Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 06,2000 00:00

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԾԵՐԱԿՈՒՅՏԸ ՀԱՂԹԱՆԱԿԵՑ Երեկ Ազգային ժողովը 81 «կողմ», 7 «ձեռնպահ» եւ 1 «դեմ» արդյունքով ընդունեց «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքը, որը բազմաթիվ գիտնականների կարծիքով, պաշտպանում է միայն ԳԱԱ-ի նախագահության եւ ոչ թե գիտական համակարգի շահերը։ Այս գնահատականը անվերապահորեն կիսում է նաեւ ԱԺ-ի կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը։ Վերջինս իր ելույթում երեկ ներկայացրել է օրենքի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկները, սակայն դրանք հաշվի չեն առնվել եւ ի վերջո ընդունվել է ԳԱԱ-ի ղեկավարության պաշտպանած տարբերակը։ Շավարշ Քոչարյանից երեկ տեղեկացանք, որ իր ղեկավարած հանձնաժողովն այս առնչությամբ միասնական «տեսակետ չուներ»։ Հանձնաժողովի անդամներից երեքը դրական կարծիք է ունեցել օրենքի նախագծի վերաբերյալ, երեքը՝ բացասական, իսկ երեքն էլ կողմ է եղել, որ քննարկումը հետաձգվի եւ եղած տարբերակը լրամշակվի։ Սակայն պատգամավորները քվեարկեցին ու ընդունեցին օրենքը երկրորդ ընթերցմամբ՝ թեեւ նույնիսկ չէին մասնակցել վերջերս այս թեմայով կազմակերպված ԱԺ-ի լսումներին։ Ներկաներից մեկի գնահատականով՝ այդ լսումները նման էին ակադեմիայի ընդհանուր ժողովի, քանի որ գրեթե բոլոր մասնակիցները ակադեմիկոսներ ու գիտնականներ էին։ Ի դեպ, վերջին օրերին խմբագրությունը նամակներ եւ հեռախոսազանգեր էր ստանում գիտնականներից, որոնք ահազանգում էին, թե այս օրենքը կործանարար կլինի գիտական համակարգի համար։ «Առավոտը» հետաձգում էր այս կարծիքը հիմնավորող փաստարկների հրապարակումը՝ փորձելով այս առնչությամբ ստանալ նաեւ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանի պարզաբանումները։ Սակայն պարոն Սարգսյանի հետ նախորդ երկու օրերին այդպես էլ կապվել չհաջողվեց։ Հեռախոսներին պատասխանող տիկնայք անընդհատ կրկնում էին, որ պարոն Սարգսյանը գերզբաղված է ակադեմիկոսների առաջիկա ընտրություններով եւ մեր հարցերին պատասխանելու ժամանակ չունի, թեեւ մանրամասն տեղյակ էինք պահում, թե ինչ թեմայով ենք ցանկանում խոսել եւ խնդրում հաղորդել այդ մասին ԳԱԱ-ի նախագահին։ Ինչեւէ, օրենքի ընդունումից հետո, թերեւս, այնքան էլ նպատակահարմար չէ ներկայացնել օրենքին ընդդիմադիր գիտնականների հիմնավորումները։ Օրենքը հանձնվելու է ՀՀ նախագահի վավերացմանը եւ դժվար թե վերջինս այն հետ ուղարկի ԱԺ։ Նկատի ունենալով ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի նախագահի վերաբերմունքը՝ չի բացառվում, որ ԱԺ-ն փորձի հետագայում օրենքի մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարել։ Շավարշ Քոչարյանը ԱԺ ամբիոնից հայտնել է նման պատրաստակամություն։ Սակայն եթե դրանց էլ ԱԺ պատգամավորները վերաբերվեն նույն անտարբերությամբ, ինչ օրենքի նախագծի քննարկումներին, ապա դժվար թե որեւէ բան հաջողվի շտկել։ Ծավալված կրքերի մեջ անհասկանալի էր ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանի չեզոք կեցվածքը։ ԱԺ-ի վերջին լսումների ժամանակ ունեցած նրա ելույթից անհնար էր գլխի ընկնել, թե պարոն Ղազարյանն ի՞նչ վերաբերմունք ունի օրենքի վիճահարույց դրույթների վերաբերյալ։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել