Լրահոս
Օրվա լրահոսը

… ԵՎ ԱՅԼՆ

Դեկտեմբեր 05,2000 00:00
Armen khachatryan

Հեքիաթը դո՜ւ ես

Մինչ ՀՀ նախագահը եւ ՀՀ վարչապետը հանրապետությունում չէին, երկրի ողջ պատասխանատվությունը, ըստ Սահմանադրության, ընկած էր ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի փուխր ուսերին։ Պատահական չէր, որ նախագահ Քոչարյանը Մինսկից ոտքը Հայաստան դնելուն պես Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ «Ինչպե՞ս ես պահել երկիրը» (տվյալ դեպքում արժե գնահատել նախագահի հումորը)։ Պրն Խաչատրյանը՝ դեմքի, իր սիրած խոսքով ասած՝ պայծառ արտահայտությամբ, պատասխանեց. «Ար-տա-կա՜րգ, պլյուսով ենք գնում, շեֆ»։

Իր գործունեության մասին համեստորեն տված այս գնահատականը «Առավոտին» ստիպեց հերթական սոցիոլոգիական հարցումի ժամանակ շարքային քաղաքացիներին տալ հետեւյալ հարցը. «Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է ՀՀ նախագահի եւ վարչապետի բացակայության շրջանում երկիրը պահել ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանը»։

Ալինա Եղիազարյան, գործազուրկ ռադիոինժեներ– Թանկագի՛նս, ոչ մի փոփոխություն չեմ նկատել։ Ոնց որ դառը օրեր էին, էնպես էլ շարունակվեց։ Արտակա՜րգ… Ի՞նչ էր արել, որ ասում էր՝ արտակարգ։ 92-ից հետո Հայաստանը ոնց որ սգո երկիր լինի, ուր ոչինչ արտակարգ, լավ չի կատարվում։

Կորյուն Նիկողոսյան, թոշակառու– Արմեն Խաչատրյանը երկրից ի՞նչ տեղյակ է, որ երկիրը պահե։ Մեկն էղնի՝ իրան պահե։

Սարգիս Հարությունյան, էլեկտրիկ-ինժեներ– Ախր Խաչատրյանը էն մարդն ա, որ զգացմունքներից զուրկ մարդ ա։ Նա ի՞նչ պետք է պահեր հանրապետությունը։

Գնել Սենիքերիմյան, ռադիոֆիզիկոս– Ոչ մի փոփոխություն ես չզգացի եւ չէի էլ կարող զգալ։ Այն, որ արտակարգ է պահել երկիրը, երեւի թե իր երազանքն էր։

Ժաննա Մանուկյան, «Կանայք հայոց աշխարհի» կուսակցության նախագահ– Իմ կարծիքով «արտակարգ» բառն Արմեն Խաչատրյանը պետք է իր լեքսիկոնից հանի, որովհետեւ Հայաստանում անիշխանություն է։ Արմեն Խաչատրյանը՝ բացի իրեն գովերգելուց, ոչ մի բան էս ժողովրդի համար չի անում։ Թող թույլ տա, որ մենք նրան գովերգենք, ոչ թե ինքն իրեն։

Կարծիքները հավաքեց

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ

ԲԺՇԿԻՆ ԴԱՀԻՃ ՉԴԱՐՁՆԵՆՔ

bjishk

«Առավոտի» նոյեմբերի 30-ի համարում տպագրված «Ունե՞նք մեռնելու իրավունք» հոդվածին արձագանքեց անբուժելի հիվանդ մայր ունեցող մի տիկին, որի անունը, հասկանալի պատճառներով չենք տպագրում։

Հիշեցնենք, որ հոդվածում խոսք էր գնում անբուժելի եւ ծանր տառապանքներ կրող հիվանդներին էվտանազիա (ինքնասպանություն՝ բժիշկների օգնությամբ) կատարելու մասին։ Մեր զրուցակիցները հիմնականում դեմ էին արտահայտվել էվտանազիային, գտնելով, որ

ա) մարդու կյանքը միայն Աստված կարող է տնօրինել,

բ) դժվար է որոշելը՝ մարդն իրոք այլեւս անհուսորեն հիվա՞նդ է, թե՞ դեռ հնարավոր է ապաքինվի,

գ) ինքնասպանությունը մեղք է։

Մեզ զանգահարող կինը՝ Վ. Կ.-ն, պատմեց, որ իր մայրն արդեն մի քանի տարի քաղցկեղով հիվանդ է եւ հիմա գտնվում է այնպիսի ծայրահեղ վիճակում, որ բժիշկները հարազատներին խորհուրդ են տվել նրան տանել տուն՝ թող հանգիստ մեռնի. «Հեշտ է ասելը՝ թող հանգիստ մեռնի։ Խեղճ մայրս անընդհատ եւ շատ սուր ցավերի մեջ է, ողջ օրը ցավազրկիչներ ենք ներարկում, որ մի կերպ դիմանա այդ անմարդկային տառապանքներին։ Խեղճ կնոջ կյանքն իսկական դժոխքի է վերածվել, ոչ նորմալ սնվում է, ոչինչից ուրախություն, բավականություն չի ստանում։ Շատ դժվարությամբ է շփվում մեզ հետ։ Եվ մեր հոգսը, մեր ցավը կարեւոր չէ, կարեւորը խեղճի տառապանքն ու տանջանքն է, որ ինչ էլ անենք, գլուխներս որ պատին տանք՝ չի անցնում։ Թվում է, թե իսկական դժոխք է ընկել մայրս։ Նրա ապրածը կյանք չէ, մահից էլ սարսափելի է։ Գիտե՞ք քանի անգամ է ինձ խնդրել՝ օգնիր, աղջիկ ջան, ազատվեմ էս տանջանքներից, մի թույն բեր խմեմ։ Բայց պարզ է, որ ես այդ բանը չեմ անի երբեք։ Նախ՝ նրա համար, որ իմ մայրն է, ես չեմ կարող նրան իմ ձեռքով սպանել եւ երկրորդ, եթե նույնիսկ օգնեմ, ինձ բանտ կնստեցնեն։ Իսկ եթե որեւէ միջոց լիներ, որեւէ հնարավորություն, էդ ձեր գրած օրենքից մեզ մոտ էլ փորձեին անել… Բժշկի արածը ինձ թվում է մեղք չի լինի»։

Տեսակետը գրանցեց

Մ. ԲԵՔԱՐՅԱՆԸ

ԺՈՂՈՎՐԴԻՆ ՊԵՏՔ Է ԶՎԱՐՃԱՑՆԵԼ

cicax

Լոտոները դեռ նոր-նոր են քչացրել, իսկ հնարամիտ հայերը արդեն ժողովրդին էլ ավելի զվարճացնելու նոր ձեւեր են մոգոնում: Վերջին «փոստերից» է «Ֆիլիպ Մորիս» ֆիրմայի LM ծխախոտի տուփեր հավաքելը: Որպեսզի համակարգիչ, բջջային հեռախոս կամ հազար դրամ շահես, պետք է LM-ի հինգ տուփ հավաքել եւ հանձնել «Զորավար» տոնավաճառում: Այս միջոցառմանը մասնակցում են մեծ մասամբ «հազար տարվա» մոլի ծխող տարեց տղամարդիկ: Խաղարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, ժամը 14-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին մասնակցելու համար դեռ հազար դրամ է պետք վճարել:

Որպեսզի ավելի մանրամասն տեղեկություն ստանայինք այս միջոցառման մասին, զանգահարեցինք «Ֆիլիպ Մորիսին», սակայն ոչ մի նոր, հետաքրքիր բան չհայտնեցին եւ անչափ վիրավորվեցին, երբ հարցրի՝ իրո՞ք շահումներ կլինեն:

ՄԱՐԻՆԱ ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Տնօրեններին կփոխարինեն խորհուրդները

Իսկ ոսկուն ու արծաթին՝ գերազանցության մեդալը

ashakert

Ոսկե եւ արծաթե մեդալը մեկ ընդհանուր՝ գերազանցության մեդալով փոխարինելու որոշումը շուտով կօրինականացվի, երբ արդարադատության նախարարությունը հաստատի հանրակրթական դպրոցների աշակերտների փոխադրման, ավարտման եւ քննությունների կազմակերպման կարգը։ Կրթության եւ գիտության նախարարության միջնակարգ կրթության վարչության պետ Արամ Կարապետյանից տեղեկացանք, որ, մեդալների հետ կապված այս նորույթը չհաշված, կարգում այլ լուրջ փոփոխություններ չկան։ Իսկ գերազանցության մեդալի հավակնորդները պետք է համապատասխանեն հետեւյալ պահանջներին. 8-րդ դասարանը պետք է ավարտեն գերազանց առաջադիմությամբ եւ 9-րդ ու 10-րդ դասարաններում բոլոր առարկաներից կիսամյակներում եւ տարեկանում գնահատվեն «5»։

Այսինքն, սրանք այն նույն պահանջներն են, որ նախորդ տարվա կարգում ներկայացվում էին ոսկե մեդալի հավակնորդներին։ Սակայն այս կարգն ամբողջությամբ կգործի մյուս ուսումնական տարվանից, իսկ այս ուսումնական տարվա համար, հասարակությանն անակնկալի չբերելու ցանկությամբ, պահանջներում որոշակի մեղմացում կլինի։ Մասնավորապես, այս տարվա 10-րդ դասարանցիները, ովքեր գերազանցության մեդալի հայտ կներկայացնեն, կարող են իններորդ դասարանում կիսամյակային քննություններից երկու «4» ունենալ։ Այս բացառությունը արվել է՝ չոտնահարելու համար այսօրվա այն 10-րդ դասարանցիների շահերը, ովքեր 9-րդ դասարանում երկու «4» արդեն ունեն, սակայն, համաձայն գործող կարգի, մտադիր էին մեդալի (այս դեպքում՝ արծաթե) հայտ ներկայացնել։ Իսկ այսօրվա 9-րդ դասարանցիներն արդեն պիտի զգոն լինեն եւ տարեկան ու կիսամյակային ոչ մի «4» չվաստակեն, եթե գերազանցության մեդալ ստանալու հավակնություն ունեն։ Թեպետ բուհերի ընդունելության կարգը դեռ պատրաստ չէ, սակայն մեդալի արտոնություններն ամենայն հավանականությամբ կպահպանվեն։

Այնպես որ, շատերը շահագրգռված կլինեն գերազանցության մեդալ ստանալ։ Պարոն Կարապետյանից տեղեկացանք, որ օրերս արդարադատության նախարարության հաստատմանը կներկայացվի նաեւ դպրոցների նոր կանոնադրությունը, որով մասնավորապես սկզբունքային փոփոխություններ են նախատեսվում դպրոցների ղեկավարման կարգում։ Դպրոցները պիտի անցնեն նոր կարգի՝ դպրոցական խորհուրդների ղեկավարման։ Ավելի հանգամանալից կներկայացնենք, երբ կանոնադրությունը արդարադատության նախարարությունը հաստատի։

Ն. Հ.

«ՏՎԵՔ ՄԵՐ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ԵՎ ՎԵՐՋ»

andznagir

Օրերս խմբագրություն զանգահարեցին մի քանի քաղաքացիներ եւ վրդովված ասացին, որ Կենտրոն եւ Նոր Նորք համայնքների անձնագրային բաժինները երկար ժամանակ իրենց տանում-բերում ու անձնագիր չեն տալիս։ Մի պատճառաբանությունն այն է, թե անձնագրերը վերջացել են եւ նոր խմբաքանակը չի ստացվել, մեկն էլ՝ «անձնագրեր ստանալու ժամկետն ավարտվել է»։

Հատկապես վերջին դեպքում քաղաքացիներից պահանջել են վճարել սահմանված տուգանքը։ Այցելեցինք վերը նշված թաղամասերի անձնագրային բաժիններ՝ տեղեկություններ ստանալու ակնկալիքով։ Թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում հարցազրույց տալուց հրաժարվեցին՝ պարզաբանելով, որ մենք պետք է համապատասխան թույլտվություն ստանանք ՆԳՆ լրատվական կենտրոնից։

Այսուհանդերձ, Կենտրոն համայնքի անձնագրային բաժնում կցկտուր պարզաբանումներ եղան՝ «անձնագիր չտալու պատճառը՝ համակարգիչների անսարք վիճակն է։ Հիմա դրանք նորոգվել են եւ քաղաքացիներն առանց որեւէ լրացուցիչ խոչընդոտի եւ տուգանք մուծելու կարող են նոր անձնագրեր ստանալ»։ Նոր Նորքի անձնագրային վարչությունում էլ պատճառաբանեցին. «Անձնագրերը վերջացել են… սպասում ենք նորերին եւ նոր անձնագիր ստանալու հետ կապված դժվարությունները կարող են շարունակվել դեռ մինչեւ Նոր տարի»։

Թե դեռ որքան պետք է սպասեն քաղաքացիները նոր անձնագրերի խմբաքանակը ստանալուն՝ հայտնի չէ։ Իսկ ՕՎԻՐ-ում հրաժարվեցին պատասխանել մեր հարցադրումներին։

ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031