Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 08,2000 00:00

Ո՞վ է մեղավոր Հայ օգնության միությունում «ինքնապայթեցման» փորձի համար կալանավորված Հայկ Բաղդասարյանի ընտանիքն ու մտերիմները երեկ եկել էին խմբագրություն եւ բողոքել, որ փաստաբանի փող չունեն: Ահա թե ինչ են նրանք պատմում. Հայկ Աբրահամյան- նույն ինքը՝ «Գեներալ Հայկ», Շուշիի ազատագրմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ԼՂՀ ԳԽ-ի նախագահության կողմից պարգեւատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով, 2-րդ կարգի հաշմանդամ, 40 տարեկան. – Հայկը բարի տղա է, միշտ պատրաստ ուրիշին օգնելու։ Նա իր այդ քայլով երեւի ուզում էր սթափեցներ կուտակելու տենչով տարված մարդկանց, հատկապես նրանց, ովքեր տնօրինում են բարեգործական ֆոնդերի հնարավորությունները։ Ռազմաճակատի իր ընկերներին սննդամթերք, հագուստ ու զինամթերք հասցնող Հայկի համար դժվար է տեսնել այն երեխաներին, որոնց հայրերը զոհվել կամ վիրավորվել են հայրենյաց սահմանները պաշտպանելիս։ Մենք հիմա ընկերներով դրամ- դրամ փող ենք հավաքում, որ կարողանանք Հայկի շահերը պաշտպանող փաստաբան վարձենք։ Ո՞վ է մեղավոր այս ամենի համար։ Հայկը սովորել է Էջմիածին քաղաքի թիվ 9 դպրոցում, որի շրջանավարտներից են նաեւ զոհված ազատամարտիկներ Ռուզաննա Եսայանը, Աշոտ Մարտիրոսյանը, Զավեն Մշեցյանը, Մերուժան Բազիկյանը, Գուրգեն Հակոբյանը եւ Արթուր Կուրղինյանը։ – Հայկը օրինակելի եւ կարգապահ աշակերտ էր,- ասում է նրա պատմության ուսուցիչ Լազր Հայրապետյանը,- նա դպրոցի ազգագրական-հայրենագիտական թանգարանի ակտիվ մասնակիցն էր։ Արցախյան ազատամարտի շարքերում լինելը բնորոշ էր նրա պահվածքին։ Հայկի վերջին արարքը դժվարըմբռնելի է։ – Ես Հայկի հետ սովորել եմ նույն դասարանում, եղել ենք նաեւ մարտական ընկերներ,- ասում է ազատամարտիկ Նորիկ Ղեւոնդյանը։ -Հայկը երեւի իր այդ քայլով հույս ուներ, որ մարդիկ կսթափվեն, բայց դժվար թե։ Մեզնից ոչ ոք չէր սպասում, որ խաղաղության ժամանակների խնդիրներն ավելի բարդ կլինեն, քան մարտադաշտի։ Վրեժ Սարգսյան- մահապարտների գումարտակի անդամ, պարգեւատրված է «Արիության մեդալով», 2-րդ կարգի հաշմանդամ, 30 տարեկան.- Հայկը իր այդ քայլով ուզում էր ասել, որ մենք հիշում ենք միայն զոհվածներին, իսկ կես մարդ դարձած հաշմանդամ ազատամարտիկները մոռացվել են։ Մենք մեղավոր չենք, որ չենք զոհվել մարտադաշտում։ Հայկն իր այդ քայլով ուզում էր ասել, որ ապրող ազատամարտիկներից շատերը երանի են տալիս զոհվածներին։ Դառն է, բայց այս է մեզանից շատերի վիճակը։ Ընկած՝ այստեղից այնտեղից փող ենք մուրում, որ սննդամթերք ուղարկենք մեկուսարան։ Ըստ Հայկի մտերիմների, նրա առողջական վիճակն այնքան էլ լավ չէ, նա դժվարությամբ կդիմանա մեկուսարանի խոնավ պայմաններին։ Հ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել