Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 06,2000 00:00

10 մմ այսկողմ, 10 մմ այնկողմ, եւ դու անգործ ես ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը լուրջ եւ հիմնավոր պատճառներ ուներ չվստահելու խորհրդարանի մամուլի եւ հասարակայնության ծառայության ղեկավարին (տվյալ դեպքում՝ խոսքը Սեւակ Մանուկյանի մասին է)։ Բանն այն է, որ ԱԺ խոսնակի հրաժարականի հարցը բարձրացնելուց հետո Սեւակ Մանուկյանի «մեղքով» «Հայլուրը» եթեր է հեռարձակել հարցազրույց ԱԺ հնարավոր, բայց այդպես էլ չդարձած նախագահ Տիգրան Թորոսյանի հետ։ Եվ սա այն դեպքում, երբ լրագրողը տասը րոպեանոց հարցազրույց է վարել Արմեն Խաչատրյանի հետ եւ եթեր չի հեռարձակել։ Բայց սա լրատվական ծառայության ղեկավարի միակ մեղքը չէ։ Նրան իրավացիորեն մեղադրել են նաեւ այն բանում, որ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում պարոն Խաչատրյանի լուսանկարը մի ամբողջ 10 միլիմետրով զիջել է ՀՀ նախագահի լուսանկարին։ Թեեւ Սեւակ Մանուկյանի հետ «Առավոտի» ունեցած զրույցում պրն Մանուկյանը պարզապես հավատացնում էր, որ ո՛չ «Հայլուրի», ո՛չ պաշտոնական լրատվամիջոցներում ԱԺ նախագահի լուսանկարների խոշորության ու զբաղեցրած մակերեսի հետ ինքը որեւէ առնչություն չունի, սակայն Արմեն Խաչատրյանը, ճշմարի՛տ, իրավունք ուներ վիրավորվելու եւ Սեւակ Մանուկյանին ասելու. «Ես քեզ չեմ վստահում»։ Որպեսզի հավաստիանանք, որ ԱԺ նախագահի դեմ դավեր են նյութվում եւ նրա լուսանկարներն ակնհայտորեն իրենց երկարությամբ ու լայնությամբ զիջում են, ասենք, ՀՀ նախագահի լուսանկարներին, բավական է բացել երեկվա «Հայաստանի Հանրապետությունը»։ Երկու խոշոր եւ մեծ լուսանկարներում պատկերված է ՀՀ նախագահը։ Իսկ Արմեն Խաչատրյա՞նը՝ մի անկյունում, փո՜քր լուսանկարում, այն էլ՝ Տիգրան Թորոսյանի եւ Գագիկ Ասլանյանի արանքում։ Ինչո՞ւ են այսքան միտումնավոր եւ կասկածի տեղիք տալու չափ փոքր Արմեն Խաչատրյանի լուսանկարները «Հայաստանի Հանրապետությունում», եւ ինչո՞ւ է մինչ օրս իր տեղում թերթի գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանը։ Վերջինս եւս մեր զրույցում արդարացավ (բայց՝ զո՜ւր- Լ. Ա.). «Թերթի առաջին էջում պաշտոնական նյութերն են եւ նկարները։ Դրանց չափը որոշում է թերթի խմբագիրը, ոչ թե որեւէ լրատվական ծառայություն։ Այն, որ պրն Խաչատրյանի լուսանկարը երեկվա համարում փոքր է, զուտ տեխնիկական հիմնավորում ունի, փոքր ինֆորմացիայի հետ շատ մեծ նկար չես դնի»։ ԱԺ աշխատակազմի ղեկավարն ասաց, որ ոչ մի արտառոց բան չկա, եթե հիմնարկի ղեկավարը չի վստահում իր աշխատողին։ Վերջինս էլ, հասկանալի է, եթե շատ պինդ երես չունի, պարտավոր է դիմում գրել եւ հեռանալ։ Սեւակ Մանուկյանը խոստացել է գրել այդ դիմումը։ Մինչ դիմումի ժամկետներն իր համար ճշտելը, պրն Մանուկյանն առայժմ նախընտրել է հիվանդանալ եւ աշխատանքի չգնալ։ Նրա փոխարեն պրն Խաչատրյանի եւ խորհրդարանի մասին լրատվությունն ապահովում է առայժմ՝ Ս. Մանուկյանի տեղակալ, սակայն նրա դիմումը ներկայացնելուց հետո՝ արդեն լրատվական ծառայության նոր ղեկավար Արտակ Ղազարյանը։ Մեր հարցին՝ իրո՞ք նման պահանջներ են դրվում լրատվական ծառայության ղեկավարի առաջ, նա պատասխանեց, որ իրենց ծառայության պարտքն է լրագրողների աշխատանքի համար ապահովել նորմալ պայմաններ։ Քանի որ Սեւակ Մանուկյանին ներկայացված հերթական մեղադրանքն այն էր, որ իր տարածած ինֆորմացիայով չի նպաստում պրն Խաչատրյանի իմիջի բարձրացմանն ու նրան լուրջ ընկալելուն, Արտակ Ղազարյանը ճշտեց, որ իր ղեկավարի իմիջի պահպանման հարցը ցանկացած լրատվամիջոցի աշխատանքն է։ Կոնկրետ իրենք զբաղվում են ԱԺ-ի իմիջի բարձրացմամբ՝ ընդհանրապես, պրն Խաչատրյանի իմիջով՝ մասնավորապես։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել