Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 07,2000 00:00

«ԻՄ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ ԴՈՒՔ ՉՄՈՏԵՆԱՔ» Հանգուցյալների թիվն այնքան շատ է, որ շուտով նրանց, հավանաբար, ստիպված կլինեն թաղել «Կորեայում» Ըստ պաշտոնական տվյալների, Երեւանում օրական, միջին հաշվով, 20 մարդ է մահանում։ Մայրաքաղաքում եւ նրա շրջակա տարածքում 18 գերեզմանատուն կա։ Բոլորում էլ չափազանց նեղվածք է։ Ավելի նեղվածք է կառավարական պանթեոնում (Նոր Արեշի գերեզմանատուն). «Այսօր եթե մի կառավարական մարդ մեռնի, ես չգիտեմ՝ որտե՞ղ եմ թաղելու»,- ասաց գործի պատասխանատուն։ Մենք արդեն անդրադարձել էինք Զեյթունի գերեզմանատանը, գրել էինք, որ այստեղ վաճառվել են նույնիսկ մուտքերն ու ծառուղիները։ Ինչ գրել էինք՝ ճիշտ է, պարզապես նա, ով վաճառել է, նախկին տնօրեն է արդեն։ 2000թ. օգոստոսի 3-ին Գագիկ Հակոբյանը ազատվել է աշխատանքից հիշյալ պատճառներով։ Դատախազությունը զբաղվել է այս գործով, բայց ոչ թե պրն Հակոբյանին պատժելու, այլ՝ հենց նրա հայցն է քննել, որով վերջինս նպատակ ուներ վերականգնվել իր տեղում։ «Ձեր նախորդն այնքան է ծախել, որ ձեզ զրկե՞լ է փող աշխատելու հնարավորությունից»,- հարցը գերեզմանատան այսօրվա տնօրեն Լաերտ Միքայելյանը որպես հումոր ընդունեց ու ծիծաղեց։ Բայց ծախելու բան հաստատ մնացել է։ Մի կողմից «վերեւները» իբրեւ թե ուզում են օրինականությունը պահպանել, մյուս կողմից հենց իրենք են «թափով» հանգուցյալի դեպքում զանգում եւ հրահանգում, որ «խելքը գլխին տեղ տրվի»։ Այս վաճառված ծառուղիներում նաեւ որոշ պաշտոնյաների հարազատներն են թաղված։ Զեյթունի գերեզմանատունը «պրեստիժնի» է։ Այստեղ են թաղված «հեղինակավոր» անուններ (Գրիշիկ, Ճակո, Ղարս), էլի մի քանիսը։ Այս հանգուցյալների տերերն իրենց իրավունք են վերապահել գերեզմանատան պարիսպներից դուրս, հենց մուտքի երկու կողմում թաղել իրենց մեռելները։ Փաստորեն, այսպես վարվելով, առաջին հերթին վիրավորել են իրենց հանգուցյալ հարազատներին։ Պարզապես չգիտեին, որ գերեզմանի ցանկապատից դուրս թաղում են հասարակության կողմից մերժվածներին։ Այստեղ գերեզմաններ կան, որ արժեն $70 հազար եւ ավելի, մեկը նույնիսկ $150 հազար արժե, բայց տերերին դա չի բավարարում։ Ուստի նրանք պարբերաբար վերակառուցում են իրենց մարմարե պալատները։ Բա ինչպե՞ս։ Եթե «հեղինակավոր» հանգուցյալը կարգին տիրություն է արել իր «ախպեր-տղերքին», սրանք էլ վերջինիս գերեզմանին են տիրություն անում։ Այս ամբողջ ոչ այնքան հաճելի թեմայի մեջ լավն այն է, որ «նայելու եւ վերակառուցելու» արդյունքում մի քանի տասնյակ արհեստավոր գործ է ունենում։ Կա նաեւ ուրիշ խնդիր՝ գերեզմանների ցանկապատերը, ծաղկամաններն ու սեղանները եթե գունավոր մետաղներից են, գողացվում են։ Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկման» ՊՓԲԸ տնօրեն Արամ Առաքելյանի հետ զրուցելիս պարզեցինք, որ հիմնարկը շահույթով է աշխատում։ 1 մլն 162 հազար դրամ ամեն ամիս տրվում է կենսաթոշակային հիմնադրամին, 400 հազար դրամի չափ՝ հարկային մուծումներն են։ Ամբողջ վճարները ամսական կազմում է մոտ 2 մլն դրամ։ 1,5 մլն կազմում է աշխատավարձը։ Ծառայությունների գնացուցակը հետեւյալն է. տեղ փորելն արժե 7 հազար դրամ, դիատար «ԵրԱԶ» ավտոմեքենան՝ 8 հազար, «ՊԱԶ»-ը եւ «Գազելը»՝ 10 հազար, արեւելյան երաժշտությունը՝ 16 հազար («էն, որ դհոլը 5 րոպեն մեկ մի հատ կտտացնում է»,- ասաց «մասնագետներից» մեկը), փողային երաժշտությունն ավելի էժան է՝ 8 հազար դրամ։ Գերեզմանատները բոլոր կողմերից շրջապատել են ապրողների քաղաքը եւ շարունակում են մեծանալ։ Տարածքների խնդիր կա, չմոռանանք, որ Նուբարաշենի գերեզմանատան մի մեծ հատվածը շարունակում է սահել։ Դիակիզարանների մասին հայերը չեն սիրում խոսել, ասելով, թե դա իրենց ավանդապաշտ էությանը հարիր չէ։ Բայց մյուս կողմից էլ, եթե ապրողներն այսպիսի տեմպերով շարունակեն մեռնել, թաղվելու տեղ էլ չի լինի։ «Բնակչության հատուկ սպասարկման» ՊՓԲԸ տնօրենը առաջարկ է ներկայացրել քաղաքապետարան՝ «Կորեայի ձոր» կոչվող տարածքը, Շամպայնի գործարանի մոտակայքում, գերեզմանատուն դարձնելու, «եթե այդտեղից մի քանի հեկտար հող տվեցին, այդ շրջանի պրոբլեմը կլուծվի մի 30-40 տարով»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել