Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 09,2000 00:00

ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐՆ ԱՌԺԱՄԱՆԱԿ ՆՈՒՅՆՆ ԵՆ ՄՆԱՑԵԼ ԾԵԾԸ ԴԱԴԱՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԷԼ «Առավոտը» հրապարակել էր փաստաբան Աշոտ Սարգսյանի պնդումը, թե մայիսի 23-ի հարցաքննության ընթացքում Նաիրի Հունանյանն անուղղակիորեն հաստատել էր իր բոլոր ցուցմունքները Ալեքսան Հարությունյանի, Նաիրի Բադալյանի, Մուշեղ Մովսիսյանի, Հարություն Հարությունյանի մասին։ Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանն իրեն այցելած իրավապաշտպաններին հայտնել էր, թե մարտից այլեւս ծեծի եւ խոշտանգումների չի ենթարկվել։ «Մարտի 13-ից եկել էր լրիվ ուրիշ քննիչ՝ Մարսել Մաթեւոսյանը. եթե Նաիրին սուտ էր ասել, կարող էր այդ ժամանակ ասել. «Քննիչներն ինձ սպանեցին, արի քեզ մի հատ նորմալ ցուցմունք տամ»։ Ո՞վ էր խանգարում, եթե իրեն արդեն չէին ծեծում»,- ասուլիսում ասել էր Աշոտ Սարգսյանը։ Այս հրապարակումից հետո Ալեքսան Հարությունյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Սահակյանը հերքեց, թե մայիսի 23-ի հարցաքննության ընթացքում նման հաստատումներ չեն եղել։ Պարզեցինք, որ մայիսի 23-ի հարցաքննության նյութն իրոք այլ է եղել։ Գլխավոր դատախազության հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Մարսել Մաթեւոսյանը փորձել էր պարզել Նաիրի Հունանյանի ինքնագնահատականները։ Դրանք ուղղակի նարցիսիզմի են հասնում՝ այնքան է նա զմայլված սեփական անձով եւ համոզված, որ հայ ժողովրդի մեսիան է։ «Իմ հայացքներով միշտ կանգնած եմ եղել հայ ժողովրդի արմատական, անժամանցելի շահերի պաշտպանության դիրքերում, դա իբրեւ պարտականություն եւ իրավունք դիտելով»,- այս ճռճռոցն ի պատասխան քննիչի այն հարցի է, թե արդյոք իրեն համարո՞ւմ է փառասեր ու կարիերիստ։ Նաիրի Հունանյանն իրեն գիգանտ է ներկայացնում անգամ սեքսուալ առումով. «Հոգեկան կապերի փոխարեն գերիշխել են սեռական կապերը եւ հարաբերությունները։ Այս իմաստով ունեմ հարյուրավոր ընկերուհիներ տարբեր երկրներում եւ տարբեր ազգության պատկանող»։ Եվ նրա սիրամարգային ինքնասիրահարվածության անդորրը չեն խաթարում անգամ Մարսել Մաթեւոսյանի մեկը մեկից անխնա հարցադրումները. «Ձեր մայրը ձեր հոր ներկայությամբ տանն ընդունել է այլ անձանց, սիրեկանների։ Այս ամենի նկատմամբ ձեր հոր, տղամարդուն ու հային ոչ վայել հանդուրժողականության պատճառով նրան շրջապատում չեն ընդունել, նա հարգանք չի վայելել։ Այդ ամենը, բնական է, որ պետք է ոչ բարենպաստ ազդեցություն եւ հետեւանքներ ունենար ձեր հոգեկան աշխարհի եւ հետագա նորմալ զարգացման վրա»։ «1992-ին խայտառակ ձեւով վտարվելով ՀՅԴ-ից թուրքական համապատասխան գործակալությունների հետ չարտոնագրված կապեր հաստատելու համար՝ հեռացել եք Հայաստանից եւ հայրենիքի համար ծանր օրերին հանգրվանել եք ծովափնյա Եվպատորիա քաղաքում»։ Այս եւ նման հարցերի տարափի տակ Նաիրի Հունանյանն, իրոք, եւ ոչ մի անգամ չի հաստատում իր նախկին ցուցմունքները, կամ չի անդրադառնում դրանց։ Չնայած նույն օրը, քննչական մեկ այլ գործողության՝ Ալեքսան Հարությունյանի հետ առերեսման ընթացքում Նաիրի Հունանյանը հրաժարվում է վերջինիս վերաբերյալ իր ցուցմունքներից։ Փաստաբան Աշոտ Սարգսյանը, որին դիմեցինք լրացուցիչ պարզաբանումների համար, նշեց, թե Մարսել Մաթեւոսյանի հետ ազատ, չկաշկանդված զրույցի ընթացքում, այսուհանդերձ, Նաիրի Հունանյանը խոսք անգամ չէր ասել որեւէ մեկի վերաբերյալ իր ցուցմունքներից հրաժարվելու մասին (ինչն, ի դեպ, նա արեց մայիսի 24-ին). «Մայիսի 23-ին, երբ նա բոլորի մասին խոսում է եւ չի հրաժարվում ցուցմունքներից՝ դա հենց անուղղակի հաստատելն է»։ Աշոտ Սարգսյանը պնդեց, թե մինչ այդ այլեւս դադարած ծեծի պայմաններում Նաիրի Հունանյանը շարունակել է նման ուղղակի ցուցմունքներ տալ. ապրիլի 18-ին Նաիրի Բադալյանի հետ առերեսման ընթացքում Հունանյանն իր ձեռքով գրել է. «Ալեքսան Հարությունյանը դեպքից որոշ ժամանակ առաջ զանգահարել էր ինձ եւ ասել, որ Բադալյանը կդիմավորի քեզ եւ տեղեկություններ կտա. առաջնորդվիր նրա տված ինֆորմացիայով»։ Մայիսի 2-ի հարցաքննության ընթացքում Հունանյանը գրել էր. «Սամվել Բաբայանի վերաբերյալ իմ եւ Մուշեղ Մովսիսյանի միջեւ եղած խոսակցությունների, փոխանցված նամակի ու պատասխանի առնչությամբ ցուցմունքներ ես արդեն տվել եմ։ Լրացումներ եւ փոփոխություններ չունեմ»։ Նույն օրը, հոկտեմբերի 27-ին Ալեքսան Հարությունյանի հետ իր զրույցի մասին նշել է. «Խոսել ենք իրավիճակի մասին, որը Ա. Հարությունյանը բնութագրեց աննպաստ եւ հասկացրեց, որ ընդհանուր ծրագիրը ձախողվել է, ըստ էության, եւ, որ հավանաբար պիտի հանձնվել։ Ապա պատասխանելով իմ հարցերին, առաջարկում էր ԱԺ դահլիճից տեղափոխվել Էջմիածին, եկեղեցի եւ սառեցնել իրավիճակը, կամ ինքնաթիռ պահանջել եւ հեռանալ Հայաստանից»։ Աշոտ Սարգսյանը գերադասեց սահմանափակվել այս օրինակներով՝ մնացածները խնայելով դատարանի համար։ Այս առիթով փաստաբան Ռուբեն Սահակյանի պարզաբանումները կներկայացնենք մեր առաջիկա համարներից մեկում։ Բայց մինչ այդ մեջբերենք նրա հետ զրույցից քաղած երկու տվյալ։ Մայիսի 23-ից հետո եղած հարցաքննություններում Նաիրի Հունանյանը բացատրել է մարտից հետո նույն ցուցմունքները տալու շարժառիթը։ Բայց նա դրանցից ավելի վաղ էլ էր հրաժարվել, ընդ որում՝ մի քանի անգամ, իր նկատմամբ գործադրվող բռնարարքների պայմաններում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել