Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 06,2000 00:00

ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐՈ՞Վ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ Անցած երկու օրերին մի քանի քվեարկությունները ստիպեցին դարձյալ մտահոգվել, թե ունե՞ն արդյոք մեր պատգամավորները սկզբունքներ եւ ընդհանրապես, ի՞նչ խորհրդարանի հետ գործ ունենք։ Ընդամենը 3 պատգամավոր են խանգարում, որ հանգիստ խղճով կարմիր անվանեինք այս Ազգային ժողովը։ Քանզի երեկ միայն Ալեքսան Հակոբյանը, Վազգեն Խաչիկյանը եւ Աղվան Վարդանյանը «դեմ» քվեարկեցին, որ մարտի 8-ն ու մայիսի 1-ը դարձյալ ընդգրկվեն պետական տոնացույցում՝ որպես ոչ աշխատանքային օրեր։ Մարտի 8-ի պարագայում նրանց միացավ նաեւ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, որը մայիսի 1-ը դարձյալ տոնելուն «ձեռնպահ» քվեարկեց։ Այսուհանդերձ, սա ավելի սկզբունքային դիրքորոշում էր, քան ՀՀԿ խորհրդում նրա գործընկեր պատգամավորներ Գալուստ Սահակյանինն ու Գագիկ Մինասյանինը, որոնք ուղղակի չմասնակցեցին քվեարկությանը։ Սեմյոն Բաղդասարյանը ճիշտ էր. ԱԺՄ խմբակցությունում իրոք կան մարդիկ, «որ կողմ են մարտի 8-ը, մայիսի 1-ը, նոյեմբերի 29-ը նշելուն»։ Խոսքն Արշակ Սադոյանի մասին է, որ կոմունիստական երկու տոները վերականգնելուն էլ երեկ «կողմ» քվեարկեց։ Բայց ինչպե՞ս վարվեցին ԱԺՄ այլ պատգամավորները։ Սեմյոն Բաղդասարյանը «ձեռնպահ» էր, Շավարշ Քոչարյանը եւ Վազգեն Մանուկյանը չմասնակցեցին քվեարկություններին։ Ֆիլարետ Բերիկյանը մարտի 8-ի դեպքում «ձեռնպահ» էր, իսկ մայիսի 1-ին «կողմ» էր քվեարկել, հետո պարզաբանեց, թե կոճակը սխալ էր սեղմել («Աշխատեք ճիշտ սեղմել»,- խորհուրդ տվեց նրան ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը)։ Դե, այսքանից հետո ո՞ր ԱԺՄ-ականն իրավունք ունի մյուսին կշտամբելու, թե գաղափարական նահանջ է ապրել, եթե նրանցից եւ ոչ մեկը դեմ չկանգնեց կոմունիստական «ռեւերսին»։ Իսկ ընդհանուր առմամբ, մայիսի 1-ը եւ մարտի 8-ը տոնելուն 74 պատգամավոր էին կողմ։ Սա հասկանալի է, քանի որ խորհրդարանի առյուծի բաժինը կազմում են սոցիալիստները եւ կոմունիստական կուսակցության նորագոյացությունները՝ հանձինս ՀԺԿ-ի, «Ազգային միաբանության» եւ այլոց։ Եթե այս դեպքում ինչ-որ սկզբունքներ նշմարվում էլ են՝ դժվար է ըմբռնել այն պատգամավորների տրամաբանությունը, որոնք նախորդ օրը՝ դեկտեմբերի 4-ին նույն կերպ էին քվեարկել մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերով տեղեր սահմանելու վերաբերյալ երկու տարբեր եւ, ըստ էության, փոխհակասող նախագծերին։ Հիշեցնենք, որ ըստ խորհրդարանական կուսակցությունների փոխհամաձայնեցված տարբերակի, սահմանվեցին 94 համամասնական եւ 37 մեծամասնական տեղեր։ Բայց կար նաեւ «Հայաստան» խմբի պատգամավորների՝ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Ռուբեն Գեւորգյանի եւ Ժիրայր Գեւորգյանի չընդունված նախագիծը, որով սահմանվում էին 100 մեծամասնական եւ 31 համամասնական տեղեր։ Ուսումնասիրելով այս երկու օրինագծերի քվեարկությունների արդյունքները, պարզեցինք, որ մի խումբ «կողմ» է քվեարկել երկու նախագծերին էլ։ Ահա այդ պատգամավորները, որ հավասարապես կողմնակից են ե՛ւ մեծամասնական տեղերը պակասեցնելուն, ե՛ւ ավելացնելուն՝ Գեւորգ Հակոբյան, Սամվել Ավետիսյան, Վարազդատ Զատիկյան, Գուրգեն Արսենյան, Հարություն Մուրադյան, Հակոբ Հակոբյան, Գրիգոր Հարությունյան եւ Աղվան Վարդանյան։ Ընդսմին, նրանց շարքերում են նաեւ «Հայաստան» խմբի 3 պատգամավոր՝ Ռուբեն Գեւորգյան, Ղուկաս Ուլիխանյան եւ Երեմ Կարապետյան։ Ի՞նչն էր նրանց ստիպել միանալ իրենց իսկ նախաձեռնության հակադիր տարբերակին։ Մի՞թե կուսակցությունների փոխհամաձայնեցված օրինագծի ընդունման վերաբերյալ մինչ այդ մտավախություններ են եղել եւ «Միասնությունն» իր նախկին գործընկերների միջոցով փորձել է փոքր-ինչ ապահովագրել իրեն։ Ի դեպ, կա նաեւ մի պատգամավոր, որը «դեմ» է քվեարկել երկու օրինագծերին էլ՝ Ալեքսան Հակոբյանն է, որը 81/50 հարաբերակցության կողմնակից է։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել