Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 07,2000 00:00

ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ Երեկ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի արտահերթ ասամբլեան։ Այն բացեց ՀԱՕԿ-ի նախագահ Բենուր Փաշայանը, որը նոր է վերադարձել Ռուսաստանում բուժվելուց։ Բենուր Փաշայանը խոսեց շատ կարճ՝ մասնավորապես ասելով, որ լրատվամիջոցներում տեղ գտած այն եզրակացությունները, թե ինքը փախել է Հայաստանից, չեն համապատասխանում իրականությանը, եւ հավաստիացրեց, որ ինքը՝ որպես մարզիկ, որը ժամանակին արժանվույն է պաշտպանել Հայաստանի մարզական դրոշի պատիվը, եւ, որպես մարզական գործիչ, եղել ու մնում է իր երկրի նվիրյալը եւ ամենեւին էլ հայրենիքից բացակայելու մտադրություն չի ունեցել։ Նա ՀԱՕԿ-ի անդամներին, հյուրերին եւ հրավիրվածներին հայտարարեց, որ ինքն, իրոք, հրաժարականի դիմում է ներկայացրել, որի առիթով էլ հրավիրվել է այս արտահերթ համագումարը, եւ միջնորդեց, որ ՀԱՕԿ-ի նիստը վարի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, պրոֆեսոր, ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի պրոռեկտոր Միքայել Իսպիրյանը։ Ստանձնելով նախագահողի դերը, Մ. Իսպիրյանը ներկայացրեց ՀԱՕԿ-ի արտահերթ նստաշրջանի օրակարգում դրված միակ հարցը՝ կազմակերպական հարցեր։ Սակայն ՀԱՕԿ-ի գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը, նախկին փոխնախարար եւ ՀԱՕԿ-ի նախկին նախագահ Ալեքսան Ավետիսյանն, առաջին իսկ պահից, ընդդիմադիր դիրք գրավեցին՝ բողոքելով թե՛ հարցի նախապատրաստման, թե՛ այն օրակարգ մտցնելու, թե՛ նիստը վարելու մեթոդների դեմ։ Մասնավորապես, նրանք դժգոհում էին ՀԱՕԿ-ի կանոնակարգի կոպիտ խախտումների դեմ, որ թույլ էին տրվել ՀԱՕԿ-ի արտահերթ համաժողով հրավիրելու, տվյալ հարցը օրակարգ մտցնելու ժամանակ կատարված ապօրինությունների դեմ։ Սակայն նախագահողի, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Նշան Մունչյանի լրացուցիչ մեկնաբանություններից հետո խնդրո առարկայում պարզություն մտցվեց ու քվեարկությամբ օրակարգը հաստատվեց։ Այնուհետեւ Մ. Իսպիրյանը ընդդիմադիրների պահանջով մանրամասնեց «կազմակերպական հարցերը», որը գլխավորապես ներառում էր սահմանված կարգով Սիդնեյի օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցներին ՀԱՕԿ-ի անդամի կարգավիճակ շնորհելու, անցած հաշվետու ժամանակահատվածում ֆեդերացիաների եւ մարզական այլ կազմակերպությունների կողմից ՀԱՕԿ-ի անդամների փոփոխության առաջարկությունների մասին հարցերի քվեարկությունը, ինչպես նաեւ ՀԱՕԿ-ի նախագահ Բենուր Փաշայանի հրաժարականն ընդունելու դեպքում նոր նախագահի ընտրության հարցերը։ Ասամբլեան քվեարկությամբ հաստատեց օրակարգը՝ ամառային 27-րդ օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներին ընդգրկելով ՀԱՕԿ-ի կազմում եւ Հայաստանի օլիմպիական կոմիտեի անդամների ռոտացիան։ Օրակարգի նախնական փուլն անցնելուց հետո Մ. Իսպիրյանը ձայնը տվեց Բ. Փաշայանին։ Նա մասնավորապես ասաց, որ ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո ընկած իր աշխատանքային գործունեության ընթացքում ինքը համոզվեց, որ ներկայիս պայմաններում սպորտը պետք է ղեկավարի մեկ մարդ, անկախ այն բանից, թե ով կլինի նա՝ պետական կառույցի ներկայացուցի՞չ, թե՞ հասարակական կազմակերպություն։ Նրա ելույթն առավելապես հուզական բնույթ ուներ՝ կապված իր անձին առնչվող մեկնաբանությունների հետ, որ տեղ են գտել ԶԼՄ-ներում ու մարզաշխարհում։ Նա մեկ անգամ եւս ներկաներին հավաստիացրեց, թե ինքը երբեք Հայաստանից բացակայելու, առավել եւս՝ փախչելու մտադրություն չի ունեցել, որի ապացույցը ՀԱՕԿ-ի ասամբլեային իր մասնակցելն է։ Օլիմպիական եռակի չեմպիոն, ՀԱՕԿ-ի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանն, ավագ ընկերոջ իրավունքով, իր ելույթում ողջունեց Բ. Փաշայանի որոշումը՝ դա համարելով տվյալ պահին՝ միակ ճիշտ քայլը։ Այնուհետեւ առաջադրվեցին ՀԱՕԿ-ի նախագահի թեկնածուներ։ Նրանք երեքն էին՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանը (առաջարկությունն արեց ՀԱՄԽ-ի սպորտի եւ տուրիզմի հանրապետական կոմիտեի նախագահ Կառլեն Հարությունյանը), ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը եւ «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը։ Վերջինս հենց տեղում ինքնաբացարկ հայտարարեց, իսկ Ա. Ավետիսյանը, որն ասամբլեայի ամբողջ ընթացքում ակտիվ ընդդիմադիրի դեր էր ստանձնել, որպես անհամաձայնության արտահայտություն, դուրս եկավ դահլիճից։ Մինչ այդ, նա սկզբունքային անհամաձայնություն արտահայտեց քվեարկության անցկացման ընդունված կարգի հետ, ըստ որի ՀԱՕԿ-ի անդամներն իրենց նոր ղեկավարին պետք է ընտրեին բաց քվեարկությամբ։ Արդյունքում մնաց միայն մեկ թեկնածու՝ Իշխան Զաքարյանը, որի թեկնածությանը կողմ քվեարկեց ասամբլեայի 139 պատգամավոր։ Ընտրվելուց հետո Ի. Զաքարյանը գործկոմի անդամներին հրավիրեց ՀԱՕԿ-ի՝ իր ղեկավարությամբ կայանալիք անդրանիկ նիստին։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել