Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 06,2000 00:00

«Ո՞վ է վերափոխել իմ շենքը» Ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանը բողոքում է իր նախագծած Կամերային երաժշտության տան ներսում վերաձեւումներ կատարելու դեմ: «Հսկողություն պետք է լինի ոչ միայն նոր կառուցվող, այլեւ արդեն կառուցված շենքերի, թեկուզ մի 10-20 տարի, 30 տարի առաջ կառուցված էն շենքերի, որոնք հուշարձան են, որոնք քաղաքին անհրաժեշտ շենքեր են։ Չի կարելի անտարբեր լինել, հատկապես երբ որ գալիս են ինչ-որ տնօրեններ, իրենց ցանկությամբ ներկում-փոխում են շենքի ճակատը…»,- ասաց պրն Քյուրքչյանը։ Եվ որպես ասվածի «փայլուն օրինակ» հիշեցրեց իր նախագծած մի կառույցի՝ Կամերային երաժշտության տան օրինակը։ Ս. Քյուրքչյանը բորբոքված էր եւ շատ կոշտ արտահայտվեց դիրիժոր Արամ Ղարաբեկյանի մասին։ «Կամերային երաժշտության տան օրինակն եմ ասում, ուր բոլոր հյուրերը լինում են։ Արամ Ղարաբեկյանն, իր կարծիքով, Ամերիկայից, եթե խոպան է եկել, ամբողջ կամերային երաժշտության տան շենքի երկրորդ հարկի ճեմասրահը շուշաբանդել է… եւ մեծ տառերով էլ գրված է՝ Կամերային նվագախմբի գրասենյակ։ Երկու կողմն էլ փակել ա, մեջը նկարներ, վարագույրներ կախել։ Ո՞վ ա թույլ տվել, ես արդեն չգիտեմ՝ ում դիմեմ, ոնց անեմ։ … Մենք պետք է կարողանանք ուժ գտնել՝ նման մարդկանց հավաքել տանք իրենց քանդածը, վերցնեն-ուղղեն…»։ Կամերային երաժշտության տանը կատարված այս փոփոխությունների մասին խոսակցություններ կային դեռ մեկ-երկու ամիս առաջ։ Եվ հայտնի էր, որ պրն Քյուրքչյանը այդ առիթով հանդիպել էր Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արամ Ղարաբեկյանի հետ։ Ս. Քյուրքչյանը զայրացել էր, թե փոփոխություն անելուց առաջ ինչո՞ւ իրեն՝ շենքի ճարտարապետին չեն ասել։ Հարցադրումը պրն Քյուրքչյանի կողմից ճիշտ է։ Եվ, ըստ էության, առանձնապես մեծ վերափոխումներ չեն արվել։ Ընդամենը ապակեպատ դռներ են տեղադրվել, եւ տարածքը օգտագործվում է ե՛ւ իբրեւ գրասենյակ, ե՛ւ իբրեւ երաժիշտների փորձատեղի։ Մինչդեռ նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյանն ասաց, որ Կամերային երաժշտության տան նախկին տնօրեն Ռոբերտ Սահակյանի հետ են այս փոփոխությունները համաձայնեցվել։ Որեւէ գլոբալ կառույց չի արվել, այլ անօգտագործելի տարածքը օգտագործելի են դարձրել, անգամ որեւէ մեխ չի խփվել, այլ կրկնակի (ձայնամեկուսիչ) ապակիներով դռներ են տեղադրվել, որը հնարավորություն է տալիս ոչ միայն տարածքը կիրառելի դարձնել, այլեւ ջեռուցման խնդիրն էլ լուծել։ Շենքը, մեծ հաշվով, չի ջեռուցվում եւ, առհասարակ, ամբողջ շենքի պատուհանների ապակիներն են մի փեղկանի։ Հավանաբար, Ս. Քյուրքչյանը պետք է տեղեկացվեր նույնիսկ այդ՝ աննշան փոփոխության մասին: Մյուս կողմից, հայ ճարտարապետների մեջ մի տարածված երեւույթ կա. ամեն մեկն իր նախագծած շենքի մասին մտածում է, թե աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն է, եւ դրանք հաճախ են հուշարձան անվանում։ Այնինչ շենքեր կան նախկինում էլ կառուցված, որ ո՛չ կիրառելիության տեսանկյունից են հարմարավետ, ո՛չ ջեռուցման, ո՛չ էլ ունեն հստակ նշանակություն։ Հիշենք թեկուզ Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող շենքերից մեկը, ուր տեղակայված են քաղաքաշինության նախարարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը եւ այլ հաստատություններ, որոնք ոչ հնարավոր է լիովին օգտագործել, ոչ ջեռուցել, ոչ բնակվել, ոչ աշխատել: Նման դեպքեր էլ են լինում եւ եթե որեւէ վերափոխում անեն «նորաբնակ» կազմակերպությունները՝ թեկուզ հարմարավետության համար, կառույցի հեղինակները կսկսեն աղմկել: Իսկ ահա, օրինակ, նույն Կամերային երաժշտության տանը, երբ լոտոխաղարկումներ են կազմակերպվում, երբ տգեղ պաստառներով են հեղեղվում այդ սրահները, որոնք դասական երաժշտության, արվեստի վայր են, ինչո՞ւ մեր ճարտարապետները ձայն չեն հանում։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել