Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 08,2000 00:00

ՆՐԱՆՔ «ԳՈՂԱԿԱՆ ՌԱԶԲՈՐԿԱ» ՉԷԻՆ ԱՆՈՒՄ Հակամարտող երկու մասնավոր բուհերի՝ Հայկական բժշկական եւ Ավանդական բժշկության ինստիտուտների ներկայացուցիչներին մի հարկի տակ հավաքելու գաղափարը Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությանն էր։ Նպատակը՝ կարգավորել բուհից բուհ ուսանողների տեղափոխման պատճառով ծագած կոնֆլիկտը։ Հանդիպման վայր ընտրված էր Հայկական բժշկական ինստիտուտը՝ հաշվի առնելով, որ այնտեղ են տեղափոխվել Ավանդական բժշկության ինստիտուտի մի խումբ ուսանողներ: Սակայն Հայկական բժշկական ինստիտուտի ղեկավարները նպատակահարմար չէին գտել, որ ուսանողները մասնակցեն բուհերի ղեկավարների հանդիպմանը, թեեւ որոշ հարցերի պատասխաններ ցանկալի կլիներ ստանալ հենց այդ ուսանողներից։ Փոխարենը հանդիպմանը ներկայացան Ավանդական բժշկության ինստիտուտի ներկայացուցիչները՝ թեպետ բուհի ռեկտոր Նորիկ Սարիբեկյանը՝ նեղացած, որ հանդիպումը կայանալու է այդ բուհում, նախապես հրաժարվել էր մասնակցել։ Երկու ժամից ավելի տեւած հանդիպման ընթացքում պրն Սարիբեկյանը մի քանի անգամ առիթ ունեցավ փոշմանելու իր մասնակցության համար, քանի որ կրքերը երբեմն շիկանում էին այն աստիճան, որ լիցքաթափելու համար նույնիսկ այսպիսի ճշտման կարիք եղավ՝ «Մենք «գողական ռազբորկա» չենք անում»։ Հանդիպմանն ուսանողներ, այնուամենայնիվ, կային, ճիշտ է՝ առաջին 15 րոպեներին միայն։ Այդ ընթացքում Ավանդական բժշկական ինստիտուտի ղեկավարների հետ ժամանած երեք ուսանողուհիները հասցրին պատմել, որ իրենք հոկտեմբերի 26-ին եկել էին Հայկական բժշկական ինստիտուտ «պարզապես տեղեկանալու, թե ճի՞շտ է, որ իրենց ինստիտուտը լիցենզիա չունի, իսկ Հայկական բժշկականը ունի»։ Սակայն վերջինիս ղեկավարները գայթակղել են ուսանողներին իրենց բուհի հնարավորություններով եւ ասել, թե հենց վաղվանից էլ եկեք մեզ մոտ դասի։ Ի դեպ, հետագա պարզաբանումներից պարզվեց, որ ուսանողուհիները շփոթել են բուհի գործունեության լիցենզիան անհատական լիցենզավորման հետ, ինչի իրավունք, իրոք, միայն Հայկական բժշկական ինստիտուտն ունի եւ թերեւս հենց այս պատճառով է գրավիչ այլ բուհերի ուսանողների համար։ Ավանդական բժշկության ինստիտուտի ռեկտոր Նորիկ Սարիբեկյանից երբ ճշտեցինք, թե ինչո՞ւ էին իրենց ուսանողուհիները իրեն դիմելու փոխարեն գնում մրցակից բուհ՝ «պարզապես ճշտելու», թե իրենց բուհը լիցենզիա ունի՞, այսպիսի պատասխան ստացանք. «Այս տասը տարվա քաշքշուկները այնքան են հիասթափեցրել ուսանողներին, որ ոչ ոքի չեն հավատում»։ Ի վերջո, ուսանողուհիները վերադարձել են հարազատ բուհ, իսկ նրանց հետ գնացած մյուս երեքը մնացել են սովորելու Հայկական բժշկական ինստիտուտում՝ համալրելով Ավանդական բժշկության ինստիտուտից այդ բուհ տեղափոխված մեկ տասնյակից ավելի ուսանողների շարքերը։ Այս պատմության իր տարբերակն ուներ Հայկական բժշկական ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամ, բուհի ռեկտոր Միշա Աստաբացյանը։ Ըստ նրա, ուսանողուհիները եկել էին բուհ՝ ցանկություն հայտնելով ծանոթանալ պայմաններին։ Ինքը, բնականաբար, ներկայացրել է բուհի հնարավորությունները, սակայն ընդունելու մասին դեռ խոսք չի եղել։ Ասել է՝ եկեք, որպես ազատ ունկնդիր, մասնակցեք դասերին, հետո ինքներդ կորոշեք։ Դրա համար էլ սկզբում ոչ մի փաստաթուղթ չի պահանջել, ինչը շեշտում էին ուսանողուհիները։ Բուհից բուհ տեղափոխման համար ուսանողը պիտի նախորդ բուհից ստանա ակադեմիական տեղեկանք, իր ատեստատը եւ այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Ավանդական բժշկության ինստիտուտի ռեկտորը բողոքել էր Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությանը, որ Հայկական բժշկական ինստիտուտը առանց փաստաթղթերի, այսինքն՝ անօրինական հրամանագրել է իր բուհից գնացած ուսանողներին։ Իսկ «Առավոտը» հրավիրվել էր հանդիպմանը, քանի որ լուսաբանել էր այս կոնֆլիկտը, մասնավորապես ներկայացնելով այն ուսանողների բողոքը, ըստ որի, Նորիկ Սարիբեկյանը հրաժարվում է տալ փաստաթղթերը՝ պահանջելով դրա համար վճարել նաեւ հաջորդ ուստարվա վարձը։ Մինչդեռ վերջինս էլ հավաստիացնում է, որ ոչ մի ուսանող պաշտոնական դիմում չի ներկայացրել իրեն՝ խնդրելով տալ փաստաթղթերը։ Նրանք, ովքեր դիմել են եւ բուհի նկատմամբ պարտքեր չեն ունեցել, ստացել են այդ փաստաթղթերը։ Պրն Սարիբեկյանը թեեւ ընդունում է, որ հաջորդ տարվա վարձը վճարելու պահանջ պայմանագրով նախատեսված է, սակայն հավաստիացնում է, թե այն իրականում չի կիրառում։ Ինչ վերաբերում է Հայկական բժշկական ինստիտուտ տեղափոխված մոտ 13 ուսանողներին, ապա, ըստ Ն. Սարիբեկյանի, նրանք տարբեր պատճառներով հեռացված են իրենց բուհից։ Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանը չկարողացավ հաշտեցնել բուհերին։ Որոշվեց, որ Ավանդական բժշկության ինստիտուտից հեռացած ուսանողները, փաստաթղթերը խնդրելու համար, դիմում պիտի գրեն ռեկտորի անունով։ Եվ Ն. Սարիբեկյանի պատասխանից կախված կլինեն հետագա քայլերը։ Ռ. Գաբրիելյանը ճշտեց, որ իրենք ցանկացած դեպքում պիտի պաշտպանեն ուսանողների շահերը։ Մի եզրակացությունն էլ ակնհայտ էր. բուհից բուհ տեղափոխությունների հարցը հստակ կանոնակարգելու անհրաժեշտություն կա։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել