Մի սխալի բազում հետեւանքները Այս տարվա մայիս ամսին Մինսկում ԱՊՀ 6 երկրներ՝ Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, ստորագրեցին Կոլեկտիվ անվտանգության մասին նոր (ադապտացված) պայմանագիրը: Ինչո՞վ է այն տարբերվում 92 թվականին Տաշքենդում ստորագրված նմանատիպ պայմանագրից: Մեկնաբանում է «Արմատ» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Ստեփան Գրիգորյանը, որը 1996172 1999172ը Կոլեկտիվ ան-վտանգության պայմանագրում ՀՀ լիազոր ներկայացուցիչն էր. Նախ՝ տաշքենդյան պայմանագիրը ստորագրեցին 9 հանրապետություններ. վերը նշվածները՝ գումարած Վրաստանը, Ադրբեջանը եւ Ուզբեկստանը: Առհասարակ նման պայմանագրեր նախատեսում են, որ Հայաստանը մտնում է անվտանգության ինչ-որ մի համակարգի մեջ: Բայց հիշեցնեմ, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները պնդում են, թե իրենք նախաձեռնողն են «3+3+2» անվտանգության համակարգի (Հայաստան-Ադրբեջան-Վրաստան+ Ռուսաստան-Թուրքիա-Իրան+ ԱՄՆ-Եվրամիություն), բայց միաժամանակ ստորա-գրում են մի փաստաթուղթ, որտեղ հիշատակված բոլոր երկրներից կան միայն Հայաստանն ու Ռուսաստանը: Դա մեր արտաքին քաղաքականության ընդհանուր հակասությունն է, որի մասին առիթ եմ ունեցել խոսելու: Հիմա բուն պայմանագրի մասին: Առաջին խոշոր սխալն այն է, իմ կարծիքով, որ փաստաթուղթը ստորագրվել է անժամկետ: 92-ի պայմանագիրը ստորագրվել էր 5 տարով՝ հետագայում երկարացնելու իրավունքով: Անժամկետ պայմանագիրը անհեթեթություն է՝ աշխարհը շատ արագ է զարգանում, եւ այդ դինամիկ փոփոխություններում հավերժ պարտավորություններ վերցնելը առնվազն իմաստալից չէ: Դա նշանակում է, որ դուք փաստաթղթի մեջ կոնֆլիկտ եք ներդնում, որովհետեւ չեք կարող, առանց պայմանագրի անդամ այլ երկրների հետ պրոբլեմ ունենալու, դուրս գալ դրանից, ինչպես, օրինակ, 99 թվին դա արեց Ուզբեկստանը՝ գտնելով, որ անվտանգության այդ համակարգն իրեն ձեռնտու չէ: Դա տեղի ունեցավ հենց այն պատճառով, որ 92-ի պայմանագիրը ժամկետային էր: Նույն շարքից է պայմանագրի այն կետը, որ այն առաջնահերթային է անվտանգության վերաբերյալ ցանկացած այլ պայմանագրի հանդեպ: Եթե վերցնենք մեր տարածաշրջանը, ապա ակներեւ է, որ չի կարող լինել անվտանգության համակարգ՝ առանց Ադրբեջանի, Վրաստանի, ինչպես նաեւ՝ Թուրքիայի եւ Իրանի: Ինչպե՞ս ենք գերակայող, առաջնահերթային համարում մի փաստաթուղթ, որտեղ այդ երկրները չկան: Կոլեկտիվ անվտանգության մասին այս նոր պայմանագրում Հայաստանը հանդես է գալիս որպես կղզի, անկլավ, որովհետեւ չունի մնացած 5 երկրների հետ ընդհանուր սահման: Եվ մեր դիվանագետների կողմից լրջորեն չմշակված փաստաթուղթն անպայմանորեն կբերի եւ արդեն բերում է բացասական հետեւանքների: Օրինակ, այս տարվա հոկտեմբեր ամսին Բիշքեկում տեղի ունեցավ ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության երկրների գագաթաժողովը, որտեղ ընդունվեց թալիբներին դատապարտող շատ խիստ հայտարարություն: Այսինքն՝ մենք ներ-գրավվեցինք մի խնդրի մեջ, որը մեր տարածաշրջանի հետ ոչ մի կապ չունի եւ առանց որեւէ բան ստանալու հակադրվեցինք թալիբներին համակրող մահմեդական աշխարհի մի մասին: Մեկ այլ օրինակ. նույն պայմանագրով Հայաստանը պարտավորվում է, առանց հավելյալ համաձայնեցումների, ընդունել դաշնակից պետությունների զինտեխնիկան, ինչը եւ արվել է՝ վերջերս Վրաստանից ռուսաստանյան զրահատեխնիկա փոխադրելով: Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ դրանք այն գերժամանակակից սպառազինությունները չեն, որոնք կարող են նպաստել մեր անվտանգության ամրապնդմանը: Փոխարենը մենք էլ ավելի բարդացրինք մեր հարաբերությունները Վրաստանի հետ: Անշուշտ, պետք է զարգացնել Ռուսաստանի հետ քաղաքական եւ ռազմական համագործակցությունը: Բայց դա պետք է անել՝ նախ եւ առաջ սեփական շահերը հաշվի առնելով եւ ոչ թե ստորագրել Ռուսաստանի կողմից մեզ «դեմ տված» ցանկացած փաստաթուղթ: Վերջին դեպքում դու դիմացինիդ համար անհետաքրքիր ես դառնում, եւ գործընկերդ, մտածելով, որ արդեն իր գրպանում ես, սկսում է սիրաշահել քո հարեւաններին: Մարշալ Սերգեեւի ռեւերանսները Ադրբեջանի հասցեին եւ Պուտինի սպասվելիք այցը Բաքու՝ դրա վառ ապացույցն են: Դուք երբեւէ մտածե՞լ եք, թե ինչու Պուտինը ցանկություն չունի այցելել Երեւան: