Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 06,2000 00:00

ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ «ՆԻՍՅԱ» ԹԵՐԹ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ Արմավիրի մարզում հարցման են ենթարկվել 300 քաղաքացիներ, որոնք հայտնել են իրենց նախասիրությունները հայաստանյան թերթերի հանդեպ: Մարզային մամուլ կամ մարզային թերթ ասածը ինչ-ինչ պատճառներով կամաց-կամաց արդեն մոռացվում է։ Քաղաքային կամ համայնքային թերթերը վաղուց չկան։ Ժամանակի ընթացքում շարունակ նվազում է այն կրպակների քանակը, որոնք զբաղվում են թերթերի հատավաճառով, սակայն այս նվազումը չի համալրվում շրջիկ թերթավաճառներով։ «Մամուլի» տարածման գործակալությունը ձեռ է քաշել գյուղերին թերթ առաքելուց, որովհետեւ ձեռնտու չէ։ «Փոստ» դուստր ձեռնարկությունն էլ գործից մեծ ակնկալիքներ չունի։ Արդյունքում գյուղաբնակները թերթի երես չեն տեսնում։ Արմավիրի մարզում, որը մայրաքաղաքին մոտ մարզերից մեկն է, թերթ կարդում են հիմնականում քաղաքաբնակները, իսկ գյուղերից հատ ու կենտ գյուղական մտավորականներ ու նրանք, ովքեր աշխատում են քաղաքներում։ Մարզի երեք (Էջմիածին, Արմավիր, Մեծամոր) քաղաքներում կա մամուլի վաճառքի 11-12 կետ։ Երբեմն-երբեմն երեւում են նաեւ շրջիկ թերթավաճառներ։ Կայուն բաժանորդների քանակն այնքան էլ մեծ չէ. մի քանի պետական կառույցներ ու սպասարկող ձեռնարկություններ։ Հարցման ենթարկվածների 37%-ը (111 մարդ) պատասխանել է. «Չենք կարող գնել, ոչ միայն թերթն է թանկ, այլ նաեւ ես ի վիճակի չեմ գնել»։ 25%-ը (75 մարդ) պատասխանել է. «Ինչ կարիք կա թերթին փող տալ, եթե հեռուստածրագրերով ամեն ինչ տեսնում ու լսում ենք, բոլորն էլ նույն բաներն են կրկնում»։ Հարցման ենթարկվածների 10%-ը (30) կարդում է «Առավոտ» եւ «Իրավունք» թերթերը, 8%-ը (24)՝ «Հայաստանի Հանրապետություն», «Հայոց աշխարհ», «Ազգ» եւ «Հայկական ժամանակ» թերթերը։ Հարցման ենթարկվածների մնացած 20%-ը (60) կարդում է խառը՝ «02», «Եթեր», «Ոզնի», «Ճիչ», «Սեր», «Սենսացիա» թերթերը։ Մարզի երեք քաղաքներից թերթերի հանդեպ ամենամեծ հետաքրքրությունը դրսեւորում է Էջմիածին քաղաքը, որը չնայած դեռ չի զգում մոտեցող համաքրիստոնեական տոնակատարության շորշոփները, բացի ճանապարհատեսուչների մեքենաների աղմուկ-աղաղակի ուղեկցությամբ գնացող-եկող պաշտոնական հանձնախմբերի շքեղ ու արագընթաց մեքենաների առատությունից, բայց սիրում է կարդալ։ Սիրում է կարդալ, որովհետեւ ինչ էլ լինի, սոցիալ-տնտեսական ինչպիսի վիճակ էլ լինի, Էջմիածինը կա ու մնում է հոգեւոր քաղաք, մշակութային, մտավորականների, նկարիչների ու բանաստեղծների քաղաք։ Եվ բնավ էլ պատահական չէ, որ 3-րդ հազարամյակը սկիզբ է առնում Էջմիածնից՝ Ամենայն Հայոց տան օրհնությամբ։ Մայրաքաղաքից ընդամենը 20կմ հեռու գտնվող Էջմիածինը շատ խողովակներով եռուն կապ ունի մայրաքաղաքի հետ։ Բնակչության զգալի մի հատված աշխատում է մայրաքաղաքում, ու եթե թերթ է գնում, ապա մայրաքաղաքի կրպակներից։ Էջմիածնում ամենաշատը կարդում են «Առավոտ» թերթը։ Երբեմն աշխատանքային օրվա վերջում այն սպառված է լինում։ Հարցման ենթարկված 300-ի 29%-ը «Առավոտ» է կարդում։ «Իրավունք» կարդում է 27%-ը։ «ՀՀ», «Ազգ» եւ «Հայկական ժամանակ»՝ 24%-ը։ «Երկիր», «Կոմունիստ»՝ 17%-ը։ Հատկապես ուսանող երիտասարդությունը, որը մեծամասամբ թերթեր է գնում մայրաքաղաքի կրպակներից, կարդում է «02», «Սեր», «Սենսացիա», «Ճիչ» թերթերը։ Կան նաեւ հերթով թերթ գնող-կարդացող հարեւան-ընկեր-բարեկամներ, որոնք կարդում եւ փոխանցում են միմյանց։ Որոշ կրպակներում առկա է նաեւ «նիսյա» թերթ առնելը, որոնք թերթը վերցնում են ամեն օր, բայց վճարում են, երբ ի վիճակի են լինում։ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (ոչ պատգամավոր) Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել