Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 08,2000 00:00

ՋՐՄՈՒՂԻ ՊԵՏԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է 1990-ից սկսած Ամիրյան 3 շենքի բնակիչները խմելու ջրի խնդիր ունեն։ Բազմիցս բողոքել են Կենտրոն համայնքի Ջրմուղ-կոյուղու վարչության ջրագծերի շահագործման ցանցի պետ Հայկ Սողոյանին։ 1998 թ., երբ արդեն բնակիչները համոզվեցին, որ պետին ուղղած դիմում-բողոքները որեւէ արդյունք չեն ունենում, դիմում հղեցին դեռ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին։ 98թ. մայիսի 7-ին Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության, բարեկարգման եւ շինարարության վարչությունից պատասխան ստացվեց, թե «Հանրապետության հրապարակում ջրագծի վթարը վերացնելուց հետո դուք կանոնավոր կերպով ջուր եք ստացել։ Առաջիկայում որոշ տեխնիկական հարցերի լուծումից հետո ջուր կստանաք նաեւ երեկոյան ժամերին»։ Իհարկե, խոստումը կարճ տեւեց։ Նախորդ օրը խմբագրություն եկավ Ամիրյան 3 շենքի բնակիչ, մասնագիտությամբ տնտեսագետ Գեորգի Հակոբյանը։ Նա պատմեց, որ իրենց շենքի բնակիչներն ընդհանրապես երեկոյան ժամերին ջուր չեն ունենում։ Միայն այս տարվա սեպտեմբերից էր առավոտյան 20-30 րոպեով ջուր լինում. «Եթե առավոտյան այդքան էլ տրվում է, ընդունում ենք, որ այդպես էլ պիտի լինի, շատ գոհ ենք»։ Հունիս-օգոստոս ամիսներին ջուր ընդհանրապես չկար, հարեւան բակերից էին վերցնում։ Հոկտեմբեր-նոյեմբերին, իհարկե, առավոտյան ժամերին 2 ժամով տրվեց եւ բնակիչները բավական ուրախ էին։ Նախորդ օրն առավոտյան դարձյալ ջուր չկար եւ Գ. Հակոբյանը Ջրմուղ-կոյուղու վարչության կողքով անցնելիս փորձեց տեղյակ պահել այդ մասին. «Ուզում էի զգուշացնել, որ հանկարծ նույն պատմությունը չկրկնվի եւ հարցնեմ՝ ումի՞ց տեղեկանք վերցնենք, թե որքան ժամանակ ջուր չենք ունեցել, որպեսզի այդ փաստն ակտավորենք եւ ոչ թե ամիսը 420 դրամ վճարենք, այլ որքան նշված է ակտում։ Վարչության պետ Հայկ Սողոյանն ասաց՝ «60 աստիճան շոգին ամեն օր ձեզ ջուր էինք տալիս, հիմա եկել ես՝ բողոքականի դեր ես տանում»: «Չե՞ք ամաչում, ընկեր Սողոյան…» պատասխանին հետեւեցին հայհոյանքներ։ Գնացի քաղաքապետարան: Արդեն ժամը 18-ն էր եւ հերթապահ ոստիկաններն ասացին՝ վաղը գամ։ Նրանք հարցրին՝ ի՞նչ հարց կա։ Ապա ասացին, որ գնամ Սպանդարյան շրջանի ՆԳ բաժին, իսկ վաղն առավոտյան՝ քաղաքապետարան»։ Ամիրյան 3 շենքի բնակիչներն ամռան շոգին բազմիցս զանգել են Հայկ Սողոյանին. «Կարծես տեղյակ չէր հարցից, միշտ ասում էր՝ «Վա՜յ, իսկապե՞ս, էլի՞ ջուր չունեք, էրեխեքիս արեւ եմ երդվում, վաղը կլինի»։ Իսկ երբ իր նշած հերթական վաղը դարձյալ ջուր չէր լինում, զանգում-հիշեցնում էինք իր խոսքը, հրաժարվում էր. «Ես տենց բան չեմ ասել»։ Գեորգի Հակոբյանը հիշեց, որ 1997թ., երբ Հ. Սողոյանը հիվանդության պատճառով երեք ամսով բացակայում էր. «Ջուրն արտակարգ գալիս էր երեք ամիս շարունակ։ … Երբ նրան բողոքում ենք մեր վիճակի մասին, նշանակում է՝ երեք ամսից ավելի ընդհանրապես ջուր չի լինի»։ Նշյալ շենքի ջրի վարձի վճարումների մասին բնակիչ Գ. Հակոբյանն ասաց. «Շատ վատ է։ Եթե ուզում եք հաց գնել ու չեն տալիս, փողը թողնում եք՝ դո՞ւրս գալիս, եթե չեք գնել ապրանքը։ Նույնը եւ սա, ինչի՞ համար պիտի վճարենք»։ Եվ ճշտվեց, որ միայն այս շենքն է նման ծայրահեղ վիճակում, հարակից՝ Ամիրյան 5, 5ա շենքերի բնակիչներն առավոտյան միայն ջուր ունեն եւ հունիս-հուլիս ամսին դեռ բողոքում էին երեկոյան ջուր ունենալու համար։ Գ. Հակոբյանը զայրացած էր կատարված դեպքից. «Նա իրավունք չունի քաղաքացու հետ նման ձեւով խոսել»։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ Հ.Գ. Երեկ ժամը 12:00-18:30-ն փորձեցինք կապվել նաեւ Ջրմուղ-կոյուղու Կենտրոնի մասնաճյուղի պետ Հայկ Սողոյանի հետ։ Այդպես էլ չհաջողվեց, քանզի վերջինս տեղում չէր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել