Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 06,2000 00:00

Անապատացված իշխանավորները դեգրադացվում են Հայերեն է թարգմանվել եւ երեկ հանրության ուշադրությանը մատուցվեց ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի կոնվենցիան», որը ստորագրվել է Փարիզում հունիսի 17-ին։ Ի դեպ, այդ օրն այժմ ողջ աշխարհում նշվում է որպես Անապատացման դեմ պայքարի միջազգային օր։ Անապատացումը դարձել է համաշխարհային նշանակության լուրջ խնդիր, քանզի անապատացման ենթակա է երկրագնդի ցամաքային մասի 40%-ը, մոտ 6,1 մլրդ հա տարածքով։ 3,6 մլրդ հա անապատացված տարածքներ են։ Վտանգը սպառնում է նաեւ Անդրկովկասի տարածաշրջանին ու մասնավորապես մեր երաշտ տեսած ու անընդհատ ջրի պրոբլեմ ունեցող հանրապետությանը։ Անապատացումը հուզում է այդ խնդրին քիչ թե շատ տեղյակ, այս կամ այն կերպ առնչվող մարդկանց՝ էկոլոգներին, գյուղատնտեսներին, «կանաչներին», գյուղացիներին, բնապահպանական եւ շրջակա միջավայրի հոգսերով ապրողներին։ Ու նրանք բոլորը երեկ հավաքվել էին ոչ միայն կոնվենցիայի թարգմանությամբ հիանալու եւ ուրախանալու, այլեւ իրենց (ու մեր բոլորիս) հոգսը բարձրաձայնելու, «անտարբեր դարձած, դեգրադացված» հասարակությանը ու, ամենակարեւորը, «անապատացված» իշխանավորներին հասցնելու համար։ Ըստ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանի, այս հիմնախնդիրն առնչվում է նաեւ չքավորության վերացման պրոբլեմի հետ։ «Ճիշտ ռազմավարություն մշակելու եւ ֆինանսական ճիշտ մեխանիզմներ գործածելու դեպքում շատ լուրջ գործեր կարող ենք անել»,- հույս էր տալիս տիկին Սիմոնյանը, սակայն գյուղատնտեսական ակադեմիայի ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Էդուարդ Հայրապետյանը վստահ էր, որ կարեւորը ոչ թե կոնվենցիաներ գրելն ու թարգմանելն է, տարբեր տրամաչափի ծրագրերի վրա ժամանակ եւ ֆինանսներ ծախսելը, այլ այդ ծրագրերը իրականացնելը. «Պետք է նախագիծ լինի, թե կոնկրետ այսինչի համար որքա՞ն ժամանակ է տրվում, որքա՞ն գումար, ո՞վ է տալիս այդ գումարը։ Պետք է պրակտիկ, գործնական լուծումներ գտնել, թե չէ հոգնեցինք՝ այնքան չկատարված ծրագրեր տեսանք։ Դիլիջանը սողանքային վտանգի տակ է, Գորիսին սպառնում է սելավի տակ մնալու փաստը, իսկ մենք, փոխանակ կոնկրետ միջոցառումների նախագիծ գրենք, հաշվարկ անենք, ծրագրեր ենք կազմում, այն էլ հեռահար»։ Բնականաբար, այդքան «կանաչների» գերակայությունը կասկած չէր թողնում, որ ուր որ է կհնչի նաեւ «Հաղթանակ» զբոսայգում կառուցվող «Գոլդեն Պալաս» հյուրանոցային համալիրի կառուցման եւ Անգլիական այգու դարավոր ծառերի հատման հարցը։ Ու հնչեց… Խոսեցին «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը (ըստ որի՝ ծրագրված քաղաքականության արդյունք է Հայաստանի անապատացումը), բուսաբանական ինստիտուտի պրեզիդենտ Էլեոնորա Գաբրիելյանը («Մենք անգամ ցանկացանք Նարեկ Սարգսյանի դեմ դատական հայց ներկայացնել, բայց մեզ հասկացրին, որ «Հաղթանակ» զբոսայգու քանդման գործը շատ ավելի վերեւներից է գալիս»)։ Իսկ բնապահպանության նախարարության աշխատակիցներից մեկն էլ՝ Կարինե Օգանեզովան, առաջարկեց, որ այս փոքրիկ, իրավական ուժ ունեցող գրքույկի՝ «Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի» հետ միասին տպագրվի ավելի հանրամատչելի, լրացուցիչ մի ձեռնարկ՝ «կՏրՏոՌպ Պս255 ՎՌվՌրՑՐՏՉ Ռ ՊպՑպռ»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել