Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 06,2000 00:00

Կոմունիստները գործի են դնում բռունցքները եւ պատժվում Այս միջադեպը ժամանակին գրավել էր մամուլի ուշադրությունը՝ Էջմիածնի տեղական հեռուստատեսությամբ «կլոր սեղան» բանավեճից հետո կոմունիստները մեծ խմբով հարձակվել էին եւ բռնություն գործադրել իրենց ընդդիմախոս ԱԺՄ-ականի վրա։ ԱԺՄ Էջմիածնի տարածքային կազմակերպության ղեկավար Արտավազդ Վարդանյանը, որն էլ հենց տուժել էր հիշյալ հարձակումից, «Առավոտին» հայտնեց, որ վերջերս ավարտվել է այդ գործով դատաքննությունը, եւ դատարանը որոշել է 6 ամսվա ուղղիչ աշխատանքներով պատժել կռվում առավել «աչքի ընկածին»։ Ըստ պրն Վարդանյանի՝ «Իրենք ամենասկզբից ժխտում էին, որ դա իրենց հրահրած ծեծկռտուքն է, այնպես էր ներկայացվում, թե իբր հավասար կռիվ է եղել։ Եվ չէր ասվում, որ իրականում մի 30 հոգով հասել էին մեկի վրա։ Ի վերջո, ճիշտ է, դատավարության ընթացքում հրաժարվեցին կուսակցության իրենց անդամից, բայց սեփական գործունեությամբ ապացուցեցին, որ դա հենց իրենց բոլորի պատվերն էր։ Այսինքն, եթե ես որպես տուժող կողմ դատավարության ընթացքում ներկայանում էի մենակ, միայն փաստաբանի հետ, իսկ իրենք գալիս էին մի շարք կոմունիստ պատգամավորների հետ, մեծ թիմով՝ դա վկայում է, որ այդ անձնավորությունն իրենց քաղաքական պատվերն էր կատարում եւ դրա համար էլ եկել էին նրա «թասիբը» պահելու»։ Արտավազդ Վարդանյանը նաեւ պատմեց, թե խնդիրը միայն կլոր սեղանի շուրջ բանավեճը չէր՝ նման ձեւով դրսեւորված տարաձայնություններն ավելի հին նախապատմություն ունեն. «Արդեն մի քանի տարի է, ինչ կոմունիստներն անհարկի փորձում են վարկաբեկել ԱԺՄ-ի առաջնորդին, իրականությանը բոլորովին չհամապատասխանող հայտարարություններ են անում։ Այդ հեռուստահաղորդումից առաջ հանրահավաքում վարկաբեկիչ կոչեր, անշնորհք արտահայտություններ էին հնչել Վազգեն Մանուկյանի (պրն Վարդանյանը մասնավորապես մեջբերեց, թե հանրահավաքում ասվել էր. «Պետք է դատել Վազգեն Մանուկյանին Հաագայի միջազգային դատարանով, որպես պատերազմի հանցագործ»,- Ա. Ի.), նաեւ Պարույր Հայրիկյանի հասցեին»։ Եվ հենց այս պատճառով էլ ԱԺՄ տարածքային կազմակերպության նախագահը նրանց հրավիրել էր բանավեճի եւ փորձել նրանց կոչել պատշաճության։ Թե ինչպես ավարտվեց այդ փորձն՝ արդեն հայտնի է։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել