Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 06,2000 00:00

ԻՍԿ ԴՈՒ ՋՈՒՐԴ ՓՈԽԵ՞Լ ԵՍ ԱՆՏԻՖՐԻԶԻ Ձմռան ցրտերին դիմակայելու խնդիր ունեն նաեւ ավտոմեքենաները։ Երեւանում գործող բազմաթիվ ավտոսպասարկման սրահները ամեն օր «էստի համեցեք» են անում՝ ավտոմեքենաները ձմռանը նախապատրաստելու համար։ Մեր փոքր հարցման միջոցով պարզեցինք, որ Երեւանի վարորդների մեծամասնությունը նախընտրում է անձամբ հոգալ մեքենայի տեխսպասարկման խնդիրները՝ զերծ մնալով ավտոսպասարկման բազմաթիվ սրահների ծառայություններից։ Սպիտակ գույնի «Ժիգուլու» վարորդը, որը քեռի Սարգիս ներկայացավ, բացատրեց, որ մեքենայի համար պահանջվող ձմռան նախապատրաստման աշխատանքներն այնքան մեծ չեն, որ կարիք լինի դիմել նման ծառայությունների։ «Հետո էլ ցանկացած վարորդ մեքենայից հասկանում է, ջուրը անտիֆրիզի փոխելը էդ ի՞նչ դժվար գործ է, որ դիմենք վարպետի»,- նեղսրտեց քեռի Սարգիսը։ Այդուհանդերձ, դիմեցինք «LCS» եւ «Մերսեդես Բենց» ավտոսպասարկման սրահներին, քանի որ ամեն դեպքում կան վարորդներ, որոնք սեփական ուժերով չեն կարողանում մեքենայից «գլուխ հանել»։ Երկու ընկերություններում էլ մեզ սիրալիր բացատրեցին, որ ձմռանը նախապատրաստվելու համար առաջին հերթին պետք է մեքենայի ջուրը փոխել անտիֆրիզի (իսկ վերջինիս առկայության դեպքում խտությունը պետք է բավարարի ձմռան ցրտին դիմակայելուն)։ Ավտոմեխանիկները շատ կարեւոր համարեցին շարժիչի աշխատանքի ստուգումը։ Սառած եւ ձյունառատ փողոցներով (հատկապես Երեւանի, ուր ձյունը մաքրվում է միայն բնական ճանապարհով) անխափան երթեւեկելու համար շատ կարեւոր է ամառային անվադողերը ձմեռայինի փոխելը (թեպետ, արտասահմանյան ֆիրմաները նաեւ ամբողջ տարվա համար արտադրվող ավտոդողեր ունեն)։ Անհրաժեշտ է փոխել մեքենայի յուղը եւ ընդհանրապես ցանկալի է, ինչպես նշեց «Մերսեդես Բենցի» ավտոսպասարկման աշխատակից պրն Հարությունյանը (որը չցանկացավ անունը նշել), փոխել (կամ ստուգել) մեքենայի բոլոր հեղուկները։ Ստուգել ֆիլտրների վիճակը, չափել մարտկոցի (ակումուլյատոր) խտությունը եւ դիմապակու հեղուկը։ Իհարկե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձմռան ցրտերը ներս են խուժելու նույնիսկ հերմետիկորեն փակված ավտոմեքենայի սրահ, անհրաժեշտ է կարգավորել նաեւ ջեռուցման համակարգը։ Ավտոմեխանիկների պնդմամբ՝ կարեւոր էլեմենտներից է նաեւ ավտոմեքենայի լուսավորության (լուսարձակներ) եւ դիմապակու մաքրման խոզանակների կարգավորման հարցը։ Կարո՞ղ է արդյոք վարորդն ինքը զբաղվել իր մեքենայի ձմռան նախապատրաստմամբ հարցին պրն Հարությունյանը պատասխանեց. «Դե, եթե այդ վարորդը մեքենայից հասկանում է՝ կարող է ինքն էլ անել»։ Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել