վերականգնվեն նախկին շրջանները։ Մի փոքրիկ տեղեկանքի կամ փաստաթղթի համար գյուղացիները, պարզապես, ի վիճակի չեն տասնյակ կիլոմետրեր կտրել եւ մարզկենտրոն հասնել։ Ստեփան Դեմիրճյանը փաստեց, որ կուսակցությունը լրջորեն է զբաղվում այս խնդրով եւ սահմանադրական առաջարկվող փոփոխություններում հարցն անպայման լուծում կստանա։ Ի դեպ, Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղն ամբողջությամբ դուրս էր եկել Ստեփան Դեմիրճյանին դիմավորելու եւ նրա նվիրած պոմպի համար շնորհակալություն հայտնելու։ Գյուղացիները հանդիպման ժամանակ պատմեցին, որ ՀԺԿ-ի նվիրած պոմպի շնորհիվ իրենց գյուղին ջուր տալու արարողությանը բոլորովին ուրիշ իշխանավորներ էին մասնակցել։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել