Լրահոս
Օրվա լրահոսը

… ԵՎ ԱՅԼՆ

Դեկտեմբեր 06,2000 00:00

… ԵՎ ԱՅԼՆ Բաց դռների տարին է գալիս Երեկ Արմենպրեսի մամուլի սրահում 1700-ամյակի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ներկայացրեց գալիք տոնախմբությունների հետ կապված որոշ մանրամասներ։ Հավանաբար, արդեն ընթերցողի ականջով էլ ընկել են բնակարանները վարձով տալու առաջարկներ։ 1700-ամյակի կապակցությամբ Հայաստան եկած զբոսաշրջիկները մի տեղ պիտի ապրե՞ն, թե՞ ոչ։ Հետաքրքիր է, որ բնակարաններ են պահանջվում ոչ միայն Երեւանում, այլեւ հանրապետության այլ քաղաքներում։ Օրինակ, Գյումրի քաղաքում բնակարանները վարձով տալու 1000 դիմում է ներկայացվել։ Բնակարանի կոմունալ-կենցաղային հարմարություններից բացի, կարեւորվելու են նաեւ տանտիրուհու որոշ առանձնահատկություններ։ Ո՞վ է, ինչպիսի՞ մարդ է, ինչպե՞ս է ժպտում կամ խոսում։ Հյուրերին չենք կարող, չէ, նեղացնել։ Հավանաբար, տանտիրուհիներին ընտրելու համար 1700-ամյակի հանձնաժողովը հոգեբանի կարիք կունենա։ Պարզվեց՝ հոգեբանը հենց ինքն է՝ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը. «Ես ինչ պակաս հոգեբան եմ»,- ասաց պարոն Հարությունյանը՝ պատասխանելով վերոնշյալ հարցին։ Նա ասաց նաեւ, որ տանտիրուհիների համար հեռուստադպրոց է կազմակերպվելու՝ անգլերենի ուսուցման նպատակով։ Ի՞նչ գումարներ են ծախսվում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակը պատշաճ կազմակերպելու եւ անցկացնելու համար։ Առայժմ կա ֆինանսավորման երեք աղբյուր։ Նախ, Գաֆեզճյան ընտանիքը 2 միլիոն դոլար է առաջարկել հայաստանյան հուշարձանների տարածքը բարեկարգելու համար։ Հաջորդ աղբյուրը Լինսի հիմնադրամն է։ Իսկ այս երկուսից բացի, կոնկրետ գումարը, որ կա եւ ծախսվում է, մեր խեղճուկրակ բյուջեից հատկացված գումարն է։ 182 միլիոն դրամն արդեն կամաց-կամաց ծախսվում է այս տարվա դեկտեմբերի 31-ի միջոցառման եւ եկող տարվա հունվարի 6-ի արարողության համար։ Ի դեպ, այս տարի Հայաստան կժամանի 55 հազար զբոսաշրջիկ։ Եկող տարի, ըստ Խոսրով Հարությունյանի (հիշենք նաեւ նախագահ Քոչարյանի հայտնի հարցազրույցը ՀԱՀ-ին), Հայաստան կժամանի 150 հազար զբոսաշրջիկ։ Թեպետ մարդիկ դեռ չեն եկել, եւ լուրջ կասկածներ կան, որ այդքան մարդ, կամ մոտավորապես այդքան, կգան Հայաստան, բայց մենք արդեն ջուրը չտեսած բոբիկացել ենք եւ նախագահով, լրագրողով սկսել ենք հաշվել դեռեւս չեղած օգուտները։ Հաշվարկը հետեւյալն է՝ եթե յուրաքանչյուրը 1000 դոլար ծախսի Հայաստանում, ուրեմն՝ 150 հազար անգամ 1000-ը կլինի լուրջ գումար՝ բյուջեն լցնելու եւ ամեն տեսակի նվնվոցները դադարեցնելու համար։ Երկրի նախագահը մտադի՞ր է հրավիրել այլ երկրների նախագահների՝ միջոցառումներին մասնակցելու համար։ Պարզվում է, մեր հարցը անակնկալ չէր։ Խոսրով Հարությունյանն ասաց, թե հարցը ծանրութեթեւ արվել է, բայց դժվար խնդիր է՝ որին հրավիրես, որին՝ ոչ։ Կարծես թե խնդիրը միայն դա է։ Կան նաեւ այլ հարցեր՝ որտե՞ղ պահես եւ ինչպե՞ս, կամ՝ չեն մերժի, բայց՝ կգա՞ն։ Ու քանի որ մենք չենք ուզում ոչ մեկին նեղացնել (հայ քրիստոնյա լինելը չմոռանանք), որոշվել է հատուկ այդ առիթով ոչ մեկին չհրավիրել։ Բայց քանի որ եկող տարվա մեջ 9-10 երկրների նախագահների պաշտոնական այց է սպասվում, նրանց էլ ինչ-որ բաների մասնակից կդարձնենք։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ ԲԵՆՈՒՐ ՓԱՇԱՅԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է Այսօր Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայանալու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի համաժողովը, որի օրակարգի գլխավոր հարցը ՀԱՕԿ-ի նախագահ Բենուր Փաշայանի հրաժարականի եւ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նոր նախագահի ընտրությունն է։ Բենուր Փաշայանը, մի քանի օրվա անհայտությունից հետո, երկու օր է, ինչ Երեւանում է։ Հավանաբար, ՀԱՕԿ-ի համաժողովում նախագահի հավանական թեկնածուներ են լինելու ԱԺ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը, նախկին փոխնախարար եւ ՀԱՕԿ-ի նախագահ Ալեքսան Ավետիսյանը եւ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանը։ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԸ ԼԱՎԱՏԵՍ Է Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը երեկ ինչ-որ ինչ-որ իմաստով դարակազմիկ, հաշվետու-գերտեղեկատվական ասուլիս էր հրավիրել։ Պարոն Քոչինյանը մանրամասն ներկայացրեց Լոռու մարզի հետերկրաշարժյան վիճակը։ Այսօր 8000 ընտանիք, այսինքն՝ մոտ 32000 մարդ բնակարանի կարիք ունի։ Սակայն այս թվերը վերցված են հերթագրվածների ցուցակներից եւ չի բացառվում, որ իրականում, հաշվի առնելով արտագաղթը, բնակարանի կարիք ունեցողներն ավելի քիչ են։ Ի դեպ, «Առավոտի» հարցին ի պատասխան, պրն Քոչինյանը նշեց, որ վերջերս Սպիտակում (ինչպես նաեւ Արարատյան դաշտավայրի 6 գյուղերում) փորձնական մարդահամար է անցկացվել եւ արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքից բացակայում է բնակիչների ընդամենը 12%-ը։ Չնայած, պրն մարզպետի գնահատականով, Վանաձորում եւ Ալավերդիում արտագաղթողները բնակչության առնվազն 25%-ն են կազմում։ Դպրոցականների թիվը նվազել է ընդամենը 4,5%-ով, կենսաթոշակառուների թիվը՝ 62000, գրեթե չի փոփոխվել։ Ըստ մարզպետի, Լոռու մարզում արտագաղթը միջին հանրապետականից բարձր ցուցանիշ ունի, քանի որ նախ աղետի գոտի է, երկրորդ՝ «Տաշիրցիները դեռ խորհրդային տարիներից սիրում էին «խոպանչիություն» անել Ռուսաստանում»։ Մ. Բ. ԵՎՐՈԲԱՆԿԸ ԿԳՆԻ ԲՑ-ՆԵՐԻ 19,9 ՏՈԿՈՍԸ Կառավարության ընդունելությունների տանը երեկ կայացած էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի հանձնաժողովի նիստում Եվրոբանկի հետ պայմանագիր կնքվեց։ Այս պայմանագրի համաձայն, Եվրոբանկը բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման գործընթացում կգնի բաժնետոմսերի 19,9%-ը։ ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը հիշեցրեց, որ մասնավորեցման նպատակով էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի բաժնետոմսերը խմբավորվել են 2 փաթեթում. առաջին՝ «Երեւանի էլեկտրացանց» եւ «Հյուսիսային էլեկտրացանց» եւ 2-րդ՝ «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ-ների բաժնետոմսեր։ Էլեկտրացանցային 4 բաշխիչ ցանցերի մասնավորեցման մասին օրենքի համաձայն, յուրաքանչյուր փաթեթում ընդգրկված ընկերությունների բաժնետոմսերի առնվազն 51%-ը հավասար չափով վաճառվում է միջազգային մրցույթում հաղթած անձին։ Որպես միջազգային ֆինանսական հաստատություն ընտրված Եվրոբանկը կգնի յուրաքանչյուր ԷԲԸ-ի բաժնետոմսերի 19,9%-ը։ Ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ շահագրգռություն ունի Եվրոբանկը Հայաստանի ԷԲԸ բաժնետոմսեր գնելիս՝ Եվրոբանկի տարածաշրջանային ղեկավար Հիլդեգար Հաշեկը մեծահոգաբար նշեց, որ Եվրոբանկն ընդհանրապես օժանդակում է հետխորհրդային երկրներին։ Պայմանագրի դրական եւ բացասական կողմերի մասին խոսելիս, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ռազմավարական գնորդը ձեռք է բերում վստահելի գործընկեր եւ «ստիպված է» ճշգրիտ եւ շատ թափանցիկ գործունեություն ծավալել։ Լ. Մ. ԾՆՈՂՆԵՐԻՆ «ՄԱՏ» ԵՆ ԱՐԵԼ Ամեն օր, երբ երեխաները քնում են, ծնողները հավաքվում են եւ վերցնելով Արամ Հակոբյանի եւ Նորայր Խրիմյանի «Տրամաբանական խաղեր» դասագիրքը, որը նախատեսված է 2-4-րդ դասարանցիների համար, փորձում են լուծել իրենց երեխաներին հասցեագրված խնդիրները։ Երկար խորհում են, մեկնաբանում, մանրամասնում, սակայն արդյունքի չհասնելով՝ հուսալքված փակում են գիրքը։ Իսկ հաջորդ օրը, երբ երեխաները ծնողներին ցույց են տալիս օրագրերում հայտնված երկուսները, վերջիններս կարմրում են. չէ՞ որ այն նաեւ իրենց վաստակած երկուսն է։ Այս մասին մեզ հետ զրույցում պատմեցին թիվ 97 դպրոցի աշակերտների ծնողները, որոնցից մի քանիսի կարծիքը մեջբերում ենք։ Կարապետյան Հենրիկ- Խնդիրները բավականին բարդ են եւ դժվար, փորձում եմ ինչ-որ կերպ բացատրել տղայիս, բայց՝ ապարդյուն։ Ճիշտն ասած՝ նույնիսկ ինքս կարգին չեմ հասկանում։ 4-րդ դասարանցու համար այնպիսի շախմատային քայլերով խնդիրներ կան, որոնք լուծելու համար շախմատիստ պետք է լինել։ Չինարյան Մարգարիտա- Չկա մի խնդիր, որ աղջիկս լուծի, քանզի ինքս եմ դժվարանում, ինչպես պահանջեմ նրանից։ Ես զարմանում եմ՝ դասագրքերը կոչված են աշակերտներին ուսանելու համար, այս գիրքը ոչինչ չի տալիս երեխաներին։ Սիմոնյան Վարդուհի- Ինձ համար թիվ մեկ գլխացավանք է տղայիս տրամաբանության խնդիրները լուծելը։ Վարժությունները շատ դժվար են։ Օրինակ, գրված է. «Ինչպե՞ս կարելի է շախմատի տախտակի սեւ վանդակների վրա դասավորել միմյանց չհարվածող 7 փիղ»։ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «ԵՍ ՇԱՏ ԱՄԲԻՑԻՈԶ ՄԱՐԴ ԵՄ» «Արծաթափայլ հովտաշուշան» կինոնկարիս պրեմիերան իմ հայրենիքում, քաղաքում, ուր անցել է կյանքիս մի մասը, ուր հայրիկիս հետ հաճախ «Պապլավոկի», «Կազիրյոկի», «Սկվազնիչոկի» հաճախորդներն էինք, այնտեղ հավաքվող արվեստագետների զրույցների ունկնդիրն ու մասնակիցը, իմ համար մի ինչ-որ սիմվոլիկ նշանակություն ունի»,- ասաց ֆիլմի ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Տիգրան Քեոսայանը, երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացած մամլո ասուլիսին։ Երեկ երեկոյան «Մոսկվա» կ/թ-ում կայացավ նրա «Արծաթափայլ հովտաշուշան» ֆիլմի պրեմիերան։ Կինոնկարը կցուցադրվի ինչպես նախկին ԱՊՀ, այնպես էլ արտասահմանյան երկրների 19 քաղաքներում։ Տ. Քեոսայանի հետ Երեւան են եկել նաեւ ֆիլմի գլխավոր դերակատարուհի Ելենա Խմելնիցկայան, պրոդյուսերներ՝ Վալերի Բելացերկովսկին եւ Ֆելիքս Կլեյմանը, սցենարի երկրորդ հեղինակ Գաննա Սլուցկին, որը, ի դեպ, մեր հայրենակիցն է՝ Գայանե Հովհաննիսյանը, ռեժիսոր Էդգար Հովհաննիսյանի դուստրը։ Տ. Քեոսայանն իր այս եւ մնացած բոլոր նախագծերն իրականացնում է իր ստուդիայում, որը հիմնադրել է 1992-ին՝ եղբոր հետ։ «Այժմ «Կոզերոգ» ստուդիան ապահովում է Ռուսաստանի հեռուստատեսության ամբողջ արտադրանքի 62-64%-ը»,- ասաց Տ. Քեոսայանը, նշելով, որ դա երեւի թե պայմանավորված է նրանով, որ թե՛ կինոնկարները եւ թե՛ տեսահոլովակները նկարահանվում են կարճ ժամկետներում եւ 10-15% ավելի էժան, քան ուրիշների մոտ։ «Արծաթափայլ հովտաշուշան» ֆիլմը ստեղծվել է ընդամենը 4-5 ամսում։ Կարելի էր ակնկալել, եւ դա բնական է, որ կինոնկարի մասին ինքը՝ ռեժիսորը, պետք է արտահայտվեր գոհունակությամբ. «Ես ցանկանում էի նկարահանել ֆիլմ շոու-բիզնեսի մասին՝ կարծում եմ՝ դա ինձ մոտ ստացվեց, եւ ինձ կհասկանան ոչ միայն Ռուսաստանում, այլեւ գրեթե ամենուր։ Ուրիշ բան, որ «շոու-բիզնես» հասկացությունը Հայաստանում գոյություն չունի, իսկ Ռուսաստանում ընդամենը դրա պարոդիան ենք տեսնում։ Այնուամենայնիվ, ես պետք է կատարյալ ապուշ լինեի, որպեսզի այս ֆիլմը Հայաստան բերեի՝ չակնկալելով դրական արձագանք։ Ընդհանրապես ես նկարահանում եմ միայն այն, ինչը ինձ դուր է գալիս, ինչը, իմ կարծիքով, իմաստավոր եւ արդիական է։ Նշեմ, որ ես դա կարող եմ ինձ թույլ տալ»։ Տ. Քեոսայանի ապագա ծրագրերից միայն հայտնի դարձավ այն, որ ձմռանը Հայաստանում կսկսվեն իր նոր ֆիլմի (սերիալ) նկարահանումները։ Ի դեպ, սերիալն իր թեմատիկայով ոչ մի կապ չունի Հայաստանի, հայերի հետ, պարզապես Հայաստանը նման է այն վայրին, ուր պետք է տեղի ունենան սերիալի գործողությունները։ Այս նախագծում ներգրավվելու են նաեւ անվանի հայ դերասաններ։ ԼԻԼԻԹ ԲԵԿՉՅԱՆ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ Հայաստանի վերջին տարիների առաջատար բռնցքամարտիկներից՝ Արտյոմ Սիմոնյանը, որը, աշխարհի առաջնությունում իր ծրագրած արդյունքներին հասնել չկարողանալուց հետո, չկարողացավ նվաճել նաեւ Սիդնեյի ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր, որոշեց ուժերը փորձել պրոֆեսիոնալ ռինգում։ Իտալիայում մարտ ամսին անցկացված վարկանիշային մրցումներում անհաջողության մատնվելուց հետո նա մեկնեց ԱՄՆ՝ իր ուժերը պրոֆեսիոնալ ռինգում ստուգելու նպատակով։ Այստեղ նա առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց սիրողական բռնցքամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, կուբացի Կասամայորի հետ, որի նկատմամբ բացարձակ առավելությամբ հաղթանակ տարավ։ Այս հաջողությունից հետո Ա. Սիմոնյանի հետ 3 տարի ժամկետով պայմանագիր կնքեցին պրոֆեսիոնալ բռնցքամարտի տեղացի «բոսերը»։ Օրերս Ա. Սիմոնյանը Լաս Վեգասում անցկացրեց չորս ռաունդանոց առաջին պաշտոնական մենամարտը սեւամորթ մարզիկի հետ, որի ազգանունը չկարողացանք ճշտել, եւ վերջին ռաունդում նոկաուտի ենթարկեց նրան։ Ասենք, որ Արտյոմը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո եւ պրոֆեսիոնալ ռինգ է մուտք գործել «Հայ» մականունով։ Շնորհալի մարզիկին Հայաստանում աճեցրել է ԽՍՀՄ եւ ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Անտոնյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել