Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 08,2000 00:00

Ադամի կողոսկրը՝ Գառնիի ձորում Նկարիչ-մոդելյոր Հասմիկ Պողոսյանի ստեղծած աշխատանքները դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղին են պատկանում։ Աշխատում է խոշորացույցի օգնությամբ՝ բնաշխարհից մեզ համար «փախցնելով» պահեր, պատկերներ։ Նա մոտեցնում է յուրաքանչյուրիս ճանապարհների եզրերին փշրվող տերեւներին եւ արհամարհված ծառերի ճյուղերին, անձրեւաջրերի մեջ ընկած հաբեթասունկերին ու ծաղկազամբյուղներում բացվող սպիտակ ծաղիկներին, արեւածաղկի ձվագույն թերթիկներին ու խոնավ մարգագետինների կանաչ թփուտներին… պահելով նյութի բնական վիճակը։ – Չե՞ս նկարում։ – Հիմա չէ։ Էսքիզներ եմ միայն անում։ – «Նյութից» (արմատ, ծառի կեղեւ, մամուռ, ցողուն…) կարո՞ղ է մի օր խռովես ու վերադառնաս կտավին, ներկին։ – Կյանքը ցույց կտա։ Արդեն 15 տարի է, ինչ զբաղված եմ այս ճյուղով։ – Նայում եմ աշխատանքներդ՝ «Դալի», «Պիկասո», «Սպիվակով», «Կոմիտաս», մաթեմատիկական տարբեր ձեւերի մեջ ամփոփված… – Շարքը, ինչպես տեսնում ես, սկսել եմ «Դալիով», հետո «Երեք տենորներն» են։ «Փարաջանով» գործս չեմ կարողանում ավարտել, որովհետեւ նյութը պակաս է։ Շարքում կլինի Առնո Բաբաջանյանը, Վան Գոգը եւ Կազանովան, որոնք իմ արվեստի ոգեկոչողներն են եղել։ – Հասմիկ, մենք շատ շուտով կտեղավորվենք 21-րդ դարի «արկղի» մեջ՝ մեզ հետ տեղափոխելով ինչ-որ խորհրդանիշեր։ Դու ի՞նչ կփոխադրեիր։ – «Ադամ-Եվա» ստեղծագործությունս։ – Դիտում եմ քո արարչագործությունը եւ կարծես Եվան մեր «ծանոթ» Եվան չէ, Ադամը՝ Ադամ, ո՞րն է գաղտնիքը։ – Ի տարբերություն Արարչի, ես նախ ստեղծեցի Եվային, հետո՝ Ադամին։ Եվային գտա Աշտարակի ձորում, Ադամին՝ Գառնիի։ Ոչ թե «մարմինն» էի փնտրում, այլ՝ «կողը», որն իմ պատկերացմամբ ուղիղ փայտ պիտի լիներ։ Եվ Եվայի կողոսկրից էլ ծնվեց Ադամը։ – Որքան հասկացա, խորհրդանշաններն ու խորհրդանիշերը մեծ խորհուրդ ունեն քո կյանքում։ Ո՞րն է քո սեփական խորհրդանիշը։ – Երեքնուկը սովորաբար երեք թերթից է լինում, չէ՞։ Այս ամառ շատ պատահաբար գտել եմ երեքնուկի չորսնուկը, որը, ասում են՝ հազվադեպ է լինում։ Դա էլ որպես թալիսման պահել եմ ինձ մոտ։ Հետաքրքիր հավատալիք կա. ասում են, ով որ գտնում է՝ նրան հաջողությունն է ուղեկցում։ Այդ երեքնուկից հետո ես հեղինակային իրավունք ստացա՝ աշխատանքներս գրանցելով ՀՀ հեղինակային իրավունքների պաշտպանության ազգային գործակալությունում։ – Ցուցահանդեսներ մտադիր չե՞ս բացել։ Եվ ե՞րբ ես ընդհանրապես ցուցադրվել։ – 1989թ. դեկտեմբերի 15-ին Ժուռնալիստի տանը Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Վարդգես Պետրոսյանի նախաձեռնությամբ բացվեց անդրանիկ ցուցահանդեսս։ 1990-ին մասնակցեցի Բուդապեշտում կազմակերպված Հայաստանի մշակույթի տասնօրյակին, ուր արժանացա պատվոգրերի։ Նույնը կրկնվեց 1 տարի հետո, Սանկտ Պետերբուրգում եւ արաբական երկրներում։ Մի քանի տարի է, ինչ չեմ ցուցադրվում, թեեւ այդ տարիներին 2 ֆիլմ է ստեղծվել իմ աշխատանքների մասին։ – Դու փաստորեն բնությունից ես «հավաքում» բնաքանդակներիդ նյութը։ Իսկ եթե հիվա՞նդ է բնությունը։ – Նյութը մշակում եմ, վերակենդանացնում իմ մշակած «դեղաբույսերով»։ Դիլիջանի անտառներում մի ծառ տեսա ընկած։ Վրան սիրուն կեղեւ կար, տերեւներ, Աստված իմ, ոնց որ իր մահվանից հետո ապրեր։ Ինչքան կարող էի՝ ծառի կտորները հավաքեցի։ Եվ ուրախ եմ, որ այդ ծառը մեր տանն էր։ 100 կտորներից էլ «հավաքեցի» «Երկիր հնամյա» գործը։ Իսկ այ, «Էլեգիաս» ծնվել է ճեղքված ծառի սնկերից։ Զրուցեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել