Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 08,2000 00:00

Բագրատաշեն գյուղին շուկայից «քոռ» կոպեկ չի հասնում Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 1200 հա պտղատու այգիները ոռոգման ջուր չունենալու պատճառով չորացել են։ Երեք ջրհան կայաններից եւ չորս մայր առուներից այստեղ մեկն է գործում։ «Արդեն 6-7 տարի է՝ մեր կյանքը օրեցօր վատանում է, իսկ կառավարությունը մեզ ոչնչով չի աջակցում ոտքի կանգնելու համար»,- ասում են գյուղացիները։ Նրանք պատմեցին, որ Սադախլոյի շուկայում ադրբեջանցիները հայ առեւտրականներին սեզոնին 2-3 հազար տոննա արքայախնձոր են վաճառում, որը Բագրատաշենով առաքվում է Հայաստանի շուկաները։ Եվ եթե կառավարությունը աջակցի իրենց՝ արքայախնձորի տնկիներ ձեռք բերելու գործում, ապա մի երկու տարի հետո Հայաստանի շուկաներում կվաճառվի հենց բագրատաշենցիների աճեցրած արքայախնձորը։ Բագրատաշենում լուրջ հիմնախնդիրներ կան նաեւ հանրահայտ շուկայի հետ կապված։ Գյուղացիները բողոքում են Նոյեմբերյանի շրջխորհրդի գործկոմի որոշմամբ Սադախլոյի կամրջի աջակողմյան՝ Բագրատաշենին պատկանող չորս հազար մետր տարածքը 1994թ. ՀՀ առեւտրի նախարարությանը տալու եւ այնտեղ շուկա տեղադրելու որոշման դեմ, քանի որ համայնքային բյուջեն այնտեղ շրջանառվող հսկայական գումարներից ոչինչ չի ստանում։ Բագրատաշենում օրը սկսվում է շուկայի դարպասներից, որտեղ հսկիչները շուկա մտնող յուրաքանչյուրից պահանջում են 100 դրամ՝ մինչեւ կամուրջ 25մ տարածությունը ոտքով անցնելու համար։ Դրա դիմաց տալիս են առանց ամսաթվի ու համարի կտրոններ։ Հայ առեւտրականները Սադախլոյի շուկայում առեւտուրն ավարտելուց հետո կամրջի վրացական կողմում չորս ծառայություններին պատկառելի գումարներ են վճարում։ Հետո կամրջի հայկական կողմում նրանց դիմավորում են Բագրատաշենի շուկայի ռեկետյորները, որոնք կամուրջը հսկող հայ զինվորականների հետ վերցնում են իրենց բաժինը։ Շուկայի դարպասների մոտ առեւտրականներին սպասում են այլ հսկիչներ, որոնք Սադախլոյի շուկայից գնած թեթեւ գնումների համար պահանջում են 200-500 դրամ, իսկ սայլակներով տեղափոխվող մեծածավալ գնումների համար՝ 1000-2000 դրամ։ Այստեղ օրվա մեջ 400 դրամ «նալոգ» են վճարում նաեւ բեռնակիրները, որոնք 100 դրամ վաստակում են 70-80 կգ բեռը շալակած 1 կմ տեղափոխելուց հետո։ Ի դեպ, նրանց մեծ մասը կանայք եւ երեխաներ են։ Շուկայում չեն անտեսվում նաեւ վաճառողները։ Բեռնավորված ավտոմեքենաների մուտքը 500 -1500 դրամ է, իսկ յուրաքանչյուր մեկ տոննա իրացված բանջարեղենից շուկայի ղեկավարությունը վաճառողից պահանջում է 10 դոլար՝ առանց կտրոնների։ ԼԱՐԻՍԱ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ ՀԺԿ Թումանյանի տարածքային կազմկոմիտեի քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել