Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 06,2000 00:00

«Ահաբեկիչները վրիժառու էին խաղում» «Վերջին շրջանում լրատվամիջոցների որոշ հրապարակումներով փորձ է արվում սերմանել այն միտքը, թե «Հոկտեմբերի 27-ը» «կեղեքված ժողովրդի» կույր ատելության արդյունք է»,- երեկ ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Այս միտքը բացարձակ անհեթեթ համարելով հանդերձ, նա հռետորական հարցադրում արեց՝ «Ժամանակը չէ՞ նախորդ իշխանությունների թերացումները անընդհատ շահարկելու փոխարեն, քայլեր ձեռնարկել «27-ը» չկրկնելու համար»։ Խոսքը, հիշեցնենք, մամուլում հայտնված մի հրապարակման մասին է, որը համեմված էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը պահանջող ոչ հազվագյուտ ցույցերի, բայց 27-ի հետ կապ չունեցող լուսանկարներով։ ԱԺ հժկական պատգամավորներից մեկը այլ առիթով նկատեց՝ «մարդկանց ենթագիտակցության վրա ազդելու մեխանիզմներն ու ձեւերն այսօր հայտնի են ոչ միայն հատուկ ծառայություններին»։ «Դա անբարոյականություն է»,- այսպես մեկ բառով հիշյալ հրապարակմանն անդրադարձավ ԱԺ փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը։ Ավելի կտրուկ էր պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանի գնահատականը. «Սա այն քաղաքականության շարունակությունն է, որով որոշ ուժեր փորձում են Ն.Հունանյանին Ռոբին Հուդ ներկայացնել ու դատավարությունից առաջ այս վարկածը դոմինանտ դարձնելով շոշափել հասարակության տրամադրությունները։ Սա անբարոյականություն է եւ պարզ է, թե ցուցումները որտեղից են գալիս»,- ընդգծեց Ղ.Ուլիխանյանը։ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն էլ կարծիք հայտնեց, թե իր տպավորությունը եղել եւ մնում է այն, որ «ահաբեկիչները բոլոր դեպքերում շատ լավ էին խաղում «վրեժխնդրության» ակտի սցենարը եւ իրականացնում էին այնքան անթերի, որ դա հենց առաջին հայացքից կասկած հարուցեց։ Դա լավ մշակված ծրագիր էր։ Այն, որ ոճրագործների հնգյակը ինքնաբուխ եւ միայնակ չի գործել, փաստարկվում է նաեւ նրանով, որ հասարակության դժգոհության ալիքը 99-ի հոկտեմբերին չէ, որ իր գագաթնակետին էր հասել։ Ընդհակառակը, 98-ի իշխանափոխությունից հետո այն վայրէջք էր ապրում»,- նկատեց Հ.Խաչատրյանը։ «Հայաստան» խմբի նախագահ Մյասնիկ Մալխասյանն ասաց, թե կան որոշակի ուժեր, որոնք դատավարությունից առաջ փորձում են 27-ի գործն էությունից շեղել։ «Կարծում եմ, այդ ջանքերն ապարդյուն են։ Հենց միայն այն, որ որոշ ուժեր փորձում են ապացուցել, թե Ն.Հունանյանի թիկունքում ոչ մի ուժ չի եղել, ապացուցում են, որ այդ ուժերն, այնուամենայնիվ կան եւ գործում են, ավելին՝ շահագրգիռ են այս վարկածի ամրապնդմամբ»։ Մ.Մալխասյանը, անդրադառնալով այն հարցադրմանը, թե հնարավո՞ր է, որ սպանդի կազմակերպմամբ շահագրգիռ լինեին հատկապես Վ.Սարգսյանի շրջապատի մարդիկ, ինչպես պնդում էր Սերժ Սարգսյանն ասաց. «Հայաստանը փոքրիկ երկիր է եւ բոլոր նրանց, ովքեր ճանաչել են Վ.Սարգսյանին, կարելի է տեղավորել «նրա շրջապատ» հասկացության մեջ»։ Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որ 27-ից հետո բազում առիթներ է ունեցել իր տեսակետը ներկայացնել կատարվածի առիթով, եւս մեկ անգամ շեշտեց. «Միանշանակ պատվիրատուներ եւ կազմակերպիչներ եղել են։ Դա հստակ ծրագրավորված հեղաշրջման փորձ է եղել։ Ես սա պնդում եմ, քանի որ առիթ եմ ունեցել ԱԺ դահլիճում մեկ ժամից ավելի զրուցել Վռամ Գալստյանի հետ։ Ծրագրավորված սպանվել են ոչ միայն վարչապետն ու ԱԺ խոսնակը, այլեւ փոխխոսնակները եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Ես վկա եմ։ Այն վարկածը, թե Հունանյանի խումբը միայնակ է գործել՝ անհեթեթ է»։ Եղան նաեւ այլ տեսակետներ։ Ինչպես պնդում էր Մանուկ Գասպարյանը՝ «սադրիչներ եղել են, բայց սպանությունը տնտեսական շարժառիթներ ունի», կամ ինչպես Կիմ Բալայանն էր նշում՝ «հոկտեմբերի 27-ի եւ մարտի 22-ի դեպքերը փոխկապակցված են, եւ դրանց թիկունքում ուժեր կան կանգնած»։ Քիչ չէին նաեւ այն օրենսդիրները՝ Արթուր Բաղդասարյան, Դավիթ Հովհաննես, Համլետ Հարությունյան եւ այլք, որոնք դժվարացան միանշանակ պնդել, թե արդյո՞ք Ն.Հունանյանի թիկունքին իրականում ուժեր եղել են։ Իսկ մենք ընթերցողին ենք թողնում մտորել, թե հատկապես ում է ձեռնտու Նաիրի Հունանյանին ներկայացնել որպես ժողովրդական վրիժառու: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել